Բանավեճեր Ղարաբաղի հարցով. «Ժառանգությունը» կոչ է անում ճանաչել ԼՂՀ-ն, հանրապետականները դա անպատեհ են համարում
«Ժառանգությունը» պնդում է, որ Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղը Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության` խորհրդարանի փոքրամասնության խմբակցությունն Ազգային ժողով է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ, որը, ըստ խմբակցության ղեկավարի, կոչված է կանխելու «սպասվող անցանկալի զարգացումները»: Անցյալ շաբաթ ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները Ստեփան Սաֆարյանը բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղի հարցով հայ-ադրբեջանական ձգձգված հակամարտությունում հաշտեցման քայլերի նախաբան: «Ժառանգություն» կուսակցությունն այսօր ունի երկու գերխնդիր` կանխել այդ տխրահռչակ [հայ-թուրքական] արձանագրությունների վավերացումը և այս օրինագծով կանխել Հայաստանի իշխանությունների կողմից Ղարաբաղի Հանրապետության շահերին հակասող փաստաթղթի ստորագրումը»,- ասում է Սաֆարյանն «ԱրմենիաՆաուին»: Ըստ ընդդիմադիր պատգամավորի` հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում (Շվեյցարիա) ստորագրված հայ-թուրքական արձանագրություններից հետո հաջորդ քայլը լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ որոշակի «ոչ հայանպաստ» գործողությունների ձեռնարկումը: «Խորհրդարանի կողմից Ղարաբաղի ճանաչումը հնարավոր կդարձնի կանխելու այդ գործընթացը»,- պնդում է Սաֆարյանը: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նման օրինագիծ էր ներկայացրել խորհրդարան դեռ 2007-ին: Սակայն 2008 թ. ապրիլի 28-ին ձայների 64:15 հարաբերակցությամբ այդ հարցն օրակարգում չընդգրկվեց: Այսօր «Ժառանգության» պատգամավորները հուսով են, որ անցյալ տարվանից օրենսդիրները «որոշակի դասեր քաղած կլինեն» և այս անգամ հարցն օրակարգից դուրս չեն թողնի: «Եթե ասվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ընթացքում Ղարաբաղի հարցը որևէ առնչություն չի ունենալու, ապա այդ կասկածները փարատելու լավագույն ձևն այս օրինագիծն ընդունելն ու Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Այս օրինագծի ընդդիմախոսների հիմնական փաստարկն այն է, որ նման քայլը կվնասի Ադրբեջանի հետ միջազգային միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին: Իշխող ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասում է, որ բանակցություններն ընթացքի մեջ են, և «ցանկացած այլ միջամտություն կարող է վնասել Մինսկի խմբի այդ գործընթացին»: «Մենք միշտ ասել ենք, որ ճանաչումը վերջին փամփուշտն է, որը կօգտագործվի, եթե այլ միջոցներ չմնան»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Շարմազանովը: Անցյալ տարի այս օրինագծի տապալումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ևս նշել էր, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ բանակցային գործընթացի մեջ է: «Հիշո՞ւմ եք` Կոսովոյի և մյուս դեպքերում էլ ասվում էր, որ ճանաչումը վերջին միջոցն է: Եթե որևէ այլ միջոց չմնա, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- 2008 թ. սեպտեմբերի 20-ին ասել էր նախագահը օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին 2008-ի մարտին ասել էր նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախկին նախագահն այդ հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ 2008 թ. մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձևը` հաստատելով, որ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այն ժամանակ Քոչարյանը Ղարաբաղում հայտարարեց, թե զարգացումների նման ընթացքի դեպքում Հայաստանն էլ կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը կամ էլ ռազմական պայմանագիր կնքել Ղարաբաղի հետ` ապահովելով նրա անվտանգությունը: Այդ հայտարարությունն առաջ բերեց Բաքվի բուռն արձագանքը, ինչպես նաև Զեյնո Բարանի, որը ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտի եվրասիական քաղաքականության գծով ծրագրերի տնօրենն է ու Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի ամերիկացի-թուրք կինը: Այդ օրերին «Day.az» ինտերնետային պարբերականին Բարանն ասել էր. «Եթե նույնիսկ Հայաստանը ընդունի նման որոշում, ոչ ոք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը, այդ որոշումը չի պաշտպանի ոչ ոք, ներառյալ` Մինսկի խումբը ու նրա անդամ Ռուսաստանը, որը շատ հարցերում Հայաստանի դաշնակիցն է: Այդ պատճառով ես լուրջ չեմ ընդունում հայաստանյան ղեկավարության նման հայտարարությունները»: Իսկ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման ամեն մի հայտարարության Բաքուն արձագանքում է պատերազմի վերսկսման սպառնալիքներով: «Եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա դա կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը», - 2008-ի ապրիլին հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսկ երևանցի մի վերլուծաբանի կարծիքով` Հայաստանի նման քայլը չի կարող սպառնալ բանակցային գործընթացին: «Ադրբեջանի սպառնալիքները վկայում են, որ իրականում ադրբեջանական կողմը պատրաստ չէ զիջումների, և պատերազմի վերսկսման մասին հայտարարություններն արվում են ընդամենը իր համար անբարենպաստ զարգացումները կանխելու համար»,- ասում է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդգար Հելհելյանը: Վերլուծաբանը կարևորում է բանակցություններին Ղարաբաղի լիիրավ մասնակցության իրավունքի վերականգնումը: «Իսկ այդ գործընթացի սկիզբը կլինի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»,- ամփոփում է նա:
Other Articles in Ղարաբաղ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.