Իրական շարժառիթ. Սարգսյանը Բաքվին կոչ է անում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում «խելամիտ» մոտեցում ցուցաբերել
Հայաստանի և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը Ղարաբաղի պաշտպանական դիրքերում Լեռնային Ղարաբաղ երկօրյա այցի վերջում` հինգշաբթի, Սարգսյանը հարցազրույց տվեց Արցախի հանրային հեռուստատեսությանը, որի ընթացքում կրկնեց, որ հայկական կողմը փնտրում է «իրատեսական լուծումներ, որոնք, իրոք, խաղաղություն կբերեն և այն կլինի տևական»: Հայաստանի ղեկավարն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությանը, որում նա ասել էր, թե ձեռք են բերվել համաձայնություններ ԼՂՀ հարակից շրջանները վերադարձնելու շուրջ: «Իհարկե, ցանկացած բանակցությունում կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ առավելագույնը, բայց ես չեմ հասկանում այն, երբ բանակցությունների ընթացքում կողմերից մեկը ձգտում է ստանալ ամեն ինչ, ղեկավարվում է «ամեն ինչ` ինձ» կարգախոսով: Նման պարագայում այդ կողմի համար բանակցությունները կարող են լինել ոչ դուրեկան, և բանակցությունների արդյունքները կարող են չբավարարել, բայց դա արդեն մեր մեղքը չէ»,- Սարգսյանի խոսքն է մեջբերում նրա մամլո գրասենյակը: «Երբ որ բանակցությունների մեր գործընկերները գան այն եզրակացության, որ պետք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտությամբ կարող են գտնվել,- շարունակում է Սարգսյանը: - Երբ որ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին և, դեկլարացիաներ անելուց բացի, իսկապես ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կլուծվի... Կարծում եմ` ճիշտ կլինի, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցությունների ներկա փուլի վրա, ոչ թե փորձենք ինչ-որ հատված կտրել նախկին բանակցություններից և ներկայացնել սեփական լսարանին»: Կարծես պատասխանելով Ալիևի ռազմատենչ հայտարարություններին` Սարգսյանն ասաց. «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է առանձնասենյակի մանրահատակի վրա ճեմելով` խոսել զորքերի մարտունակության, դրանց մարտական ոգու կամ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին»: Կրկին անդրադառնալով Ադրբեջանին (և ակնարկելով, որ Հայաստանը ռազմական առումով գերազանցում է հակառակորդին) Սարգսյանն ասաց. «Նրանք վաղուց արդեն կայացել են, և մենք ունենք իրոք մարտունակ զինված ուժեր` ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, որոնք ունեն զինված մարդկանց հոծ խմբեր: Իսկ դրանք տարբեր բաներ են»: Այս հայտարարությունները Սարգսյանն արել է Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ, որի ընթացքում նա եղավ պաշտպանական դիրքերում, հանդիպեց ԼՂՀ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների հետ: Հակամարտության շուրջ այլ պետությունների միջնորդությամբ բանակցությունները հանգեցրին խնդրի կարգավորմանն առնչվող սկզբունքների առաջարկմանը, որոնք հայտնի են որպես մարիդյան սկզբունքներ, և որոնց շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության դեռ չեն եկել: Մոտ երկու շաբաթ առաջ Սարգսյանը և իր ադրբեջանցի գործընկերը հանդիպեցին Մոլդովայում: Միջազգային միջնորդներն այն ժամանակ հայտարարեցին, որ հանդիպման արդյունքում կողմերն ավելի են մոտեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած շրջանակային համաձայնագրի առնչությամբ իրենց տարաձայնությունների հաղթահարմանը: Սակայն Ալիևը հանդիպումն «անարդյունավետ» համարեց և ասաց, որ «կողմերը չկարողացան համաձայնության գալ քննարկման հիմնախնդիրների առնչությամբ»: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ միջնորդ խմբի առաջարկությունների առանցքային տարրերից մեկը հայկական ուժերի դուրս բերումն է բուն Լեռնային Ղարաբաղի հարակից մի քանի շրջաններից: Տեղի բնակչության ապահովության երաշխիքներից զատ, առաջարկությունների կետերից մեկն էլ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին, որը կապահովի անվտանգության երաշխիքները և ինքնիշխանությունը և ապագայում տարածքի իրավական կարգավիճակի վերջնական որոշումը` «պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտման միջոցով»:
Other Articles in Ղարաբաղ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 17 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.