«Հայկական դատավարություն» Վրաստանում. ջավախահայ ակտիվիստի իրավապաշտպանները արդարություն են փնտրելու միջազգային ատյաններում

Չախալյանի դատավճիռը մնաց անփոփոխ
Վրաստանի վերաքննիչ դատարանի կողմից ջավախահայ հայտնի քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին 10 տարի ազատազրկելու որոշումն անփոփոխ թողնելուց հետո նրա պաշտպանությունը ստանձնած Երևանում գործող
«Երկիր» հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների միությունը այսուհետ աջակցություն է փնտրելու միջազգային ատյաններում:

Հիշեցնենք, որ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Չախալյանը ձերբակալվել էր 2008 թ. հուլիսին` Ախալքալաքի (Հարավային Վրաստանում գտնվող հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի շրջանի կենտրոն) ոստիկանության պետի տան մոտ կատարված ավտոպայթյունից հետո և մեղադրվում է Վրաստանի քր. օրենսգրքի մի քանի հոդվածներով` «զենք ու զինամթերք ձեռք բերելու և պահելու», «հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու», ոստիկանին ցույց տված խմբակային դիմադրության և խուլիգանության»:

«Երկիր» միության ծրագրերի պատասխանատու Ռոբերտ Թաթոյանը համոզված է, որ սա իրականում Վրաստանի իշխանությունների հերթական քայլն է վրացահայերի դեմ:

«Ընդամենը 10-15 րոպե ձևական խորհրդակցություններից հետո վերաքննիչ դատարանը կայացրեց այդ որոշումը, և դատարանի լսումներն անցկացվեցին նույն սցենարով, ինչ և առաջին ատյանում`անպատշաճ թարգմանություն, միջնորդությունների մերժում, փորձաքննությունների ուշացում…»,- ասաց Թաթոյանը:

«Երկիր» միության տարածած հայտարարության համաձայն`Վրաստանի իշխանությունները գիտակցաբար ուզում են ավելացնել ճնշումը հայկական համայնքում և մեծացնել վախի մթնոլորտը:

«Վրաստանը չի էլ գիտակցում, որ այդպես գործում է իր իսկ շահերին հակառակ: Այդպես նա կորցրեց Հարավային Օսիան, Աբխազիան, եթե այսպես շարունակվի, մի օր էլ մենք կցանկանանք հետ վերցնել Ջավախքը»,- ասաց «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից սպասվելիք քայլերին, Արծրունին հույս է հայտնում, որ ՀՀ նախագահի կողմից արդեն իսկ բարձրացվել է վիճահարույց հայկական 6 եկեղեցիների հարցը Վրաստանում և հնարավոր է, որ ապագայում Չախալյանի նկատմամբ ևս անտարբեր չլինեն:
ԱրմենիաՆաուի էջերում