ԱՄՀ. գործադիր տնօրենները դրվատանքի խոսքեր են ասում և խորհուրդներ են տալիս Հայաստանի կառավարությանը ճգնաժամի հաղթահարման առնչությամբ«Համաշխարհային ճգնաժամը ծանր հարված է հասցրել Հայաստանին: 2009 թ. համար Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ ԱՄՀ կանխատեսումը բացասական 15 տոկոս է: Հայաստանը դժվարությունների է հանդիպել` կապված արտերկրից փոխանցումների նվազման, օտարերկրյա ներդրումների կրճատման և, ինչպես շատ այլ երկրներում, հարկային մուտքերի կրճատման հետևանքով»,- ասաց ԱՄՀ գործադիր տնօրենների խորհրդի անդամ Ամբրուազ Ֆայոլը, որը հիմնական բանախոսն էր երկուշաբթի լրագրողների հետ իրենց հայաստանյան այցի ավարտին նվիրված հանդիպման ժամանակ: Խմբի հրապարակած զեկույցում, մասնավորապես, ասվում է. «Մենք դրվատում ենք իշխանություններին` այդ մարտահրավերներին արդյունավետ կերպով արձագանքելու համար: Ֆիսկալ քաղաքականությունը շարունակում է լայնորեն կիրառվել, և, ըստ այդմ, ԱՄՀ և այլ դոնորների աջակցությամբ կառավարությանը հաջողվել է ծախսերը պահել 2009-ի նախնական բյուջեին մոտ` միաժամանակ ավելացնելով հատկացումները գերակա ենթակառուցվածքային նախագծերի համար»: Դեռևս հունիսին ԱՄՀ-ը կանխատեսել էր, որ ՀՆԱ-ի անկումը Հայաստանում 2009-ին չի գերազանցի 10 տոկոսը: «Մենք շարունակում ենք հույս փայփայել, որ սխալվել ենք մեր վերջին հաշվարկներում, և որ անկումն ավելի փոքր կլինի, քան մեր ներկայացրած ցուցանիշը, բայց այս պահին ավելին ասել չենք կարող»,- ասաց Ֆայոլը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի կտրուկ ազդեցությունը հանգեցրել է նրան, որ ԱՄՀ-ն հավանություն է տվել այս տարվա մարտին հաստատված Հայաստանին տրամադրվող 540 մլն դոլար վարկը հասցնել 823 մլն դոլարի: ԱՄՀ պատվիրակությունը Հայաստան է ժամանել Վրաստանից, իսկ Երևանից կմեկնի Ուզբեկստան և Թուրքմենստան: ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը բաղկացած է 24 անդամից, որոնք նշանակվում կամ ընտրվում են անդամ երկրների կամ երկրների խմբի կողմից: Հայաստան կատարած այցի ընթացքում վեց գործադիր տնօրենները հանդիպել են ՀՀ նախագահին, վարչապետին, կենտրոնական բանկի նախագահին և ֆինանսների նախարարին: Ֆայոլը նշեց, որ իրենք ԱՄՀ հաստիքային աշխատակիցներ չեն և չեն եկել Հայաստան քննարկելու ԱՄՀ-ի ծրագրերը: «Մեր նպատակն է տեսնել, թե գործնականում ինչպես են ընթանում ԱՄՀ-ի և Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև քննարկել Հայաստանի ներկա իրավիճակն ու մարտահրավերները»,- ասաց Ֆայոլն առանց մանրամասնելու: ԱՄՀ գործադիր տնօրենները դրական գնահատեցին Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, սակայն նրանց անհանգստացնում են Հայաստանի բյուջեի դեֆիցիտն և արտաքին պարտքը: Նրանք ասացին, որ «տնտեսության վերականգնվելուց հետո կառավարությունը պետք է կրճատի ֆիսկալ դեֆիցիտը, որպեսզի պահպանի միջնաժամկետ ֆիսկալ և դեբիտային կայունությունը` միաժամանակ շարունակելով աջակցել դրա կարիքն ունեցող հանրային ծախսերին ու ներդրումներին»: «Բարեբախտություն էր, որ ճգնաժամից առաջ Հայաստանի արտաքին պարտքի ցուցանիշը ցածր էր։ Երբ տնտեսությունը վերականգնվի, մենք և Հայաստանի իշխանությունները պետք է քննարկենք ավելի զսպողական հարկաբյուջետային քաղաքականության հարցը, որպեսզի հնարավոր լինի ապահովել պարտքի կառավարելիությունը»,- ասաց Ֆայոլը: (2008 թ. Հայաստանի 1,5 մլրդ դոլարի արտաքին պարտքը (ՀՆԱ-ի 13 տոկոսը) այս տարի կրկնապատկվել է` գերազանցելով 3 մլրդ դոլարը, ինչը, ըստ տնտեսագետների, վտանգավոր է տնտեսական անվտանգության առումով: Ավելի վաղ ԱՄՀ հայաստանյան գրասենյակը կանխատեսել էր, որ այս տարի ՀՆԱ-ում արտաքին պարտքը կարող է հասնել 38 տոկոսի, իսկ մինչև 2011 թ. կդառնա 46 տոկոս): Թեև ԱՄՀ-ն հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետևանքների վերլուծություն է արել, սակայն այս մասին ևս գործադիր տնօրենները միայն ընդհանուր տեղեկություններ տվեցին: «Ընդհանուր առմամբ, ԱՄՀ-ն աշխարհի այլ տարածաշրջանների փորձից քաղել է այն դասը, որ սահմանների բացումը և տարածաշրջանային ինտեգրումը նպաստում են պետության տնտեսական աճի պահպանմանը»,- ասաց Ֆայոլը: Հայաստանում այս տեսակետին դեմ արտահայտվող ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության կատարած տնտեսական վերլուծությունն ասում է, որ Հայաստանը պատրաստ չէ սահմանի բացմանը, քանի դեռ չի լուծել տնտեսական քաղաքականության և օրենսդրական մի շարք հիմնախնդիրներ, որոնք կպաշտպանեն տեղական արտադրողներին և թույլ չեն տա քայքայել Հայաստանի տնտեսությունը:
Other Articles in Ճգնաժամ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.