Չախալյանի դատավարությունը. Թբիլիսին մեղադրվում է հայ ակտիվիստի աղմկահարույց «գործը ձգձգելու» մեջ

Չախալյանի դատավարությունը. Թբիլիսին մեղադրվում է հայ ակտիվիստի աղմկահարույց «գործը ձգձգելու» մեջ


Չախալյանի հայրը` Ռուբեն Չախալյանը (ձախից) և դատախազ Իրակլի Բարձիմաձեն

Ոսկանյանը պնդում էր, որ մեղադրանքները շինծու էին
Երկարատև ազատազրկման դատապարտված վրացահայ ակտիվիստի ընտանիքն ու կողմնակիցները մեղադրում են Վրաստանի դատարանին ու դատախազությանը գործի քննությունը վերաքննիչ դատարանում «ձգձգելու» համար և կոչ են անում Հայաստանին ու տեղի ստվարաթիվ հայ համայնքին ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ գործին:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը հոր և անչափահաս եղբոր հետ ձերբակալվել էր 2008 թ. հուլիսին` Ախալքալաքի (Հարավային Վրաստանում գտնվող հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքի շրջանի կենտրոն) ոստիկանության պետի տան մոտ կատարված ավտոպայթյունից հետո:

Ապրիլին դատարանը Չախալյանին մեղավոր ճանաչեց Վրաստանի քրօրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում` «զենք ու զինամթերք ձեռք բերելու և պահելու», «հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու», «ոստիկանին ցույց տված խմբակային դիմադրության և խուլիգանության» մեջ, և դատապարտեց 10 տարվա ազատազրկման:

Չախալյանն այդ ամբողջ ընթացքում հայտարարել է իր անմեղության մասին` պնդելով, որ իրեն հետապնդում են իր քաղաքական գործունեության և Վրաստանի հայ փոքրամասնության շահերը պաշտպանելու համար: Նրա փաստաբանները բողոքարկել են դատավճիռը, և վերաքննիչ դատարանում նրա գործի քննությունը սկսվել է այս տարվա հուլիսին:

Ուրբաթ Չախալյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրին վերաքննիչ դատարանին` հետաձգել իրենց պաշտպանյալի գործի քննությունը, որպեսզի փորձագետները հնարավորություն ունենան զենքերի հարցով կարևորագույն փորձաքննություն անցկացնել: Փաստաբանների պնդմամբ` այդ փորձաքննությունը պետք է կատարված լիներ, և արդյունքները պետք է դատարանին ներկայացվեին հուլիսի 27-ին տեղի ունեցած առաջին նիստի և սեպտեմբերի 18-ին նախատեսված հաջորդ նիստի միջև ընկած ժամանակահատվածում, սակայն մյուս երկու փորձաքննության համար անհրաժեշտ նյութերը տրամադրվել էին միայն սեպտեմբերին, ինչը ժամանակի առումով բավական չէր փորձաքննություն իրականացնելու համար:

Դատարանում այս բացթողումը պատճառաբանեցին այսպես` «մարդ չեն գտել զենքը տեղափոխելու համար», իսկ դատախազ Իրակլի Բարձիմաձեն խոստացավ «այդ հարցը լուծել 5 օրվա ընթացքում»:

«Մենք չենք հավատում որևէ փոփոխության: Ինչպես միշտ, ամեն ինչ ձգձգում են, և սցենարն էլ արդեն գրված է: Սրա վերջը Եվրոպական դատարանն է»,- «ԱրմենիաՆաուի» թղթակցին Թբիլիսիում ասաց Չախալյանի մայրը` Գայանե Չախալյանը (Չախալյանի հորն ու եղբորը ազատ էին արձակել` տուգանելով մոտ 4250 դոլար):

Պաշտպան Ստեփան Ոսկանյանը պնդում է, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքները, որոնց հիման վրա նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, շինծու են:

Նրա խոսքով` պայթյունից հետո Չախալյանի բնակարանում գտնված զենքերը բերել են իրենք` ոստիկանության «հատուկջոկատայինները»: Նա հերքում է, որպես շինծու, նաև մյուս մեղադրանքները և պնդում, որ Վրաստանի իշխանությունները միտումնավոր գործը քննում են մայրաքաղաք Թբիլիսիում` «լարվածությունը պահպանելու համար»:

«Այլ կերպ, քան քաղաքական հետապնդում վրացական իշխանությունների կողմից` այս արարքները հնարավոր չէ որակել: Դա սկսվել է դեռ 2000-ին` նրա ընտանիքի անդամների նկատմամբ մահափորձերի տեսքով և իր գագաթնակետին հասել այժմ»,- հայտարարեց Ոսկանյանը:

Ի տարբերություն Երևանի, որտեղ Վրաստանի դեսպանության առջև ջավախահայ ակտիվիստներն ու Չախալյանի կողմնակիցները մի քանի բողոցի ցույց են կազմակերպել իրենց կարծիքով` Վրաստանի դատական անարդարությունների դեմ, Վրաստանի մայրաքաղաքի դատարանում կամ դրա շրջակայքում ոչ մի բողոքավոր չես տեսնի:

Հայաստանի փաստաբանների պալատի եվրոպական հարցերով խորհրդական Րաֆֆի-Ֆիլիպ Գալֆայանը, որը պատրաստվում է սփյուռքի միջոցով Չախալյանի գործով լոբբինգ անել միջազգային ասպարեզում, զարմանք է հայտնում, որ «Հայաստանն ու վրացահայ համայնքը լռում են»:

«Զարմանում եմ, թե ինչպես են նույն դատարանում բազմաթիվ խախտումներ կատարվում ու անտեսվում,- ասում է ֆրանսահայ փաստաբանը: - Ինչո՞ւ պետք է բոլորը վրացերեն խոսեն, և երկար ժամանակ չթարգմանեն` իմանալով հանդերձ, որ այդ լեզուն անհասկանալի է Չախալյաններին»:

Չախալյանի գործի քննությունը վերաքննիչ դատարանում ընթանում է հայ-վրացական սահմանում լարվածության աճի ֆոնի վրա, որտեղ մի քանի գյուղեր սահմանագծման շարունակվող գործընթացի պատճառով հայտնվել են վիճահարույց իրավիճակում: Հայաստանը վաղուց է հետամուտ Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը հայ մեծամասնություն կազմող Ջավախքի նահանգում, սակայն միշտ էլ ձեռնպահ է մնացել վրացահայ կամ հայաստանյան շրջանակների անջատողական տրամադրություններին սատարելուց: Մինչդեռ Ջավախքի հայությունը մեղադրում է Թբիլիսիին` տարածաշրջանի ազգային կազմն արհեստականորեն փոփոխելու միտումնավոր փորձերի մեջ և ավելի մեծ ինքնավարություն է պահանջում:

Չախալյանի գործը Հայաստանի ու Ջավախքի ջատագովական խմբերի կողմից դիտվում է որպես այդ անհանգիստ տարածաշրջանում դժգոհությունը ճնշելու Թբիլիսիի ենթադրյալ փորձերի լակմուսի թուղթ:

Չախալյանի փաստաբան Ոսկանյանի կարծիքով` եթե Թբիլիսիի իշխանությունները երբևէ որոշեն ազատ արձակել իր պաշտպանյալին, ապա կպահանջեն նրանից չզբաղվել քաղաքական գործունեությամբ:

Չախալյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 23-ին:

Իսկ Հայաստանում այս հարցը շարունակում է բարձրացնել «Երկիր» հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների միությունը:
ԱրմենիաՆաուի էջերում