Տարաձայնությունների հեռուստակամո՞ւրջ. հայ և թուրք փորձագետները կարծիքներ են փոխանակում տեսակոնֆերանսի ընթացքում

Երեքշաբթի Երևան-Մոսկվա-Անկարա տեսակամրջի ժամանակ թուրք փորձագետները պնդեցին, որ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք նախատեսում են դիվանագիտական հարաբերությունների հաստատում և երկկողմ հարաբերությունների զարգացում երկու երկրների միջև, թուրք օրենսդիրները չեն վավերացնի, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի հետ չի կարգավորել իր խնդիրը Լեռնային Ղարաբաղի հարցով:

Հայ փորձագետներից մեկն էլ, իր հերթին, խորհուրդ տվեց ընդունել, որ Օսմանյան կայսրությունում իրականացված զանգվածային սպանություններն ու տեղահանումները ցեղասպանություն են, ապա նոր բարոյական իրավունք ունենալ խոսելու Ադրբեջանի մասին:

Ցյուրիխյան արձանագրությունները, մասնավորապես, նախատեսում են բացել հայ-թուրքական սահմանը, որն Անկարան փակել է 1993-ին` ի նշան համերաշխության տարածաշրջանում իր ազգակից դաշնակցի` Ադրբեջանի հետ, որն այդ ժամանակ պատերազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, որոնք պայքարում էին Բաքվից անկախանալու համար: 1991-1994 թթ. պատերազմի արդյունքում հայերին հաջողվեց վերահսկողություն հաստատել Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքի մեծ մասի, ինչպես նաև հարակից մի քանի շրջանների վրա: Միջնորդների երկարատև ջանքերի արդյունքում մշակվեցին հակամարտության լուծման մի շարք սկզբունքներ: Տպավորություն է ստեղծվում, որ կողմերը դեռ պետք է համաձայնության գան մի քանի հիմնարար տարաձայնությունների հարցում` մինչև վերջնական տեսքի բերեն շրջանակային համաձայնագիրը:

Իրավական ուժ ստանալու համար արձանագրությունները պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն արձանագրությունների ստորագրման հաջորդ օրը` հոկտեմբերի 11-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի փաստաթղթերը, քանի դեռ «հայկական զորքերը դուրս չեն բերվել Ադրբեջանի գրավյալ տարածքներից», և որ «հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո»:

«Ես Թուրքիայի խորհրդարանի տասից ավելի պատգամավորների հետ եմ զրուցել, և համարյա բոլորը կրկնում էին Թուրքիայի վարչապետի հայտարարությունը: Դո՞ւր է գալիս սա որևէ մեկին, թե՞ ոչ` բայց դա փաստ է: Թուրքիայի խորհրդարանը կսպասի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը արձանագրությունների վավերացման համար»,- ասաց Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օհանը:

Ըստ Օհանի` արձանագրություններին կողմ լինելը չի նշանակում, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտ կիրագործվի:

«Թուրքիայում շատ հարցեր են քննարկվել: Եղե՞լ է արդյոք ցեղասպանություն, արդյո՞ք Արևելյան Անատոլիան և Արարատը Հայաստանի տարածքի մաս են: Բայց այս բոլոր հարցերն այժմ երկրորդ պլան են մղվել, և առաջնային է դարձել Ղարաբաղի հարցը»,- ասել է Օհանը:

Եվրոպական անվտանգության ակադեմիայի փոխնախագահ Հուսեյն Բեկջին էլ կարծում է, որ անկախ ամեն ինչից Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, քանի որ դա «ժամանակի ոգու» թելադրանքն է:

«Թուրքիայի և Հայաստանի համագործակցությունն անխուսափելի է: Ամոթ է, որ պատմական հարևան երկրները չեն խոսում իրար հետ»,- ասում է Բեկջին:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Վասիլի Լիխաչովն էլ կարծում է, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ զուգահեռ ընթանա:

Ըստ Լիխաչովի` արձանագրությունները կարելի է համեմատել «նորածին մանկան հետ, որ ծնվել է Հայաստանի և Թուրքիայի հաշվարկված ամուսնության արդյունքում»:

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը հավատացած է, որ Թուրքիայի վարչապետի հայտարարությունները ԼՂ հիմնահարցի վերաբերյալ «սպանում են այդ նորածին մանկանը»: Նա ասաց իր թուրք գործընկերներին, որ Թուրքիան իրավունք չունի Ղարաբաղի մասին հայտարարություններ անելու:

«Երբ ցեղասպանության պատճառով փախստական դարձած հայերն Արևմտյան Հայաստան վերադառնան, այդ ժամանակ միայն Թուրքիան բարոյական իրավունք կունենա խոսելու ադրբեջանցի փախստականներից, նույնը և տարածքների հարցում»,- ասաց նա:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ «21-րդ դարի ոգին խոսում է այն մասին, որ սահմանները պետք է բաց լինեն»:
«Սահմանների բացումը շքանշան կամ կոնֆետ չէ, որ տալիս են լավ վարքի համար, դա նորմ է, որը 21-րդ դարում պարտադիր է երկրների հարաբերություններում»,- ասաց Իսկանդարյանը:

Օհանի կանխատեսումներով` եթե մինչև 2010 թ. ապրիլը ղարաբաղյան հարցը չկարգավորվի, կամ այդ հարցում առաջընթաց չլինի, ապա սահմանը չի բացվի:

«Այդ դեպքում Թուրքիային կմնա երկու ընտրություն` կամ Թուրքիան անխոս կբացի սահմանը, կամ էլ կընդունի արևմտյան երկրների բանաձևերը հայերի ցեղասպանության վերաբերյալ»,- ասաց Օհանն ու ավելացրեց, որ այդ դեպքում Թուրքիան ու տարածաշրջանը լուրջ խնդիրներ կունենան:

ԱրմենիաՆաուի էջերում