Դավանանքի ազատություն-2009. ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է Հայաստանին` կրոնական փոքրամասնությունների ազատությանը վերաբերող աննշան բարեփոխումների պատճառովԶեկույցի հրապարակման առնչությամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այս շաբաթ ներկայացրել է 194 երկրներում անցկացված մոնիթորինգի արդյունքները: Զեկույցը վերաբերում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում և քրեական օրենսգրքում տեղ գտած վիճահարույց նախնական փոփոխություններին, որոնք օրենքով սահմանում են քրիստոնեական հավատքը որպես «հավատք առ Հիսուս Քրիստոս` որպես Աստված և Փրկիչ և ընդունում Սուրբ Երրորդությունը»` որպես կրոնական կազմակերպությունների գրանցման նախապայման: Այս նախնական փոփոխությունները նաև փորձում են որակել և քրեականացնել հոգեորսությունը, մի տերմին, որը բացասական նշանակությամբ է օգտագործվում և հոմանիշ է հոգևոր կազմակերպություններին բռնի անդամագրման: Այս օրենքների նախնական փոփոխությունները բուռն հասարակական քննարկումների առարկա են դարձել բազմաթիվ տեղական փորձագետների և կրոնական կազմակերպությունների ակտիվիստների, ինչպես նաև կրոնական փոքրամասնությունների շրջանում, որոնք այդ փոփոխությունները (դրանք դեռ պետք է խորհրդարանական ընթերցումներ անցնեն` օրենքի ուժ ստանալու համար) դիտարկում են` որպես երկրում կրոնական փոքրամասնությունների և դավանանքի ազատության դեմ նպատակաուղղված գործունեություն: Զեկույցի պատրաստման ամբողջ ընթացքում իրեն «Մեկ ազգ» կոչող կուսակցությունը շարունակել է իշխանությունների կողմից խրախուսված (և նրանց լուռ թողտվությամբ) Երևանի տարբեր վայրերում թռուցիկներ տարածել` «Եհովայի վկաներին» հասարակական պարսավանքի ենթարկելով և նախազգուշացնելով աղանդների մասին: Տեղի դիտորդների համաձայն` նույն կազմակերպությունը, որն իրեն նաև «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինք է անվանում, զրպարտիչ բովանդակության հազարավոր թռուցիկներ են տարածել: Թռուցիկներում ՀՀ-ում օրենքով գրանցված կազմակերպություններին համեմատել են «սատանիստների» հետ` պիտակավորելով բոլորին որպես աղանդներ, որոնք հակազգային և կործանարար գործունեություն են ծավալում և կոչ անելով հայերին պայքարել դրանց դեմ: Բազմաթիվ կրոնական փոքրամասնությունները հաղորդել են դպրոցներում դրսևորված անհանդուրժողականության ընդհանուր մթնոլորտի մասին, որի թիրախը կրոնական փոքրամասնություններին պատկանող ուսուցիչներ ու երեխաներ են, և ոչ թե Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդները: Հաղորդումներ են եղել, որ ուսուցիչները դասերի ժամանակ առանձնացրել են կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաներին, իսկ համադասարանցիների համար այդ երեխաները բռնությունների և ծաղրի առարկա են դարձել: Երևանի «Եհովայի վկաներին» մեջբերելով` զեկույցում նշվում է, որ 2009 թ. հունիսի դրությամբ` այդ խմբի 71 անդամներ անազատության մեջ են` զինծառայությունից խուսափելու կամ խղճի ու կրոնական համոզմունքների հիման վրա այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար: Մի քանի դիտորդների կարծիքով` ընդհանուր բնակչությունը բացասաբար է տրամադրված բոլոր կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Այդուամենայնիվ, ըստ տեղի փորձագետների, այս վերաբերմունքը չի ազդել անձնական կամ բարեկամական հարաբերությունների վրա, սակայն ընդհանուր առմամբ կրոնական փոքրամասնություններն ընկալվում են որպես սպառնալիք պետականությանը: Միևնույն ժամանակ կրոնական փոքրամասնությունները շարունակում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սպասավորների թշնամական քարոզչության թիրախ մնալ, դրանց անդամները սոցիալական խտրականության և անհանդուրժողականության են ենթարկվում, ներառյալ աշխատավայրում: «Եհովայի վկաները» հայտնել են, որ ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում տեղի բնակիչները փորձել են խոչընդոտել Վանաձորում պաշտամունքի նորակառույց կենտրոնի աշխատանքները (Լոռու մարզ): Ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել ստեղծված իրավիճակը, և շինարարական աշխատանքները վերսկսվել են առանց հետագա միջադեպերի: Ըստ ԶԼՄ-ի` բնակիչներն ընդդիմացել են պաշտամունքի նոր կենտրոնի կառուցմանը, քանի որ այն շատ մոտ էր դպրոցին և մանկապարտեզին` անհանգստանալով, որ խումբը կարող է ներքաշել իրենց երեխաներին: Բազմաթիվ ԶԼՄ-ներ իրենց հեռուստաեթերում շարունակում են պիտակավորել փոքրամասնություններին որպես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու նկատմամբ աղանդներ, որոշ ԶԼՄ-ներ էլ նրանց վարկաբեկող հաղորդումներ են պատրաստում և հեռարձակում: Զեկույցում նշվում է նաև «Հոգեորսություն» ֆիլմը, որը ցուցադրվել է «Երկիր մեդիա» հեռուստաալիքով և բացասական տեսանկյունից է ներկայացրել կրոնական փոքրամասնությունների խմբերին` պիտակավորելով նրանց որպես աղանդների և մեղադրելով ազգային անվտանգությունը խարխլելու մեջ: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևորականներից մեկը ֆիլմում հայտարարում է, թե այդ կազմակերպությունները միտված են ստրկացնելու մարդկանց և խորամանկ հնարքներ են օգտագործում նոր մարդիկ անդամագրելու նպատակով: Վավերագրական այս ֆիլմում կադրեր կան, որում օտարերկրացի հավատացյալները տրանսի մեջ են, բռնության են ենթարկում երեխաներին, թատերականացված ներկայացումներ անում: Այս արխիվային կադրերը ներկայացված են` որպես տեղի կրոնական կազմակերպությունների գործունեության օրինակներ: Զեկույցում ընդգծվում է նաև, որ կարևորելով կրոնական դավանանքի ազատությունը` Հայաստանում բարեփոխումներ և դրական զարգացումներ կան, արձանագրելով, որ ի տարբերություն նախկին զեկույցի ժամանակաշրջանի` հայկական լրատվական դաշտում հակահրեական հրապարակումներ չեն եղել: ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները սերտ կապ են պահպանում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, ինչպես նաև երկրում առկա այլ կրոնական և էկումենիկ խմբերի առաջնորդների հետ: Դեսպանության պաշտոնյաները, ներառյալ դեսպանը, մասնակցել են կրոնական համայնքների բազմաթիվ միջոցառումների` աջակցելու կրոնական ազատությանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 7 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.