Հանուն մաքուր ջրի. փորձագետը բացատրում է Սևանա լճի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները
Սևանա լիճ. Հայաստանի քաղցրահամ ջրի հիմնական «աղբյուրի» խնդիրները կրկին ուշադրության կենտրոնում են Անցյալ տարվա նոյեմբերից մինչև հիմա Սևանի ջրի մակարդակը բարձրացել է 45 սմ-ով, սակայն, գոլորշիացումն ու մյուս հանգամանքները հաշվի առնելով` 2009-ի բարձրացման մակարդակը կանխատեսվում է 31 սմ: Երեքշաբթի ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, լրագրողներին ներկայացնելով անցյալ տարի լճի մակարդակի բարձրացման ու ջրի մաքրության պահպանման հիմնահարցերը, ընդգծեց, որ առանց այս միջոցառումների զուգադրման, ինչպես նաև լճի կենսաբազմազանությունը վերականգնելու, Սևանը հնարավոր չի լինի դուրս բերել մահացման վիճակից: «Մեր գերագույն խնդիրը Սևանի էկոհամակարգի պահպանման, վերարտադրության, բնականոն զարգացման և օգտագործման խնդիրների լուծումն է: Այդ խնդիրների լուծման համար պետք է լուծել եռամիասնական խնդիր»,- ասաց Մովսիսյանը: Բնապահպանները բազմիցս ահազանգել են Խորհրդային Միության տարիներից մինչ օրս շարունակվող լճի հնարավորությունների ու պաշարների օգտագործման կործանարար վտանգի մասին: Այսպես, էլեկտրաէներգիայի արտադրության և ոռոգման նպատակներով, օրինակ, 1933-ից մինչև հիմա օգտագործվել է լճի ջրային պաշարների ավելի քան 40 տոկոսը: Խնդիրը կարգավորվում է հանրապետության նախագահի մակարդակով, որն անցյալ շաբաթ անձամբ վարում էր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը գործունեություն է ծավալում երկու ուղղությամբ` Սևանի հիմնահարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելուն զուգահեռ պատասխանատու նախարարությունների հետ գործնական միջոցառումներ են իրականացվում լճի խնդիրների լուծման համար: «Ջրի մակարդակի բարձրացման ամենակարևոր գործոնը Արփա-Սևան թունելի գործոնն է: Այս տարի վերականգնված է 522 գծամետր թունելի հատակային մասը, որի արժեքը կազմում է մոտ 605 մլն դրամ (1,6 մլն դոլար): Արդյունքում` այս տարի Կեչուտից Սևան ենք տեղափոխել 171 մլն խմ ջուր` անցյալ տարվա 168-ի դիմաց»,- Սևանի մակարդակի բարձրացման աշխատանքների ընթացքը ներկայացրեց Մովսիսյանը: Անցյալ տարի ջրի մակարդակի բարձրացմանը նպաստել է նաև եղանակը: 2009-ին ոռոգման նպատակով Սևանից բաց է թողնվել 126 մլն խմ ջուր` հաստատված 142 մլն խմ-ի փոխարեն, որը վերջին 5 տարվա միջին ցուցանիշից պակաս է 65 մլն խմ-ով, իսկ 2008-ից` 174 մլն խմ-ով կամ 2,5 անգամ: «Այս տարի բնությունը նույնպես այս հարցում օգնել է բարենպաստ պայմաններով: Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին տեղումները նորմայից 3 անգամ ավելի էին»,- փաստեց Սևանի մասնագետը: Մովսիսյանն ընդգծեց Սևանի ջրի մաքրման պահպանության համար այս տարի մեկնարկած` Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքների կոյուղագծերի վերականգնման ու մաքրման կայանների կառուցմանն ուղղված ծրագրի կարևորությունը: Ծրագրի իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 15 մլն եվրո (5 մլն եվրո դրամաշնորհ ու 10 մլն եվրո վարկ) է տրամադրել: «Սրանք լճի հետ առնչություն ունեցող 59 բնակավայրերից ընդամենը 5-ն են»,- ասաց նա: Մովսիսյանը նշեց, որ եթե առաջիկա տարիներին Հայաստանը Սևանի մաքրված ջրի շնորհից չունենա 8 մլրդ խմ խմելու ամբարված ջուր, կկորցնի տարածաշրջանում իր գերակա դիրքն ու ստիպված 20 մլրդ դոլար պետք է ծախսի այդ ջուրն ամբարելու համար: 8 մլրդ խմ մաքուր ջուր ունենալու համար առաջիկա 21 տարիներին Սևանի մակարդակը նախատեսվում է բարձրացնել 6 մետրով` ներկա 1899 մետրից դարձնելով 1905 մետր` տարեկան միջինը 20-21 սմ: Ջրի բարձրացմանը զուգահեռ 1697 շինություն, ոռոգման 4 պոմպակայան, 15 կմ ճանապարհ, 18 կմ էլեկտրահաղորդման գիծ, 19 կմ գազատար խողովակ և 2789 հա անտառածածկ տարածք կմնան ջրի տակ:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.