Դավանանքի ազատություն-2009, Վրաստան. զեկույցը քննադատում է Վրաստանի իշխանություններին այլ դավանանքների հոգևոր կառույցները յուրացնելու համարԶեկույցում ասվում է, որ Վրաստանի իշխանությունները չեն վերադարձրել այլ դավանանքներին պատկանող եկեղեցիներ, մզկիթներ, սինագոգներ ու ժողովատեղիներ: 18 տարի առաջ անկախության հռչակումից ի վեր Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պահանջում է հետ վերադարձնել իրեն պատկանող 6 չգործող եկեղեցիները: Այսպես կոչված «վիճահարույց եկեղեցիները» պատկանում են (Վրաստանի) պետությանը: Իշխանության դիրքորոշումը հետևյալն է` խնդիրները պետք է լուծվեն կառավարության, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և Վրաց ուղղափառ եկեղեցու փոխհամաձայնությամբ: Զեկույցն անդրադառնում է նաև Նորաշեն եկեղեցու (որը փակ է 1995 թ.) պատկանելության շուրջ` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և Վրաց ուղղափառ եկեղեցու միջև ծագած տարաձայնություններին: Զեկույցում ասվում է, որ անցյալ տարվա նոյեմբերին Վրաց ուղղափառ եկեղեցու քահանա հայր Տարիել Սիքինչելաշվիլին բուլդոզեր էր բերել եկեղեցու բակ, որը վրացական և Նորաշեն եկեղեցիների ընդհանուր տարածքն է: Որպեսզի բուլդոզերը կարողանար անցնել, բակի մի քանի հայկական տապանաքարեր էր տեղաշարժել, իսկ հետո նորից տեղը դրել: Հայ հոգևորականությունը սա որակել էր անհարգալից վերաբերմունք այդտեղ թաղված հայերի աճյունների նկատմամբ: Ամռանը գործունեությունը դադարեցվել է, և հայկական տապանաքարերի վրայից շինարարական աղբը մաքրվել է: «Վիճահարույց եկեղեցիների» հարցը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովը զեկույցի պատրաստման ընթացքում ոչ մի առաջընթաց քայլ չի կատարել: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևորականները կարծում են, որ սեփականությանն առնչվող վիճաբանությունները լուծվում են ոչ թե թափանցիկ իրավական գործընթացում, այլ մասնավոր դեպքերի հիման վրա` բավարարելով Վրաց ուղղափառ եկեղեցու պահանջները: Նրանք ասում են, որ կառավարությունը չի ցանկանում լուծել եկեղեցական վիճահարույց շինություններին առնչվող խնդիրները` վախենալով վիրավորել Վրաց ուղղափառ եկեղեցու հավատացյալներին: Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, ինչպես նաև այլ եկեղեցիներ (Հռոմի կաթոլիկ և բողոքական եկեղեցիների դավանանքներ) դեռևս խոչընդոտների են հանդիպում նոր եկեղեցիներ կառուցելու թույլտվություն ստանալու հարցում, որը պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների անբարյացակամությամբ: Նրանք չեն ցանկանում շինարարության թույլտվություն տալ` Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավորներին չվիրավորելու համար: 2009 թ. ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշել է, որ դպրոցում ուսուցիչները երեխաներին ասել են, թե նա, ով խաչակնքում է ուղղափառների նման, «Աստծո նշանն է անում», իսկ այն երեխաները, որոնք Հռոմի կաթոլիկների նման են խաչակնքում, «սատանայի նշանն են անում»: Սրան հակառակ զեկույցում նշվում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին վերականգնել է իր սեփականությունների մեծ մասը: Խորհրդային տարիներին պետությունը եկեղեցուց բռնագրավել էր նրա սեփականության մեծ մասը, որը գրեթե ամբողջությամբ վերադարձվել է եկեղեցուն: Բացի Վրաց ուղղափառ եկեղեցուն սեփականությունը վերադարձնելուց, կառավարությունը նաև ամեն տարի դրամաշնորհներ է հատկացնում եկեղեցուն` որպես խորհրդային տարիներին հասցված վնասների փոխհատուցում: 2009 թ. դրամաշնորհը կազմել է 15 մլն դոլար:
Other Articles in Հասարակություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.