Գուսան. էթնոերաժշտությունը հայի արյան մեջ է
«Մարաթուկ» ազգագրական համույթը Գուսան Հայկազունը, որն առավելապես հայտնի է 90-ականների սկզբին` Արցախյան պատերազմի տարիներին գրած հայրենասիրական երգերով («Հայե´ր, միացե´ք», «Գետաշեն», «Պիտի գնանք վաղ թե ուշ» և այլն), ասում է, որ քսան տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում իրեն դեռ ոչ մի անգամ չեն հրավիրել Հայաստանի հանրային հեռուստատեսություն: «Հայաստանի առաջին հեռուստաընկերությունն իր դռները իմ առաջ երբեք չի բացել»,- ասում է գուսանը: 58-ամյա գուսան Հայկազունը (իրական անունը` Գագիկ) մասնագիտությամբ շինարար է և երկար տարիներ աշխատել է այդ ոլորտում: Այժմ աշխատում է ՀՀ մաքսային ծառայությունում: Ասում է` երազում է այն օրվա մասին, որ կկարողա միայն երաժշտությամբ դրամ վաստակել ու կթողնի աշխատանքը, որպեսզի ավելի հաճախ ստեղծագործի: Ինչպես շատ գուսաններ, Հայկազունն էլ երաժշտական կրթություն չունի, ոչ մի գործիք չի նվագում, երաժշտությունը ծնվում է նրա մտքում: Վերջին տարիներին հայրենասիրական երգերին զուգահեռ` Հայկազունը նաև բազմաթիվ սիրային երգեր է գրել, որոնցից շատերը պատրաստվում է ներկայացնել հաջորդ շաբաթ կայանալիք համերգին: Համերգին մասնակցելու են այն երգիչ-երգչուհիները, ովքեր տարիներ շարունակ հաջողությամբ կատարել են գուսանի երգերը (օրինակ` Նունե Եսայանը), ինչպես նաև նրա ղեկավարած «Հայկազունք» խումբը: Գուսանն ասում է, որ տարիներ շարունակ ինքը չի կարողացել ընտրել իր երգերի կատարողներին: Այդ ընթացքում շատերը փոխել են երգերի բառերը, ինչը շատ է զայրացնում գուսանին: «Հիմա, երբ նոր երգեր ունեմ, բոլորին չեմ տալիս: Տալիս եմ այն մարդկանց, ովքեր իսկապես արժանի են»,- ասում է գուսանը և ավելացնում, որ իր նոր երգերը առավել հաճախ երգում է «Հայկազունք» տասը հոգանոց խումբը: Հայկազունն այն կարծիքին չէ, որ հատկապես երիտասարդները ժողովրդական կամ գուսանական երաժշտություն չեն լսում: «Երիտասարդներն էլ են շատ սիրում գուսանական երգը: Ապացույցը իմ երգերն են, որ արդեն քսան տարի` երգում են: Երիտասարդները բոլոր դահլիճներում կատարում են դրանք, իսկ իմ համերգների ժամանակ դահլիճի մեծ մասը երիտասարդությունն է: Պետք է ընդամենը նրան լավը մատուցել, և երիտասարդը հաստատ կվերցնի դա»,- համոզված է գուսանը: Հայկազունի հետ համակարծիք է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արման Դանիելյանը: «Ես ինքս ամենօրյա շփման մեջ եմ երիտասարդության հետ և վստահ կարող եմ ասել, որ հայ երիտասարդը սիրում է իր ժողովրդական երգը: Ճիշտ է` այս անցումային փուլում շատ օտարոտի բաներ մտան մեր մշակույթի մեջ, ու երիտասարդները փորձեցին ընդօրինակել դա, բայց արդեն այսօր տեսնում եմ, որ մեր մշակույթը կամաց-կամաց մաքրվում է դրանից: Մեր ազգային, ժողովրդական երգը երիտասարդի գենի մեջ է ու չի մոռացվում»,- ասում է Դանիելյանը: Ըստ նրա` որպեսզի գուսանական երգը սիրվի հանդիսատեսի կողմից, պետք է հաճախ հնչի ռադիոյով և հեռուստատեսությամբ: Դանիելյանը մատնացույց է անում «Շանթ» հեռուստաընկերությանը, որն արդեն մի քանի տարի շարունակ «Ժողովրդական երգ», վերջերս նաև` «Ժողովրդական պար» հաղորդաշարեր ունի, որոնք բավական սիրված են հեռուստադիտողների կողմից: «Երիտասարդները, դիտելով նման հաղորդումներ, սկսում են սիրել իրենց ազգային մշակույթը»,- կարծում է Դանիելյանը:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.