Թագավորն իշխում է. Աբրահամն սկսում է Սուպեր վեցնյակի մրցաշարը` հաղթանակ տոնելով «չար մտադրություններ» ունեցող ամերիկացու նկատմամբՇաբաթ երեկոյան Բեռլինի մարզադահլիճում իր երկրպագուների առաջ Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող 29-ամյա Աբրահամը, որն այս տարվա սկզբում հրաժարվեց IBF վարկածով չեմպիոնի իր գոտուց` անպարտելի մնալով միջին քաշային կարգում, որպեսզի մասնակցի Սուպեր վեցնյակի մրցաշարին, նոկաուտի ենթարկեց «Չար մտադրություններ» մականվամբ Ջերմեյն Թեյլորին (ԱՄՆ Արկանզասի նահանգ), երբ 12-րդ ռաունդի ավարտին մնացել էր վեց վայրկյան: Աբրահամը (31 հաղթանակ` 25-ը նոկաուտով, ոչ մի պարտություն) Թեյլորին (28 հաղթանակ` 17-ը նոկաուտով, 4 պարտություն, 1 ոչ-ոքի) տապալեց մարզագորգին` աջ բռունցքով հարված հասցնելով ամերիկացու ծնոտին: «Ինձ մի քանի ռաունդ էր պետք` վերլուծելու հակառակորդիս: Հետո թողեցի, որ հարվածելով հոգնի, և պատասխան հարված տվեցի»,- մրցամարտից հետո Աբրահամի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները: Աբրահամի պարտված հակառակորդն ասաց. «Նա ինձ պարզապես անակնկալի բերեց աջ հարվածով: Ես չնկատեցի այն»: Սուպեր վեցնյակի մրցաշարը (Super Six World Boxing Classic), որը կազմակերպել է «Showtime» ընկերությունը` «Sauerland Event»-ի հետ համատեղ, WBA և WBC վարկածներով գերմիջին քաշի բռնցքամարտիկների մրցաշար է, որին մասնակցում են գերմիջին քաշային կարգի աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկներ (երեք բռնցքամարտիկ ներկայացնում են Եվրոպան, երեքը` Ամերիկան): Մասնակիցների թվում են նաև Անդրե Դիրելը և Անդրե Ուորդը (երկուսն էլ ԱՄՆ-ից), ինչպես նաև Կարլ Ֆրոշը և Միկկել Կեսլերը (համապատասխանաբար` Մեծ Բրիտանիայից ու Դանիայից): Մրցաշարի առաջին փուլում բռնցքամարտիկները կմրցեն շրջանային համակարգով, որտեղ յուրաքանչյուրը երեք անգամ ռինգ դուրս կգա և կստանա 3 միավոր նոկաուտով կամ տեխնիկական նոկաուտով հաղթանակի համար, 2 միավոր` միավորներով հաղթանակի համար, 1 միավոր` ոչ-ոքիի համար և 0 միավոր` պարտության համար: Խմբակային փուլի լավագույն քառյակը դուրս կգա կիսաեզրափակիչ, որտեղ 1-ին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կհանդիպի 4-րդ տեղը զբաղեցրածի, իսկ 2-րդը` 3-րդի հետ: Հաղթողները դուրս կգան եզրափակիչ: Աբրահամի հաջորդ մրցակիցը` «Մատրիքս» մականվամբ Դիրելը (18 հաղթանակ, մեկ պարտություն), Սուպեր վեցնյակի մրցաշարի իր առաջին մրցելույթում մրցավարների որոշմամբ պարտվեց Միացյալ Թագավորությունից Ֆրոշին:
Other Articles in Բռնցքամարտ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 8 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.