Երևան-Էջմիածին-սփյուռք. Ըստ Սարգսյանի` թեև եկեղեցին անջատ է պետությունից, սակայն կարևոր դերակատարություն ունի հայ ժողովրդի կյանքում
Նախագահ Սարգսյանն ասում է, որ եկեղեցի-պետություն հարաբերություններն այժմ մոտ են ոսկե միջինին: «Խոստովանենք, որ եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորումը հեշտ խնդիրներից չէ: Եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին: Այս պարզ բանաձևը դժվար է կիրառել կյանքում, որովհետև մեր` հայերիս դեպքում գրեթե անհնար է զատորոշել այն սահմանը, թե որտեղ է ավարտվում մեր հոգևոր մշակույթը և որտեղ է սկսվում աշխարհիկ, մասնավորապես` քաղաքական մշակույթը: Կարծում եմ, որ այսօր մենք մոտ ենք ոսկե միջինին…: Այս ասպարեզում իհարկե ժամանակը կանի իր անխուսափելի սրբագրումները, բայց, ըստ էության, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Պետական կառույցները պատրաստ են շարունակել և խորացնել այս համագործակցությունը, որ արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները»,- ասել է նախագահ Սարգսյանը: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկայացրել է ժողովի աշխատանքները` նվիրված Ընդհանուր կանոնադրության մաս կազմող` Թեմական կանոնադրության ուղենշային փաստաթղթի քննարկմանն ու հաստատմանը: «Թեմական և ծխական կանոնադրությունների ուղենշային փաստաթղթի ընդունումը մեր եկեղեցու համար հուսալի հեռանկարներ է ստեղծելու թեմերի կյանքն առավել կազմակերպված դարձնելու առումով,- ասել է Վեհափառ հայրապետը: - Այս փաստաթղթի ընդունմամբ մենք զգալի քայլ ենք կատարելու Հայ եկեղեցու կանոնադրության ընդունման գործընթացում`միաժամանակ արտացոլելով Հայոց եկեղեցու պատմականոնական դիմագիծը»: Նախագահ Սարգսյանը խիստ կարևորել է Հայ եկեղեցու գործունեությունը սփյուռքում` նշելով, որ դա է հայությանը միավորող ամենահուսալի շաղախը: «Միասնական արմատների, միասնական նպատակների, ընդհանուր մարտահրավերների և մանավանդ ընդհանուր ապագայի մասին եկեղեցու պատգամն ու հորդորը նոր ոգի են հաղորդում արտերկրի մեր քույրերին ու եղբայրներին և կարող են թևավորել նույնիսկ հուսահատվածներին: Ողջ հայության միասնական կեցվածքը ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական մեծ կապիտալ է: Անթույլատրելի է այդ կապիտալը մսխել ոչ սկզբունքային հարցերի շուրջ ծագած վեճերում»,- ընդգծել է նա: Թեմական ժողովին ներկա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է Հայ եկեղեցու կարևոր մասնակցությունն ու դերակատարությունը ԼՂՀ կյանքում: Նա ներկայացրել է նաև Արցախի կյանքի տարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները, արցախահայության հիմնախնդիրները: Նախագահ Սահակյանը կարևորել է աշխարհասփյուռ հայության շարունակական զորակցությունը Արցախին: Թեմական ժողովի ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վավերացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից: «Հայաստանի Հանրապետությունը` որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը և պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն` առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ»,- ասել է նախագահ Սարգսյանը: Անդրադառնալով ներկաների հնչեցրած մտահոգությանը, թե թուրքական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, նախագահը կրկնել է, որ այդ երկու գործընթացները որևէ ձևով միմյանց հետ չեն կապվում: Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը գնում է այդ խնդիրներն առանձին-առանձին կարգավորելու ճանապարհով և հաստատակամ է իր այն տեսակետում, որ պետք է լինեն այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանում կապահովեն տևական կայուն խաղաղություն ու զարգացում: Նախագահն ասել է, որ ստորագրված արձանագրությունների վավերացումը և առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում հարաբերությունների հաստատումը պաշտպանում է նաև լայն միջազգային հանրությունը: Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր սցենարների առնչությամբ Հայաստանն ունի իր «ռազմավարական ու մարտավարական պատկերացումները, և, համապատասխան զարգացումներից ելնելով, կձեռնարկվեն համարժեք քայլեր»: Թեմական ժողովին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շեշտել է Հայ Առաքելական եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում: Վարչապետը վստահություն է հայտնել, որ ժողովի արդյունքները կնպաստեն եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանը և ժամանակակից մարտահրավերների արդյունավետ դիմագրավմանը:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 11 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.