Մարգարա. աշխարհաքաղաքականության մասին` սահմանամերձ գյուղում
Օֆելյան ասում է, որ վերջին զարգացումների շնորհիվ սահմանամերձ հողերի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է Սահմանային դիրքերում ծածանվում է հայկական եռագույնը: Փակ դարպասներից այն կողմ Մարգարայի հայտնի կամուրջն է, որը ձգվում է Արաքս գետի վրայով ու վերջանում այս անգամ արդեն Թուրքիայի սահմանն ազդարարող դարպասների մոտ: Հեռվից երևում է թուրքական կարմիր դրոշը` կիսամահիկով: «Չէ, մոտ մի գնացեք, հենց տեսան, սահմանապահներն անմիջապես կմոտենան: Արագ լուսանկարեք` հետ գնանք»,- ասում է Մարգարայի գյուղապետի տեղակալ Ղարիբ Թադևոսյանը: Մարգարա գյուղը (Արմավիրի մարզ, Երևանից 40 կմ դեպի հարավ-արևմուտք) ունի 1400 բնակիչ, որոնց նախնիները այստեղ են հաստատվել հիմնականում 1915 թ. Մեծ եղեռնից հետո` գաղթելով Ալաշկերտից, Իգդիրից, Սուրմալուից ու Մուշից: Գյուղացիները համոզված են, որ եթե սահմանը բացվի, հողերը կթանկանան: Թադևոսյանն ասում է, որ հենց թեժանում են խոսակցությունները հայ-թուրքական սահմանի բացման մասին, լրագրողները մեղվի նման «թափվում են» Մարգարա: «Ժողովուրդը համոզված է, որ սահմանի բացումը կլուծի մի շարք սոցիալական խնդիրներ: Բայց ես ինքս դեմ եմ առանց նախապայմանների բացմանը: Գուցե սկզբում լավ լինի, բայց չպետք է մի այնպիսի քայլ անել, որի համար կզղջանք մի 25 տարի հետո,- ասում է նա ու, ցույց տալով հեռվում երևացող բարդիները, ասում: - Էդ արդեն թուրքերի կողմն է»: «Շատերը կծախեն (իրենց հողերը), բայց ես չեմ ծախի: Էս իմ հողն ու ջուրն ա, ու որ միլիոն էլ վճարեն` չեմ տա: Մի բան գիտեմ` էս սահմանը ղեկավարներն իրենց շահի համար են բացում: Էտ ո՞նց էր` Գերմանիան Հոլոքոստը ճանաչեց, սրանք չեն ճանաչում»,- ասում է արմատներով մշեցի Արմենակ Սարգսյանը: Գյուղի բնակիչները հիշում են, թե ինչպես 1980 թվականին` օլիմպիական խաղերից առաջ, Խորհրդային Միությունը Մարգարայի կամրջի հարևանությամբ մաքսակետ կառուցեց, որն այդպես էլ երբևէ չգործեց: Թադևոսյանն ասում է` այն ժամանակ խոսում էին, որ կամրջով պետք է անցնեն թուրք և այլ արտասահմանցի մարզիկներ: 1991 թվականին, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, Մարգարայի կամրջով Հայաստան եկավ «CNN TURK»-ի գլխավոր խմբագիր, հայտնի թուրք քաղաքական վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը: Նա հարցազրույց վերցրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից: 1992 թ. աշնանը, երբ սկսվել էր Հայաստանի շրջափակումը, Կարս-Գյումրի երկաթգծով Հայաստան ներկրվեց թուրքական ցորենը, որի դիմաց Եվրամիությունը նույնքան ցորեն պետք է տար Թուրքիային: Այդ պայմանավորվածությունը ձեռք էին բերել նախագահ Տեր-Պետրոսյանը և այն ժամանակվա վարչապետ Խոսրով Հարությունյանը: Նույն 1992 թվականին Մարգարայի կամրջով Հայաստան ներկրվեց նաև սիրիական ցորենը: Սիրիայի նախագահ հանգուցյալ Հաֆեզ ալ Ասադը` Սիրիայի ներկա նախագահ Բաշար ալ Ասադի հայրը, Հայաստանին որպես օգնություն 6000 տ հացահատիկ տրամադրեց: 1993 թ. ապրիլին, երբ հայկական զորքերը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մտան Քելբաջար, Թուրքիայի կառավարության հատուկ որոշմամբ սահմանը վերջնականապես փակվեց: 2008 թ. սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օդանավով ժամանեց Հայաստան` դիտելու Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը: Իսկ այս տարվա օգոստոսի վերջին մերձեցման այժմ տխրահռչակ արձանագրությունների մասին հայտարարելուց առաջ Սարգսյանն ասել էր. «Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին»: Նախագահի հայտարարությանը հաջորդեցին արձանագրությունները, այնուհետև` վեցշաբաթյա քննարկումները երկու երկրներում: Սահմանամերձ Մարգարայում այդ քննարկումներն ամենաթեժն են: «Հա, ճանապարհ բացելը լավ ա, շատ բան կզարգանա, բայց մեկ ա` թուրքը մնում ա թուրք: Հիշեք` ինչպես սպանեցին սպա Գուրգեն Մարգարյանին: Հետո էլ մարդասպանին սեփական երկրում հերոսի կոչում տվեցին (նկատի ունի հայ սպայի սպանությունն ադրբեջանցի սպայի կողմից Հունգարիայում 2004 թ.): Կարծում եք` այդ ժողովուրդն կարո՞ղ ա փոխվել»,- ասում է Մարգարայի բնակիչ Պարետ Հակոբյանը: Օֆելյա Թադևոսյանի այգին վերջանում է սահմանային փշալարով: Ասում է` ինչ սկսվել են սահմանի բացման խոսակցությունները, անծանոթ մարդիկ են թանկարժեք մեքենաներով գյուղ գալիս ու հարցնում տների ու հողի գները: «Ասում են, որ բացվեց, ճանապարհի վրայի հողերը կթանկանան: Արդեն իսկ թանկացրել են. եթե ճանապարհի վրայի տները վաճառում էին 10.000 դոլարով, այսօր արդեն 50.000 են ասում»: Հայ-թուրքական սահմանի երկարությունը 328 կմ է: 1992 թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիր է կնքվել հայ-թուրքական սահմանը համատեղ պաշտպանելու վերաբերյալ: Արաքսի երկայնքով սահմանապահների նման ձգվում են հայկական գյուղերը` Մարգարա, Արաքս, Արազափ, Ջանֆիդա, Փշատավան… «Սահմանային գյուղերը մեծ պատասխանատվություն են կրում իրենց ուսերին: Ամեն դեպքում առաջին վտանգը նրանց վրա է, ու նրանք են պաշտպանում երկրի դարպասները: Իսկ էս գյուղերի բնակիչները պատահական չէ, որ հաստատվել են հենց Արաքսի ափին. մարդիկ հույս են ունեցել, որ շուտով հետ են գնալու»,- ասում է Թադևոսյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.