«Բախտավոր» թվերի մոգական ո՞ւժը. տարվա «գոլդ» օրը հազվադեպ հաղթանակ է պարգևում Հայաստանի ֆուտբոլի հավաքականին

«Բախտավոր» թվերի մոգական ո՞ւժը. տարվա «գոլդ» օրը հազվադեպ հաղթանակ է պարգևում Հայաստանի ֆուտբոլի հավաքականին


Հայաստանն անսպասելիորեն հաղթեց Բելգիայի հավաքականին

Ավելի քան երկու տարվա ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց պաշտոնական խաղում: Գուցե պատահականությամբ, սակայն հազվադեպ հաղթանակը եկավ հազվադեպ օր` 09.09.09: (Թվերի կրկնությունը ոմանք համարում են հաջողության նշան: Չորեքշաբթի արտասովոր շատ էին հարսանիքները, որոնք Հայաստանում սովորաբար տեղի են ունենում շաբաթավերջին:)

Չորեքշաբթի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի որակավորման փուլի Բելգիայի հավաքականի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպման ամեն խաղակեսում մեկական գոլ խփելով (հարձակվող Հովհաննես Գոհարյանը` 23-րդ րոպեին և փորձառու պաշտպան Սարգիս Հովսեփյանը` 51-րդ րոպեին)` իր խաղը նկատելիորեն բարելաված Հայաստանի հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը 2007 թ. հունիսի 6-ից հետո, երբ հայ ֆուտբոլիստները դեռևս Եվրո-2008-ի որակավորման խաղում շոտլանդացի մարզիչ Իըն Փորթերֆիլդի ղեկավարությամբ պարտության մատնեցին Լեհաստանի հավաքականին:

Այդ տարվա սեպտեմբերին վախճանված Փորթերֆիլդից հետո Հայաստանի հավաքականը երկու գլխավոր մարզիչ փոխեց` այդպես էլ չկարողանալով հաղթանակ տոնել Աշխարհի գավաթի 2010 թ. խաղարկության որակավորման փուլում` կրելով վեց պարտություն և մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:

Բելգիայի հավաքականի հետ խաղում 2:1 հաշվով նվաճված հաղթանակին (Կարմիր սատանաներին հաջողվեց մխիթարական գոլ խփել խաղի բառացիորեն վերջին վայրկյաններին) նախորդած չորս օրերին հայ ֆուտբոլասերների շարքերում համատարած հիասթափություն էր տիրում, քանի որ երիտասարդ մարզիչ Վարդան Մինասյանի սաները տանը 0:2 հաշվով զիջել էին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին: Անցյալ շաբաթ օրվա խաղի արդյունքից խորապես հիասթափված ֆուտբոլասերների մեծ խմբեր Հանրապետակամ մարզադաշտում վանկարկում էին «Ամոթ, ամոթ» և պահանջում էին ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը` նրան մեղադրելով թիմի վատ խաղի և վատ արդյունքների համար: Շաբաթ օրվա խաղի ժամանակ անվտանգության ծառայության աշխատակիցները մի պահ փորձեցին ուժով խլել ֆուտբոլասերներից «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ ցուցապաստառը: Դա հանգեցրեց քաշքշուկի ֆուտբոլասերների ու ոստիկանության միջև:

Ուստի զարմանալի չէ, որ շատերը որոշել էին բոյկոտել սեպտեմբերի 9-ի հանդիպումը, որին սկզբից նկատելիորեն քիչ մարզասերներ էին ներկա, քան սովորաբար լինում են Հայաստանի խաղերին: Սակայն մարզասերների թիվը զգալիորեն ավելացավ, երբ քաղաքում սկսեցին «անհավանական» լուրեր տարածվել , որ Հայաստանը «վերջապես գոլ է խփել և հասուն խաղ է ցուցադրում»:

Չնայած վերջին հաղթանակին` Հայաստանի հավաքականը շարունակում է եզրափակել իր որակավորման խմբի աղյուսակը, որում ընդգրկված վեց հավաքականների թվում են նաև Իսպանիան, Թուրքիան և Էստոնիան: Ներկա ընտրական փուլում Հայաստանն արձանագրել է մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի և վեց պարտություն:

Հայաստանը ևս մեկ խաղ կանցկացնի տանը` հոկտեմբերի 10-ին հյուրընկալելով Իսպանիայի հավաքականին, ապա կմեկնի Թուրքիա` հոկտեմբերի 14-ին ընտրաշրջանի եզրափակիչ խաղն այդ երկրի հավաքականի հետ անցկացնելու:
ԱրմենիաՆաուի էջերում