Ապագան նարնջագույն է. ակնկալվում է, որ բջջային հեռախոսակապի ֆրանսիական օպերատորը կաշխուժացնի մրցակցությունը հայկական շուկայում

Տարեվերջին Հայաստանի բջջային հեռախոսակապի շուկայում իր գործունեությունը կսկսի երրորդ` ֆրանսիական օպերատորը: Ակնկալվում է, որ հեռահաղորդակցության ոլորտում Եվրոպայի խոշորագույն ընկերություններից մեկի մուտքը Հայաստան կխթանի մրցակցությունը գործող օպերատորների միջև և, ի վերջո, կհանգեցնի ավելի էժան և որակյալ ծառայությունների:

«Օրանժ-Արմենիայի» ներկայացուցիչները չեն նշում, թե կոնկրետ երբ են սկսելու իրենց գործունեությունը, սակայն հավատացնում են, որ մինչև տարեվերջ Հայաստանն անպայման կունենա իր երրորդ բջջային օպերատորը:

«Ֆրանս Տելեկոմ» ընկերության կազմի մեջ մտնող «Օրանժը» անցյալ տարվա հոկտեմբերին շահեց միջազգային տենդերը և դարձավ բջջային կապի երրորդ օպերատորը Հայաստանում: Ընկերությունը 50 միլիոն եվրո վճարեց արտոնագրի համար` դառնալով Ռուսաստանի երկու խոշորագույն օպերատորների` «Բիլայնի» և «ՄՏՍ»-ի մրցակիցը:

«Օրանժը» «Ֆրանս Տելեկոմի» հիմնական բրենդն է, որ բջջային կապ և ինտերնետ ծառայություններ է մատուցում: Հունիսի 30-ի դրությամբ` ընկերությունը 186 միլիոն հաճախորդ ուներ աշխարհի 32 երկրներում: Ընկերության 2008 թ. եկամուտը կազմել է 53,5 միլիարդ եվրո (2009-ի առաջին կիսամյակում` 25,5 միլիարդ եվրո):

«Օրանժ-Արմենիայի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասաց, որ չի կարող մանրամասնել, թե ինչ նոր ծառայություններ է մատուցելու ընկերությունը` որակելով դա «առևտրային գաղտնիք»:

«Սակայն կարող եմ ասել, որ բավական հետաքրքիր առաջարկներ ենք ունենալու թե բջջային կապի, թե ինտերնետի ոլորտում»,- ասաց Մարտիրոսյանը:

Մինչև տարեվերջ «Ֆրանս Տելեկոմը» նախատեսում է 81 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում:

«Գումարի 60 տոկոսն արդեն ներդրվել է»,- տեղեկացրեց ընկերության հանրային կապերի պատասխանատուն:

Ավելի վաղ` Փարիզում հայ լրագրողներին տված հարցազրույցում «Ֆրանս Տելեկոմի» փոխնախագահ Օլաֆ Սուանտին վստահություն էր հայտնել, որ լայնաշերտ ինտերնետի ոլորտում իր ընկերությունն առաջատար կլինի Հայաստանում (սեպտեմբերի 19-ին «Օրանժ-Արմենիան» կազմակերպել էր հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Փարիզ` «Ֆրանս Տելեկոմի» կենտրոնակայան):

«Իսկ, ընդհանրապես, բավական արագ մենք կդառնանք երկրորդ օպերատորը: Կարծում եմ, սակայն, որ ամենակարևորն այն չէ` կլինենք առաջի՞նը, թե՞ երկրորդը. կարևորն այն է, որ «Օրանժը» դառնա ամենասիրված բրենդը»,- ասել է ընկերության փոխնախագահը:

«Օրանժ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նույնպես ասում է, որ հնարավոր է` «Օրանժն» առաջարկի ծառայություններ, որ մինչև այժմ չեն եղել Հայաստանում: Դյութուան ասում է, որ իրենք առաջարկելու են «հետաքրքիր գներ», սակայն որևէ պատճառ չի տեսնում, որ «Օրանժի» պես օպերատորը շուկայում գների դեմփինգ իրականացնի։

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ողջունում է երրորդ օպերատորի մուտքը Հայաստան և հայտարարում, որ իրենք պատրաստ են առողջ մրցակցության նոր գործընկերոջ հետ։ Յիրիկյանն ասում է, որ Հայաստանի շուկայում տեղ կա երրորդ, նույնիսկ չորրորդ օպերատորի համար` հաշվի առնելով բաժանորդների յուրահատկությունը:

«Չմոռանանք, որ մենք՝ հայերս, մի քիչ թիթիզ ժողովուրդ ենք, ուզում ենք մի քանի տարբեր համարներ ունենալ՝ տարբեր կոդերով: Ուրեմն՝ տեղ կա»,- ասում է Յիրիկյանը:

«ՎիմպելԿոմ» («Բիլայնի» սեփականատերը) ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տորբախովը, ով սեպտեմբերի 21-22-ին գտնվում էր Հայաստանում, տեղի «Կապիտալ» բիզնես օրաթերթին ասել է, որ ընկերությունը մրցակցային շեշտադրումները կատարելու է ծառայությունների որակի և դիստրիբուցիայի վրա:

«ՎիմպելԿոմը» երբեք չի եղել ընկերություն, որը մատուցում է ցածր որակ ցածր գնով։ Մենք միշտ ձգտում ենք առավելագույն որակյալ ծառայություններ մատուցել տնտեսապես արդարացված ցածր գնով»,- շեշտել է նա։
ԱրմենիաՆաուի էջերում