Սա Հայաստանն է. «Այստեղ» ֆիլմի նկարահանումները մարտահրավեր ու ոգեշնչում էին օտարերկրացի կինոգործիչների համար
«Այստեղ» ֆիլմի հերոսները ճամփորդում են Հայաստանով ու հիանում նրա սքանչելի բնաշխարհով «Այստեղ» ֆիլմը պատմում է ԱՄՆ-ից Հայաստան եկած արբանյակային քարտեզագրությամբ զբաղվող ինժեներ Ուիլ Շեփարդի մասին: Աշխատանքի բերումով նա ծանոթանում է հայ լուսանկարչուհի Կատարինե Նաջարյանի հետ, որը նոր է վերադարձել հայրենիք` երկար տարիներ Կանադայում ու Եվրոպայում ապրելուց հետո: Ֆիլմի համառոտագիրն ասում է. «Ուիլն ու Կատարինեն միասին ճամփորդում են Հայաստանով` հիանալով երկրի յուրահատուկ բնաշխարհով, լուսանկարելով, չափագրումներ կատարելով և զգալով երկիրն ու, ի վերջո, տեսնելով այն միմյանց աչքերով: Նրանք կտրում-անցնում են ամբողջ երկիրը` հյուսիսում գտնվող Լոռուց մինչև Իրանի սահմանը հարավում` վերջում այցելելով նաև միջազգային հանրության կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղ: Հենց այստեղ էլ նրանք ստիպված են լինում հաշվի նստել իրենց խորացող հարաբերությունների հետ և պատասխան գտնել ծագած դժվարին հարցերին»: Ուիլի դերը կատարում է դերասան Բեն Ֆոսթերը, որն անցյալ տարի նկարահանված «3:10` դեպի Յումա» ֆիլմի Ռասսել Քրոուի խաղընկերն էր, ինչպես նաև կատարել է գլխավոր դերերից մեկը «X մարդիկ-3» ֆիլմում: Կարելի է նշել նաև 2006 թ. «Ալֆա շունը» անսովոր ֆիլմում (որտեղ նա Ջասթին Թիմբերլեյքի խաղընկերն էր) նրա կերտած սարսափազդու և անհավասարակշիռ թմրամոլի հիշվող կերպարը: Կատարինեի դերակատարը Ֆրանսիայում ապրող Լուբնա Ազաբալն է, որն արդեն խաղացել է 15 ֆիլմերում, այդ թվում` Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին («Օսկար») առաջադրված «Դրախտ` հիմա» ֆիլմում: Նա նաև կատարել է գլխավոր կանացի դերը ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանի «Արամ» ֆիլմում: Երկու դերասաններն էլ մինչև «Այստեղ» ֆիլմի նկարահանումները, որոնք սկսվեցին հուլիսին և տևեցին մոտ երկու ամիս, Հայաստանում չէին եղել: Ազաբալը, որը ծագումով մարոկկացի է և խոսում է ֆրանսերեն, արաբերեն, իսպաներեն, հոլանդերեն ու անգլերեն, ասաց, որ իր համար ամենամեծ դժվարությունը բավականաչափ հայերեն սովորելն էր` կերպարը հավաստի դարձնելու համար: Խնդիրն այնքան բարդ դուրս եկավ, որ սկզբում նա նույնիսկ լաց եղավ: «Ես մտածում էի` ո՞նց եմ հայերեն խոսելու,- ասաց Ազաբալը նկարահանումների վերջին օրը` սեպտեմբերի սկզբին: - Բոլորովին չէի զգում լեզուն, իսկական մղձավանջ էր»: Ազաբալն աշխատում էր հայերենի ուսուցչի հետ, իր հայերեն խոսքը ներբեռնել էր Ipod-ի վրա և շարունակ լսում էր, մինչև կարողացավ գոնե հնչողությամբ ընկալել իր տողերը: (Ֆիլմն անգլերեն է, սակայն Կատարինեն իր ընտանիքի և մի քանի հերոսների հետ հայերեն է խոսում:) «Այստեղ»-ի նյույորքցի սցենարի հեղինակ ու ռեժիսոր Բրեյդեն Քինգի խոսքով` «ֆիլմը ճանապարհային» է, գրեթե ամեն օր նկարահանումները տեղափոխվում էին նոր վայր, ինչը հոգնեցուցիչ փորձություն էր 38 մարդուց բաղկացած նկարահանող խմբի համար, որի մոտ կեսը հայ էր, իսկ մյուս կեսը` տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: «Մենք գիտեինք, որ հավակնոտ խնդիր ենք դրել մեր առջև,- ասաց ֆիլմի պրոդյուսեր Լարս Կնուդսենը: - Չէ՞ որ մենք ճամփորդում էինք ամբողջ երկրով, 12 մեքենայով, նկարահանող խմբով, որի կազմում 5-6 ազգությունների ներկայացուցիչներ էին, դեպի այնպիսի վայրեր, որտեղ մարդիկ երբեք չէին տեսել ոչ նկարահանումներ, ոչ էլ, թերևս, որևէ օտարերկրացու…»: Կնուդսենի խոսքով` այդ փորձը պատկառանք էր ներշնչում, և ինքն ու նկարահանող խմբի մյուս անդամները հաճախ սկսում էին փիլիսոփայորեն ընկալել կատարվածը, հատկապես երբ նկարահանումները հետաձգվեցին երեք շաբաթով` կապված սարքավորման ներմուծման և բյուրոկրատական տարբեր մակարդակի արգելքների հաղթահարման հետ: «Ամեն անգամ, երբ ինչ-որ բան էր լինում, մենք գրկաբաց ընդունում էինք դա ու պարզապես ասում` դա ինչ-որ պատճառ ունի: Եվ այն, ինչ վատ էր սկսվում, լավ էր վերջանում»,- ասաց պրոդյուսերը: «ԱրմենիաՆաուին» միմյանցից անկախ հարցազրույց տված դերասանները, պրոդյուսերն ու սցենարի հեղինակը բարձր գնահատեցին հասարակ մարդկանց ցույց տված ընդունելությունը: Քինգը, որն առաջին անգամ Հայաստան էր այցելել 2004-ին, ասաց, որ «նկարահանող խմբի բոլոր անդամների համար սա շատ հուզիչ փորձ էր»: Իսկ Ազաբալն ասաց, որ իր համար Հայաստանը «պոետիկ» է: Սակայն Կնուդսենն ու Ֆոսթերը Հայաստանից ավելի շատ բան տարան, քան մյուսները: Հայաստանում անցկացրած վերջին օրերին նրանք, նկարահանող խմբի մի քանի այլ անդամների հետ, այցելեցին դաջվածքի սրահ: Երբ այնտեղից դուրս եկան, Կնուդսենի աջ բազուկի ներսի կողմում հայերեն դաջվածք էր` «Սա Հայաստանն է», իսկ Ֆոսթերի աջ ձեռքին` նույն արտահայտության առաջին տառերը հայերեն: Ֆոսթերը բացատրում է, որ այդ արտահայտությունը դարձել էր բոլորի բերանի խոսքը: Դրանց հեղինակը հայաստանցի Զաք Վալադյանն էր, որը, Ֆոսթերի խոսքով, «ջրի երեսին էր պահում իրենց նավակը»: «Ամեն անգամ, երբ մենք հուսահատվում էինք, քանի որ ինչ-որ բան մեր ուզած ձևով չէր ստացվում, Զաքը պարզապես ասում էր` «Սա Հայաստանն է, սիրելիս, սա Հայաստանն է»: Մարոկկացի դերասանուհու հավաստմամբ` նա շատ ծանոթ բաներ էր գտել հայկական ընտանեկան սովորույթներում: Իսկ արդեն վերադարձի պատրաստվող ամերիկացի դերասանը դեռ շարունակում էր ի մի բերել իր տպավորությունները: «Այս երկիրը չես կարող հեշտությամբ ըմբռնել,- ասաց Ֆոսթերը: - Այն միաժամանակ արտասովոր պահպանողական է, և կենսահաստատ այժմեական…»: «Այստեղ» ֆիլմի սցենարը մրցանակներ է շահել մի շարք հեղինակավոր փառատոներում, այդ թվում` Կաննի (2008 թ.) և Սանդենսի (2008 թ.): Հետարտադրական մի քանի ամսվա աշխատանքներից հետո «Այստեղ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 8 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.