Պատմական քայլ. հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, հաջորդը` վավերացումն էԱրարողությունը, որը նախատեսված էր Երևանի ժամանակով 20:00-ի մոտ, հետաձգվեց, երբ Հայաստանի պատվիրակությունն առարկեց այն հայտարարության դեմ, որով թուրքական կողմը ցանկանում էր հանդես գալ [ստորագրումից հետո]: Ենթադրվում է, որ այդ հայտարարության մեջ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապվում էր մերձեցման գործընթացին` պայման, որին հայկական կողմը դեմ էր բանակցությունների սկզբից: Ստորագրման արարողությունը վերսկսվեց Երևանի ժամանակով 23:15-ի մոտ (Ցյուրիխի ժամանակով` 20:15-ին) Ցյուրիխի համալսարանում, և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու նրա թուրք պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն իրենց ստորագրությունը դրեցին միջազգային դիվանագիտական հանրության մեծ աջակցությանն արժանացած այդ փաստաթղթերի տակ: Իրենց երկրների աջակցությունը ցույց տալու համար հատուկ Ցյուրիխ էին ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Խավիեր Սոլանան և Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները: Ստորագրումից հետո կողմերը հանդես չեկան հայտարարությամբ, ինչպես նախապես որոշվել էր` հավանաբար, ստորագրման արարողության հետաձգման պատճառ դարձած վեճի հետևանքով: Հայկական այնպիսի հեղինակավոր կառույցներ, ինչպիսիք են Հայ Առաքելական եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Ամերիկայի հայկական համագումարը, հորդորել են աջակցել արձանագրություններին և կոչ արել օբյեկտիվ երկխոսության այդ հարցերով: Ուրբաթ սփյուռքի մեծանուն գործիչների մի խումբ` երգիչ/դերասան Շառլ Ազնավուրից (որը ներկայումս Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում) մինչև մոսկվացի միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանը, ստորագրեցին աջակցության մի նամակ, որում, մասնավորապես, ասվում է. «Առաջնորդվելով հայրենիքի և գալիք սերունդների ապագայի առջև բարձր պատասխանատվության զգացումով` Հայաստանի ղեկավարությունն այսօր գործում է իմաստորեն և խիզախությամբ` հանուն առանց նախապայմանների երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման և սահմանների բացման»: Սակայն այդ աջակցությանը կտրուկ դեմ արտահայտվեց Ամերիկայի Հայ դատի գրասենյակը` հայտարարելով. «Օբամայի վարչակազմի փորձերը` հարկադրելու Հայաստանին միակողմանի զիջումների գնալու… կարճատես [քաղաքականություն] է և, ի վերջո, ավելի շատ խնդիրներ է ստեղծելու, քան նպաստելու է դրանց լուծմանը»: Բացի այդ, ուրբաթ Երևանի փողոցներ դուրս եկած բազմահազար ցուցարարներ արտահայտեցին Հայաստանի ավանդական կուսակցությանը` ՀՅԴ-ին համակրող հայաստանյան ու սփյուռքի կուսակցությունների անհամաձայնությունը [Հայաստանի իշխանությունների որդեգրած] քաղաքականության նկատմամբ: Դեմ հանդես գալով օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններին` Դաշնակցությունը գլխավորեց հակակառավարական ամենախոշոր երթն ու հանրահավաքը` 2008-ի փետրվարից հետո, երբ ընդդիմության շարքերն օր օրի ստվարանում էին, մինչև որ 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցան Հայաստանի ամենաարյունալի բռնությունները, երբ փողոցային բախումների հետևանքով սպանվեց 10 և վիրավորվեց 200-ից ավելի մարդ: Անհամաձայնությունն արձանագրություններին պայմանավորված է երկու հիմնական մտահոգություններով, որոնք, ինչպես կարծում են, ենթադրվում են փաստաթղթերում: Առաջին` պատմական հանձնաժողովի ստեղծում, որը պետք է քննի 1915-1918 թթ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները: Հայաստանում շատերը մտավախություն ունեն, որ դա կօրինականացնի Թուրքիայի այն պնդումները, թե մինչև 1,5 միլիոն հայերի մահերը հայերը (ինչպես նաև այն 22 պետությունները, որոնք օրենսդրորեն ճանաչել են ցեղապսանությունը) սխալմամբ ներկայացնում են որպես «ցեղասպանություն», երբ իրականում, թուրքերի պնդմամբ, իրենք նույնպես տառապանքներ են կրել հայերից Առաջին համաշխարհային պատերազմի կողմնակի հետևանքների պատճառով: Երկրորդ` արձանագրություններում կոչ է արվում «ճանաչելու տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը»` պայման, որը կարող է երկակի մեկնաբանություն ունենալ. առաջին`դա կարող է նշանակել, որ Հայաստանը պետք է հրաժարվի «գրավված պահել» Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի շուրջ այն տարածքներից, որոնք միջազգային հանրությունը համարում է ադրբեջանական: Երկրորդ` դա կարող է նշանակել, որ ճանաչելով Թուրքիայի ներկա սահմանները` Հայաստանը կարող է մերժել ցեղասպանությունը վերապրածների ներկայումս առաջ քաշած իրավական պահանջները, որոնք պահանջում են ռազմատուգանք և, փաստորեն, փոխհատուցում այն հողերի համար, որ, նրանց պնդմամբ, գողացել են իրենց նախնիներից 1915-1918 թթ. տեղահանության հետևանքով Թուրքիայի ներկա տարածքում: Նախագահ Սերժ Սարգսյանը հետևողականորեն և ակնհայտորեն աճող անհամբերությամբ ժխտել է «նախապայմանների» մասին պնդումները որպես լավագույն դեպքում «թյուրիմացություն», իսկ վատագույն դեպքում` իր քննադատների միտումնավոր սադրանք` իրեն հեղինակազրկելու նպատակով: Համենայն դեպս, այս արձանագրությունների ստորագրումը սկիզբ դրեց այն դիվանագիտական գործընթացին, որի հաջորդ քայլը դրանց վավերացումը կամ մերժումն է երկու երկրների խորհրդարաններում: Ակնկալվող վավերացման դեպքում երկու ամսվա ընթացքում հայ-թուրքական սահմանը կբացվի` առաջին անգամ 1993-ին Թուրքիայի կողմից փակվելուց հետո: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2791-րդ տարեդարձի տոնակատարությունից մեկ օր առաջ: Երևանն արտասովոր եռանդով մաքրեցին, զարդարեցին, նախապատրաստեցին այս ճոխ տոնակատարությանը, հատկապես հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները, մինչդեռ առաջ այս օրը սովորաբար խիստ անշուք էր անցնում: Նեոնային տոնական ճոխ լուսավորությունն ու Հանրապետության հրապարակում ստեղծված պատմական «Էրեբունի ամրոցը» առիթ տվեցին քննադատությունների, թե տոնակատարության նպատակը ոչ թե Երևանի տարեդարձը նշելն էր, այլ ավելի շուտ մարդկանց ուշադրությունը շեղելը բողոքի ակցիաներից, որոնք կարող են տեղի ունենալ օրվա թեև սպասված, բայց հուզիչ զարգացումների հետևանքով:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 46 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.