Ֆուտբոլ. Թուրքիայում հաշտեցման խաղից առաջ Հայաստանը լավ խաղ ցույց տվեց Իսպանիայի հետ մրցապայքարում

Ֆուտբոլ. Թուրքիայում հաշտեցման խաղից առաջ Հայաստանը լավ խաղ ցույց տվեց Իսպանիայի հետ մրցապայքարում


Հայաստան-Իսպանիա խաղն ուղեկցվեց հորդառատ անձրևով և ավարտվեց 2:1` հօգուտ Իսպանիայի

Երկուշաբթի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Թուրքիա, որտեղ շաբաթվա կեսին կհանդիպեն հարևան երկրի ընտրանու հետ: Այս խաղը հավանաբար ավելին է լինելու, քան պարզապես ֆուտբոլային մի հանդիպում:

Հոկտեմբերի 14-ին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա երկրի հյուսիսարևմտյան մասի Բուրսա քաղաքում, որը գտնվում է Ստամբուլից մոտ 90 կմ դեպի հարավ: Ֆուտբոլային այս հանդիպմամբ կազդարարվի ավելի քան մեկ տարի տևած «ֆուտբոլային դիվանագիտության» ավարտը, որը նախաձեռնել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` 2008 թ. Երևանում կայացած այս մրցաշարի երկու թիմերի առաջին հանդիպումից առաջ:

Միջազգային աջակցություն վայելող դիվանագիտական այս ջանքերը իրենց գագաթնակետին հասան անցյալ շաբաթ օրը` Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունների ստորագրմամբ:

Այժմ ակնկալվում է, որ Սարգսյանը Աբդուլլահ Գյուլի հետ ներկա կգտնվի Բուրսայում տեղի ունենալիք ֆուտբոլային հանդիպմանը, որը երկու թիմերի համար կլինի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի 2010 թ. որակավորման փուլի վերջին խաղը: Երկու նախագահները ներկա են եղել նաև 2008 թ. սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականների միջև Երևանում կայացած առաջին հանդիպմանը, երբ Թուրքիան հաղթեց 2:0 հաշվով:

Այն ժամանակ երբ Շվեյցարիայում` Ցյուրիխում, ստորագրվում էին արձանագրությունները, Երևանի Հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը հյուրընկալում էր աստղերով լի Իսպանիայի ազգային հավաքականին:

33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Եվրոպայի չեմպիոնների կազմում ընդգրկված «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը: Դրանից մի քանի րոպե առաջ Հովհաննես Գոհարյանի ջանքերով Արման Քարամյանը դուրս եկավ Իսպանիայի դարպասապահի դեմ առ դեմ, սակայն հարձակվողը չկարողացավ գրավել Ռեյնայի պաշտպանած դարպասը:

Թեև խաղամակարդակի առումով երկու թիմերի միջև հսկայական տարբերություն կար, սակայն հայերը ջանք չէին խնայում և, ի վերջո, 58-րդ րոպեին տուգանայինից Քարամյանի փոխանցումը գլխի հուժկու հարվածով եզրափակեց պաշտպան Ռոբերտ Արզումանյանը` գրավելով իսպանացիների դարպասը և հավասարեցնելով հաշիվը: Վեց րոպե անց, սակայն, Հայաստանի հավաքականի փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին իսպանացի հարձակվողի հետ պայքարում տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները: Իսպանացի հարձակվողը հաջողությամբ իրականացրեց չեխ մրցավարի նշանակած 11 մետրանոց հարվածը: Թեև հայերը փորձում էին վերջին կես ժամում հավասարեցնել հաշիվը, սակայն հաջողության չհասան, և խաղն ավարտվեց 2:1` հօգուտ հյուրերի:

Խաղից հետո` մամուլի ասուլիսի ընթացքում, Իսպանիայի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ասաց. «Հայաստանը շատ դժվարություններ առաջացրեց մեր թիմի համար»:

Հայաստանի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր գոհունակությունը հայտնեց «թիմի լավ խաղից»:

Շաբաթ երեկոյան Թուրքիան 0:2 հաշվով պարտություն կրեց Բելգիայից 2010 թ. Հարավային Աֆրիկայում կայանալիք Աշխարհի գավաթի որակավորման փուլում` կորցնելով եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը: Թուրքիայի հիմնական հակառակորդ Բոսնիա-Հերցեգովինան հաղթեց Էստոնիայի հավաքականին և դուրս եկավ «փլեյ-օֆ» փուլ: Թուրքիայի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմն ասաց, որ չորեքշաբթի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վերջինը կլինի իր` որպես ազգային թիմի ղեկավարի համար:

Այս հանգամանքը լավ նախանշան կարող է լինել Հայաստանի համար, քանի որ Մինասյանի սաները կխաղան ոչ այնքան ոգևորված հավաքականի հետ, որի մարզիչը պատրաստվում է հեռանալ թիմից: Սակայն Թուրքիայի հավաքականը ցանկացած հանգամանքներում հայտնի է որպես ուժեղ մրցակից և սեփական հարկի տակ հանդես գալը միշտ էլ լրացուցիչ ոգևորություն է հաղորդել այս թիմին:

Շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Մինասյանը մի փոքր խոսեց նաև Թուրքիայում կայանալիք առաջիկա խաղի մասին:

Նա ասաց, թե չէր ցանկանա, որ այս խաղում լիներ քաղաքական գործոն և ազդեցություն ունենար իր խաղացողների վրա:

«Ես կցանկանայի, որ իմ խաղացողները մտածեին միայն ֆուտբոլի մասին այս խաղի ընթացքում»,- ընդգծեց Մինասյանը:

Թուրքիա-Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին`չորեքշաբթի, Բուրսայում` Աթաթուրքի անվան մարզադաշտում (սկիզբը` Երևանի ժամանակով 11:00-ին):
ԱրմենիաՆաուի էջերում