ՀՅԴ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մտել է սպասողական փուլ

Մանոյանը հիշեցնում է, որ արձանագրությունները նախևառաջ պետք է ներկայացվեն սահմանադրական դատարանի քննարկմանը:
ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատուի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մտել է սպասողական փուլ, և առաջիկա ամիսներին այս խնդրում հազիվ թե որևէ «տեղաշարժ» լինի:

Կիրո Մանոյանը նշեց, որ Թուրքիայի խորհրդարանում ցյուրիխյան արձանագրությունների վավերացման գործընթացը կանգ է առել արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի քննարկման փուլում: Ինչ վերաբերում է հայկական կողմին, արձանագրությունները նախ պետք է ներկայացվեն ՀՀ սահմանադրական դատարանի քննարկմանը (որոշելու դրանց համապատասխանությունը սահմանադրությանը), ինչն առայժմ չի արվել:

ՀՅԴ-ն, որը նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսի հիմնական ընդդիմախոսն է, մտադիր է առաջիկայում կրկին ստորագրահավաք անցկացնել` կոչ անելով պատգամավորներին չվավերացնել ցյուրիխյան արձանագրությունները:

«Մինչև 2010 թ. գարուն ցյուրիխյան արձանագրությույնների վավերացման գործընթացում դժվար թե արժի որևէ փոփոխություն սպասել: Իսկ գարնանը` ապրիլի 24-ի նախաշեմին, Թուրքիան որոշակի քայլեր կձեռնարկի, որոնք ավելի շատ ցուցադրական բնույթ կունենան, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով իր պատրաստակամությունը»,- նշեց Մանոյանը: Նա ընդգծեց, որ դա տեղի կունենա բացառապես այն պատճառով, որպեսզի թույլ չտրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հնարավոր ընդունումը:
ԱրմենիաՆաուի էջերում