Պայքար`հանուն բալետի. ստանձնելով Հայաստանի գլխավոր բալետմայստերի պաշտոնը`հռչակավոր բալետմայստերը սովորում է «պարային դժվար շարժումները»

Պայքար`հանուն բալետի. ստանձնելով Հայաստանի գլխավոր բալետմայստերի պաշտոնը`հռչակավոր բալետմայստերը սովորում է «պարային դժվար շարժումները»


Նոր բալետմայստերը Հայաստանում բալետը լճացումից դուրս բերելու առաքելության ճանապարհին բախվել է անօղոք հայկական իրականությանը:

Հայ հռչակավոր բալետմայստերը հայկական բալետի խաղացանկը հարստացնելու դժվարին խնդրի առաջ է կանգնած, խնդիր, որ շատ ավելի դժվար է, քան սկզբում թվում էր:

Վաշինգտոնի «Արկա» բալետային խումբը ղեկավարող Ռուդոլֆ Խառատյանը մեկ ու կես տարվա բանակցություններից հետո ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը ստանձնելու հրավեր է ստացել:

Արդեն երկու ամիս է, ինչ 62-ամյա բայետմայստերը Հայաստանում է: Սակայն նա ասում է, որ տեխնիկական խնդիրները դեռ թույլ չեն տվել իրեն լրջորեն զբաղվել իր գործով:

«Ես ուղղակի մի պահ հասկացա, որ զարգացնում եմ համաշխարհային բալետը և դասեր եմ տալիս բոլոր հեղինակավոր խմբերին, բայց երբ մեկուկես տարի առաջ եկա «Տանգո» և «Վարդանանք» բեմադրություններն այստեղ բեմադրելու, հասկացա, որ մերը դոփում է տեղում, ու ժամանակն է, որ վերադառնամ»,- խոստովանեց Խառատյանը:

20 տարի ապրելով Վաշինգտոնում և զգալով համաշխարհային բալետի զարկերակը` Խառատյանը ցանկանում էր ժամանակակից միտումները բերել նաև Հայաստան, որը հիմնականում ռուսական բալետի դպրոցի հիմքերով է այժմ աշխատում: Բայց պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:

«Ես նախատեսում էի մեկ տարվա ընթացքում ստեղծել մոտ տասը բեմադրություն թե դասական, նեոկլասիկ ոճերում և թե ժամանակակից բեմադրիչների ու իմ սեփական բեմադրությունները, սակայն այստեղ գալով հասկացա, որ երազելը մի բան է, իսկ իրականությունը` մեկ այլ»,- տխրելով արձանագրում է բալետմայստերը:

Բալետային խումբը անհավասար մարզաձևի մեջ է, բացակայում են տեխնիկական պայմանները, այսինքն` չկան համապատասխան պուանտներ (բալետի պարողների կոշիկներ) աղջիկների համար, պարապելու դահլիճները լավ վիճակում չեն, չկա հեռուստացույց, DVD, որոնց օգնությամբ պարողները կարող են ծանոթանալ ներկայացումներին:

«Ու ես ստեղծագործական վերելքների մասին մտածելու փոխարեն անընդհատ զբաղվում եմ ինչ-որ հիմար, բայց շատ կարևոր տեխնիկական հարցերով, որոնք մարդու միտքը բթացնում են»,- ասում է Խառատյանը:

Ինչպես նախկին գլխավոր բալետմայստեր Հովհաննես Դիվանյանը, այնպես էլ Խառատյանը խոստովանում է, որ անհնար է որակ ստանալ, երբ պարողները միայն օրվա կեսն են զբաղվում իրենց գործով, բայց չի էլ կարող արգելել, քանի որ նրանք այլ գործերով էլ են զբաղվում ընտանիք պահելու համար: Նրանք ստանում են 39000-89000 դրամ աշխատավարձ (130-296 դոլար):

Պարողների մոտ կա լարվածություն, ոչ ոք դեռ չգիտի` ինչ է լինելու, բայց երբ հարցնում ես, թե ինչ են ակնկալում, ասում են.

«Մենք նոր բեմադրություններ ենք ուզում, նոր խաղացանկ ենք ուզում, հոգնել ենք անընդհատ նույն գործերը պարելուց`«Գայանե», «Ժիզել», «Դոն Քիշոտ»: Լավ է` գոնե «Սպարտակն» էլ բեմադրեցին»,- ասաց գլխավոր պարուհիներից Ժակլին Սարխոշյանը:

Սակայն նախկին պարուհի Էլվիրա Մնացականյանը կարծում է, որ շատ դժվար է լինելու, քանի որ «Սպարտակը» կայացավ միայն նրա շնորհիվ, որ մշակույթի նախարարությունից բացի կային 6 խոշոր հովանավորներ:

Գլխավոր մենապարող Ռուբեն Մուրադյանի կարծիքով` «Սպարտակը» կայացավ նաև Խառատյանի շնորհիվ, քանի որ նրա բեմադրությամբ էր, որ երեք տարի առաջ Սոչիում ճանաչված Յուրի Գրիգորովիչի անվան երկրորդ միջազգային մրցույթի ժամանակ ինքը գրավեց առաջին տեղը և Յուրի Գրիգորովիչը, իրեն ու մյուս հայ տղաներին տեսնելով, որոշեց գալ Հայաստան ու «Սպարտակը» բեմադրել:

«Եթե պրն Խառատյանը «Տանգոյի» նման ներկայացումներ բեմադրի, շատ լավ կլինի, քանի որ այն կարճ է ու հաճելի ինչպես պարողների, այնպես էլ հանդիսատեսի համար»,- ասաց Մուրադյանը:

Հայ պարողներն ուզում են նաև, որ ընդարձակվի դասական գործերի խաղացանկը` բեմադրվեն «Կարապի լիճը», «Ռոմեո և Ջուլիետը» և այլն: Սակայն այս բալետներից միայն մեկը կարող է բեմադրվել 2010 թ.: ՀՀ մշակույթի նախարարությունը 21,5 մլն դրամ (56,500 դոլար) է հատկացրել «Շչելկունչիկը» բեմադրելու համար:
ԱրմենիաՆաուի էջերում