Վայրագություն վանդակում. Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել առյուծի ձագերի ու ավանակի մենամարտի առցանց տարածումը

Անցյալ շաբաթ առցանց միջավայրում զետեղված տեսանյութը, որում առյուծի երկու ձագեր վանդակում հարձակվում են ավանակի վրա և չարչարում նրան հիացական հայ ամբոխի աչքի առաջ, լայն հնչեղություն ստացավ և հասարակական արժեքների վերաբերյալ քննարկումների տեղիք տվեց, որին միացան նաև կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ:

Տեսանյութը վերագրվում է մեծահարուստ գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, քանի որ վերջինս սեփական գազանանոց ունի և հայտնի է նրանով, որ առյուծ շատ է սիրում: Ծառուկյանը կտրականապես հերքել է, որ այդ տեսանյութը կապ ունի իր կամ իր կենդանիների հետ:

Տեսանյութը Twitter-ում (սոցիալական համացանց) առաջինը տեղադրել էր GoldenTent (իսկական անունը` Անի Վանդարյան) կեղծանունով հանդես եկող բլոգերը:

Վանդարյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ պատահաբար է գտել այդ տեսանյութը, երբ ինտերնետում «Գագիկ Ծառուկյան» որոնման հրաման է տվել:

«Ես ուզում էի հարսանիքի տեսանյութը գտնել (անցյալ շաբաթ Ծառուկյանի դստեր հարսանիքն էր), սակայն ավանակին գտա»,- ասում է Վանդարյանը:

Տեսանյութը Վանդարյանը գտել էր Youtube-ում ու տեղադրել Twitter-ում, ապա դա տարածվել էր Facebook-ում և հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Տեսանյութում, որը բավական վատ որակի է, հայերեն խոսող մարդկանց ձայներ են լսվում: Նրանք առյուծի ձագերին մեղմ ասած «քսի են տալիս» ավանակի վրա և կարծես զվարճանում այդ տեսարանով, սակայն մի պահ, երբ ավանակը ենթադրաբար հաղթում է երկուսին, կրակոցներ են հնչում: Տեսանյութից չի հասկացվում` ավանակը կրակոցներից վիրավորվո՞ւմ է, թե՞ ոչ: Տեսանյութն արագորեն հանվել է Youtube-ից, սակայն այն կարելի է դիտել Dailymotion կայքում (տեսանյութը դիտել են ավելի քան 9000 անգամ):

Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ այդ տեսանյութը որևէ առնչություն չունի պատգամավորի հետ:

«Պարոն Ծառուկյանն ունի միայն սպիտակ առյուծներ: Բացի այդ, այդ վանդակներն անմխիթար վիճակում են, իսկ պարոն Ծառուկյանի առյուծները իդեալական պայմաններում են ապրում»,- ասաց Գալստյանը:

Նա նաև ավելացրեց, որ «Ծառուկյանն այնքան է սիրում կենդանիներ, որ նման զազրելի և անբարոյական արարքը վերջինիս հետ չէր կարող կապ ունենալ»:
(Ամբողջ աշխարհում կան մոտ 500 սպիտակ առյուծներ, որոնք ապրում են հիմնականում Հարավային Աֆրիկայում: Բնապահպաններն այժմ պայքարում են նրանց ոչնչացումից փրկելու համար):

Երկուշաբթի տեղի ունեցած խորհրդարանի նիստից հետո Ծառուկյանը ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հերքել է մեղադրանքները և պնդել, որ իր կենդանիները տարբերվում են տեսանյութի կենդանիներից:

«Մարդիկ ընկնում են շանտաժի հետևից… Իմ կենդանիներն ու այդ ձեր տեսած կենդանիները ուրիշ են: Ես սպիտակ առյուծներ և սպիտակ վագրեր եմ պահում: Ես կենդանի պահող մարդ եմ ու կենդանիներ շատ եմ սիրում: Ինչպե՞ս կարող եմ նման բաներ թույլ տալ, հատկապես առյուծի հետ, որը հզոր կենդանի է»,- ասել է Ծառուկյանը:

Նշենք, որ Հայաստանում չկա կենդանիների խոշտանգումը կամ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժող օրենսդրություն` ի տարբերություն բազմաթիվ եվրոպական երկրների:

Այդուհանդերձ, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը վեր հանող տեսանյութին անդրադարձան մեծ թվով բլոգերներ: Ոմանք նույնիսկ պնդում են, որ այն մոտ երեք տարվա վաղեմություն ունի:

Սակայն կան նաև այս պատմության նկատմամբ անտարբեր մարդիկ:
Uzogh ծածկանունով բլոգեր Ռուբեն Մուրադյանն ասում է, որ իր բլոգում ինքը չի անդրադարձել այդ տեսանյութին:

«Ես հիմնականում քաղաքականության մասին եմ գրում, իսկ ավանակը կապ չունի դրա հետ: Ոչ ոք դեռ չի ապացուցել, որ այդ կենդանիները Ծառուկյանինն են»,- ասում է Մուրադյանը:

Բլոգեր Շուշան Հարությունյանը (Blansh) իր վարած բլոգում անդրադարձել է այս տեսանյութին, սակայն չցանկացավ այդ մասին խոսել:
«Ինչ էլ լինի, փաստ է, որ նման բաներ Հայաստանում կատարվում են»,-«ԱրմենիաՆաուին» ասաց նա:

Հարությունյանի կարծիքով` նման տեսանյութերի և շատ այլ կարևոր հարցերի պարագայում (օրինակ` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները և այլն) Հայաստանի նման երկրների համար բլոգինգը տարատեսակ լրատվամիջոցներից ուղղորդվող տեղեկատվությանն այլընտրանք է:

«Հիմա եթե մեսիջ ունես, այն լայն զանգվածներին հասցնելու հազար ու մի ձև կա»,- ասում է Հարությունյանը:

Մեկ այլ բլոգեր` Արթուր Պապյանն (Observer) էլ կարծում է, որ այս տեսանյութի տարածման գործում բլոգերների դերը չպետք է չափազանցել:

«Արդարացի լինենք ու ասենք, որ տեսանյութը ավելի լայն հասարակական հնչեղություն ստացավ (ավանդական) լրատվամիջոցների շնորհիվ: Սակայն այս դեպքն ապացուցում է, որ լրագրողները բլոգներ կարդում են»,- ասում է Պապյանը:
ԱրմենիաՆաուի էջերում