«Նարնջագույն հեղափոխություն». երրորդ օպերատորը մտադիր է նվաճել հայաստանյան շուկանՀայաստանում արդեն գործող երկու բջջային օպերատորները գրավել են շուկայի մեծ մասը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, վերջին տվյալներով, ավելի քան 2 մլն բաժանորդ ունի, իսկ «ԲիԼայն» ընկերությունը, 2009-ի հունիսի տվյալներով` ավելի քան 480 000 բջջային բաժանորդ: «Մենք կունենանք երկու տեսակ բաժանորդներ` մեր բաժանորդ կդառնան թե բջջային կապից առաջին անգամ օգտվել ցանկացողները և թե նրանք, ովքեր արդեն այլ օպերատորների բաժանորդ են, բայց կցանկանան փորձել նաև մեր ծառայությունները: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 15 տարեկանների մոտ 20 տոկոսը, օրինակ, դեռ չի օգտվում բջջային կապից»,- իրենց ապագա շուկան նկարագրեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Իր պաշտոնական մուտքից մեկ շաբաթ առաջ Orange-ը համագործակցության երկրորդ հուշագիրը ստորագրեց բուհերից մեկի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հետ: (Անցյալ շաբաթ նման հուշագիր էր ստորագրվել նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ:) «Ես ուրախ եմ հատկապես, որ այս հուշագիրը ստորագրվում է մեր շուկա մտնելուց մեկ շաբաթ առաջ: Թեև մեր ընկերությունը կոմերցիոն է, մեր գործունեության հիմքում ընկած են տեխնոլոգիաները: Ուստի մեզ ձեռնտու է ՀՊՃՀ-ի հետ համագործակցությունը»,- ասաց Դյութուան: Համագործակցության հուշագրի համաձայն` Orange-ն ու ՀՊՃՀ-ն կիրականացնեն գիտահետազոտական ծրագրեր ու մասնագիտական դասընթացներ իրենց մասնագետների մասնակցությամբ: Բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողները կկարողանան պրակտիկա անցնել Orange-ում: «Մարդիկ, որոնց հետ որպես ստաժոր մի քանի ամիս կշփվենք, ավելի տեսանելի կլինեն մեզ համար որպես մասնագետ, ու մենք նրանցից կկարողանանք աշխատողներ ընտրել: Սակայն սա չի նշանակում, որ այլ մասնագետների չենք ընդունելու աշխատանքի»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Դյութուան: ՀՊՃՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ ընկերության ու համալսարանի համագործակցությունը սկսվել էր դեռ 9 ամիս առաջ. «Ինժեներական համալսարան լինելով` մենք չենք համապատասխանի այսօրվա աշխատանքային շուկայի չափանիշներին, եթե չհամագործակցենք նման կազմակերպությունների հետ»,- ասաց նա:
Other Articles in Բիզնես
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.