Թարգմանական դժվարություններ. Վրաստանում բանտարկված հայ ակտիվիստը «վատ թարգմանչի» պատճառով հրաժարվում է դատալսումներին մասնակցելուց
Վահագն Չախալյանի դատապաշտպան Ստեփան Ոսկանյանն ասում է, որ այլ խնդիրների հետ մեկտեղ Վրաստանի դատարանում թարգմանության խիստ ցածր մակարդակը խոչընդոտում է արդարադատությունը: «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը հոր և անչափահաս եղբոր հետ ձերբակալվել էր 2008 թ. հուլիսին` Ախալքալաքի (Հարավային Վրաստանում գտնվող հիմնականում հայաբնակ շրջանի կենտրոն) ոստիկանապետի տան մոտ կատարված ավտոպայթյունից հետո: Ապրիլին դատարանը Չախալյանին մեղավոր ճանաչեց Վրաստանի քրօրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում` «զենք ու զինամթերք ձեռք բերելու և պահելու», «հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու», «ոստիկանին ցույց տված խմբակային դիմադրության և խուլիգանության» մեջ, և դատապարտեց 10 տարվա ազատազրկման: Չախալյանն այդ ամբողջ ընթացքում հայտարարել է իր անմեղության մասին` պնդելով, որ իրեն հետապնդում են քաղաքական գործունեության և Վրաստանի հայ փոքրամասնության շահերը պաշտպանելու համար: Նրա փաստաբանները բողոքարկել են դատավճիռը, և վերաքննիչ դատարանում նրա գործի քննությունը սկսվել է այս տարվա հուլիսին: Հոկտեմբերի 23-ին` նախքան դատավարությունը, Չախալյանը գրավոր դիմել էր դատարան, որում նա քննադատել էր, ինչպես ինքն է գրում, «այն խայտառակ զավեշտախաղը», որը տեղի է ունենում Վրաստանի դատարանում և, մասնավորապես, «դատալսումների հայերեն թարգմանությունը, որը խիստ անպատշաճ կերպով է տարվում»: (Վրաստանի օրենքով` դատարաններում պետք է պատշաճ մակարդակի թարգմանություն ապահովվի:) «Դրա հետևանքով ես հնարավորություն չունեմ լիարժեք հետևելու դատավարության ընթացքին, ինչպես նաև մասնակցելու դրան»,- ասել է Չախալյանը` զգուշացնելով, որ այսուհետև հրաժարվում է դատական նիստերին «կամովին» մասնակցելուց: Չախալյանի երեք փաստաբաններից մեկն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ Չախալյանին, որին ներկայումս խիստ ռեժիմի տակ պահում են Թբիլիսիի բանտում, ուրբաթ, այդուհանդերձ, իր կամքին հակառակ տարվել է դատարան: Ստեփան Ոսկանյանն ասաց, որ ըմբռնում չգտնելով դատարանի կողմից, որը շարունակ հրաժարվում էր ընդունել, որ դատավարության ընթացքին հետևող հայերի, ինչպես նաև դատապաշտպանների համար արվող թարգմանության մակարդակը ցածր է, իսկ հաճախ ընդհանրապես բացակայում է, Չախալյանը որոշեց լքել դատարանի դահլիճը: Ըստ փաստաբանի` մյուս երկու մեղադրյալները` Չախալյանի հայրն ու փոքր եղբայրը, շարունակեցին հետևել դատավարության ընթացքին: «Ինչպես նախորդ դատական նիստերի ընթացքում, այս անգամ էլ նույն ձևով ընթացավ այս դատական նիստը` «ջերմ մթնոլորտում», որովհետև մեր մասնակցությունն ու ներկայությունը որևէ ձևով զգացնել չէր տալիս: Նրանք իրար հետ [վրացերեն] խոսում էին, որ մասը [նրանց] պետք էր` կամ թարգմանում էին, կամ չէ»,- ասաց Ոսկանյանը: Փաստաբանի խոսքով` Չախալյանը դեռ մտադիր է չմասնակցել հոկտեմբերի 30-ին նախատեսված վերջնական դատավարությանը: «Այստեղ արդարադատություն տեղի չի ունենում, և ոչ մի հույս չկա, որ կայացվելու է օբյեկտիվ դատավճիռ»,- ասաց Ոսկանյանը: Եթե վերաքննիչ դատարանում Չախալյանի գործն անհաջողության մատնվի, նրա պաշտպանական կողմը մտադիր է դիմել Վրաստանի վճռաբեկ դատարան, իսկ հետո` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.