Րաֆֆի Հովհաննիսյանը` արձանագրությունների մասին. Թուրքիա-Հայաստան և ցեղասպանության «հունձքը»Ցավոք, արևմտյան մայրաքաղաքների բարեկեցությունը խարսխված է էներգետիկ ուղիների, աշխարհաքաղաքականության և Թուրքիայի համար` որպես տարածաշրջանային տերության և Եվրախորհրդի անդամակցության հավակնորդի: ճանապարհը հեշտացնելու վրա: Այն անտեսում է գործարքի աղետաբեր կողմերը: Իհարկե, Հայաստանը երկար ժամանակ ցանկացել է, որ վերջ տրվի Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը, սահմանը բացվի և առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ: Այսպիսին է նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշումը: Այս մոտեցումը թույլ է տալիս ենթադրել, որ հայ-թուրքական հարաբերությունները բազմանիստ են և կրում են Հայոց ցեղասպանության ծանր բեռը: Սահմանները բացելուց, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց և երկու ժողովուրդների շփումներից առաջ Թուրքիան և Հայաստանը նախ պետք է լուծեն անցյալից ժառանգություն մնացած այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ռազմատուգանքները և իրավունքների վերականգնումըը (ռեպարացիա և ռեստիտուցիա) և թե որքան ժամանակ Թուրքիան պետք է վայելի ցեղասպանության պտուղները: Առաջարկված արձանագրությունները, սակայն, կծառայեն` բավարարելու Թուրքիայի երկու վաղեմի նախապայմանները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: Առաջին` կասեցնել Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչման գործընթացը: Երկրորդ` վերահաստատել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը` ցրելով այդ խնդրի գլխին կուտակված «իրավաբանական» սև ամպերը: Այս սահմանը, որը Թուրքիայի շրջափակման պայմաններում փակ է և վերջին փակ սահմանն է Եվրոպայում, չունի իրավական կարգավիճակ: Սա Թուրքիայի համար կարևոր խնդիր է: Արձանագրությունների մասին հաղորդագրության տարածումից հետո Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ ներկայիս սահմանի ճանաչումն առաջարկված համաձայնությունների հիմնական կետերից է, առանց որի «մենք չենք կարող խոսել հարևան լինելու մասին»: Միջազգային իրավունքի շրջանակներում իր պարտավորությունները Հայաստանի վրա բարդելով` Թուրքիան փորձում է մեկուսացնել Հայաստանին և ժխտել ցեղասպանությունը, որի ընթացքում 1,5 մլն հայ սպանվեց, իսկ փրկվածները տեղահանվեցին իրենց 3000-ամյա հայրենիքից: Թուրքիան, օգտագործելով իր ռազմավարական և տնտեսական հզորությունը, փորձում է ձեռք բերել Ամերիկայի և Եվրոպայի աջակցությունն այս նախաձեռնություններում: Առաջարկված արձանագրությունների վիրավորական դրույթներն այս գործընթացի մասն են: Հայաստանը փոքր է, չունի ելք դեպի ծով և խոցելի է: Նախկինում այն ընդդիմացել է Թուրքիայի` հարաբերությունների կարգավորման նախապայմաններին: Սակայն ընտրություններից հետո, որոնք ուղեկցվեցին կեղծիքներով և քաղաքական բռնություններով, Հայաստանի ներկայիս վարչակազմը տեղի տվեց այս խնդրի շուրջ Թուրքիայի, Եվրոպայի և Ամերիկայի ճնշմանը: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության նախապատմությունը` վրդովեցուցիչ է, որ Ամերիկան և Եվրոպան` նախապայմաններին դեմ լինելու փոխարեն օժանդակում են դրանց: Ցեղասպանությունից հետո նախագահ Վուդրո Վիլսոնը վճռեց և ԱՄՆ նախագահի կնիքով վավերացրեց Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը: Սա հայ-թուրքական սահմանի միակ պարտադիր ուժ ունեցող սահմանագծումն է` ըստ ինքնիշխան և անկախ Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված պայմանագրի: Չնայած դե յուրե սահմանը և այս տարածքները Հայաստանին հատկացնելը շարունակում է իրավական առումով ուժ ունենալ, 1920 թ. քեմալական Թուրքիայի և բոլշևիկների ներխուժման հետևանքով Հայաստան` այս հողերը հանձնվեցին Թուրքիային, և հանգեցրին ներկայումս գոյություն ունեցող դե ֆակտո սահմանին: Ամենացավալին այն է, որ էներգետիկ և տրանսպորտային ուղիների մեծ մասը, որոնք Թուրքիայի հարաճուն հզորության աղբյուրն են, անցնում են այս տարածքներով, որտեղ նաև իրականացվել է Հայոց ցեղասպանությունը: Այս տարածքներով են անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և դրան զուգահեռ` Հարավային Կովկասի գազամուղը: Այստեղով է անցնելու նաև նախատեսվող «Նաբուկո» գազամուղը: Այս տարածքները և նախագծերը, որոնք կենսական կարևորություն ունեն Թուրքիայի համար, որը փորձում է դառնալ միջազգային էներգետիկ կենտրոն, ցեղասպանության պտուղներն են: Մինչդեռ Հայաստանը չի վայելում իր քաղաքական և տնտեսական առավելություններից և ոչ մեկը: Ցավոք, հայերի նկատմամբ անթաքույց ատելությունը Թուրքիայում ամենուր է` պաշտոնական և կիսապաշտոնական լրատվամիջոցներում, պետական դպրոցական համակարգում, դրսևորվում է պետության արտոնած խտրականության մեջ և պետական կառույցներում ու դրանցից դուրս: Իհարկե, այս ատելության գագաթնակետը ցեղասպանության ժխտումն է, որը, ըստ ցեղասպանության խնդրով զբաղվող գիտնականների, ցեղասպանության վերջին փուլն է: Սակայն հիշենք Թուրքիայի պաշտպանության նախարարին, որը հռետորական հարց է տալիս, թե արդյոք ներկայիս թուրքական պետությունը գոյություն կունենա՞ր առանց հայ բնակչության ոչնչացման: Կամ էլ` Թուրքիայի նախագահին, որը մեղադրում է թուրք ընդդիմադիր պատգամավորին զրպարտության մեջ` ենթադրելով, թե նախագահը հայկական արմատներ ունի: Հիշենք թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը կամ Թուրքիայում «ընդհատակյա պետություն» համարվող ծայրահեղ ազգայնական «Էրգենեկոն» կազմակերպության ծրագրած հարձակումները Թուրքիայի հայ համայնքի ղեկավարների վրա: Թուրք ազգայնական գաղափարախոսության մեջ հայերին որպես հրեշ ներկայացնելով, ցեղասպանության ժխտման պաշտոնական քաղաքականությամբ և վերածնված Հայաստանի նկատմամբ Անկարայի ապացուցված թշնամանքի պայմաններում, երբ Արևմուտքն ակտիվորեն չի ընդդիմանում, Թուրքիայի այս նախապայմանները յուրաքանչյուրին մտածելու տեղի պետք է տա: Հայոց ցեղասպանության ձգձգվող խնդիրը մարտահրավեր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի համար: Այն մարտահրավեր է նաև Եվրոպայի և Ամերիկայի համար: Արևմուտքը, չնայած Թուրքիայի հարաճուն հզորությանը և ազդեցությանը, պետք է հորդորի Թուրքիային ստանձնել Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը, չպետք է օժանդակի Թուրքիային, որ վերջինս ստիպի Հայաստանին համաձայնել նախապայմաններին, որոնք նվաստացնում են տուժած կողմին և կասկածի տակ դնում Հայաստանի և Թուրքիայի միջև հետագայում իրական հաշտեցման գործընթացի հնարավորությունը: Ի վերջո, թուրք-հայկական երկխոսությունը պետք է անդրադառնա երկու կնճռոտ հարցի. առաջին`դեռ որքան պետք է Թուրքիան շարունակի վայելել ցեղասպանության պտուղները, և երկրորդ` Հայաստանի հետ ընդհանուր սահմանի արդարացիությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը:
Other Articles in Կարծիք
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 38 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.