Ֆուլ կոնտակտ. Հայաստանը հյուրընկալում է երիտասարդ ադրբեջանցի ձյուդոիստներին

ԽՍՀՄ փլուզումից և երկու հարևան պետությունների միջև արյունալի պատերազմից հետո առաջին անգամ Հայաստանը հյուրընկալում է մարզական պատվիրակություն իր տարածաշրջանային ախոյան և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում «թշնամական կողմ» Ադրբեջանից:

Արդեն մի քանի օր Երևանում է գտնվում Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը` սեպտեմբերի 11-13-ին ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մասնակցելու նպատակով:

Ադրբեջանի 15 հոգանոց պատվիրակությունը ժամանել է Թբիլիսիից երեքշաբթի երեկոյան և իջևանել Երևանի կենտրոնում գտնվող «Կոնգրես» հյուրանոցում: Հյուրընկալողներն անվտանգության խիստ են միջոցներ են ձեռնարկել:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «ԱրմենիաՆաուին» հայտնեցին, որ Ադրբեջանի պատվիրակության անվտանգությունն ապահովում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, և որ Ադրբեջանի պատվիրակությունը «գոհ է ամեն ինչից»:

Դեռ չորեքշաբթի Ադրբեջանի հավաքականի մարզիչ Ագայար Ախունդզադեն հայտնել էր ադրբեջանական լրատվամիջոցներին, որ կարիք չկա անհանգստանալու Երևանում իրենց անվտանգության համար, որը, նրա բնորոշմամբ, ապահովվում է «բարձր մակարդակով»:

Այդուհանդերձ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հարկադրված էր հերքել ադրբեջանական «ANS-Press» գործակալության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե այն միկրոավտոբուսի վրա, որով ադրբեջանցի մարզիկները մեկնել են մարզումների, եղել են Վրաստանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշները, և միայն ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլշադ Ալեքպերլիի պահանջից հետո են դրոշները հանվել:

«Ոչ մի նման միջադեպ չի եղել, այդ ամենը սադրանք է»,- «ԱրմենիաՆաուին» ասաց ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչ Հայկուհի Աղասինյանը:

Սակայն նա չմանրամասնեց, թե ի՞նչ ծրագիր է նախատեսվում ադրբեջանցիների համար Երևանում, կամ արդյոք նրանք հանդիպելո՞ւ են տեղի լրագրողների հետ:
«Նման մանրամասներ չգիտենք, ադրբեջանցի մասնակիցներն ունեն թարգմանիչներ և, կարծում եմ, եթե ցանկանան, կարող են նրանց օգնությամբ շրջել Երևանում»,- ասաց Աղասինյանը:

Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ու Հայաստանի սպորտի նախարարները ստորագրել են հուշագիր, որով հայկական կողմը երաշխավորել է ադրբեջանցի մարզիկների և պատվիրակության անդամների անվտանգությունը Հայաստան կատարած այցի ընթացքում:

Հայկական կողմը նաև պարտավորվել է բնականոն պայմաններ ապահովել ադրբեջանցի մարզիկների մարզումների ու ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից միջոցառումը լուսաբանելու համար, որոնք կանցկացվեն «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում:

Երևանյան առաջնությանը կմասնակցեն 40 երկրների շուրջ 300 մարզիկներ: Կողմերը եկել են համաձայնության, որ այս եվրոպական պետությունների դրոշների շարքում կբարձրացվի նաև Ադրբեջանի դրոշը, իսկ ադրբեջանցի ձյուդոիստի հաղթանակի դեպքում կհնչի Ադրբեջանի օրհներգը:

2007 թ. Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում էր Հայաստանի 15-հոգանոց պատվիրակությունը: Այն ժամանակ Բաքվում բարձրացվել էր Հայաստանի դրոշը, որը բարձրացվել էր նաև մրցանակների հանձնման արարողության ժամանակ` բրոնզե մեդալ նվաճած հայ ըմբիշի պատվին:

Երևան ժամանած Ադրբեջանի պատվիրակության կազմում ընդգրկված են 5 մարզիկ, 3 մարզիչ, 2 բժիշկ, 2 լրագրող, 1 մրցավար և պատվիրակության 2 ղեկավար: Հաղորդվում է, որ բոլոր հինգ ադրբեջանցի մարզիկները խոստացել են երևանյան առաջնությունում ոսկե մեդալ նվաճել, որպեսզի բարձրացվի իրենց ազգային դրոշը, ու հնչի ազգային օրհներգը:

Մինչդեռ շատ երևանցիներ, ինչպես, օրինակ` ուսանողուհի Սոնա Խաչատուրյանը, նույնիսկ տեղյակ չէին, որ մայրաքաղաքում հյուրընկալվում են 15 ադրբեջանցիներ: Իսկ նրանք, ովքեր տեղյակ էին, բավական դրական գնահատեցին այցը:

Արցախյան պատերազմի ազատամարտիկ Լևոն Մանվելյանը, օրինակ, կարծում է, որ այս այցը կարող է իրական մերձեցման սկիզբ դառնալ երկու երկրների ժողովուրդների միջև, որոնք փաստացիորեն գտնվում են պատերազմի մեջ` չնայած 1994-ի զինադադարի և ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրին:

«Սպորտը սահմաններ չի ճանաչում,- ասում է Մանվելյանը: - Նույնիսկ ռազմական Սպարտայում դադարեցնում էին պատերազմները` մարզական խաղերի համար: Ադրբեջանցիների այցն ապացուցում է, որ մենք կարող ենք շփման եզրեր ունենալ»:
ԱրմենիաՆաուի էջերում