«Հատիսը» վերադառնում է. Հայաստանի բասկետբոլի թիմը նշանավորեց իր վերադարձը` հաղթանակ տոնելով Եվրոպական ակումբային մրցաշարում
Ավագ Բոյանա Վուլիչը (նկարում՝ աջից երկրորդը) իր թիմակիցներին և մարզասերներին ոգեշնչեց իր գերազանց խաղով և եռանդով: Բասկետբոլի վաղեմի սիրահարները, որոնք ներկա էին «Միկա» փակ մարզասրահում, պետք է որ հիշեն, թե ինչպես էր խորհրդային տարիներին հանդես եկող «Հատիսի» (որն այն ժամանակ Աբովյանի թիմն էր) խաղը մարզասերներով լի դահլիճներ հավաքում: Լեգենդար թիմում ընդգրկված էին ոչ միայն հայ, այլև ռուս և ուկրաինացի բասկետբոլիստներ: 1989 թ. «Հատիսը» նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Այդ հաջողությունը հավասարազոր էր խորհրդային ֆուտբոլում «Արարատի» հաղթանակներին: Այս տարի վերածնված «Հատիսի» մեկնարկը հավակնոտ էր: Թիմի խաղացողները, վրացահայ մարզչի գլխավորությամբ, չեն թաքցնում, որ խաղում են ոչ թե պարզապես միջազգային մրցաշարերին մասնակցելու, այլ հաղթանակներ տոնելու համար: Այս մրցաշրջանում թիմը նպատակ ունի առնվազն դուրս գալ Եվրոպական ակումբային մրցաշարի «փլեյ-օֆ» փուլ: Ակտիվ ջանքերի շնորհիվ թիմում ներգրավվել են ոչ միայն հայ բասկետբոլիստներ, այլև Սերբիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և նույնիսկ ԱՄՆ-ից ու Ճամայկայից մարզուհիներ: «Հատիսը» ղեկավարում է վրացահայ Գիա (Գեորգի) Ղազանչյանը: Մասնագետներն ասում են, որ համաշխարհային ճգնաժամը հավանաբար օգնել է «Հատիսին» և Հայաստանի առաջնությանը` ավելի գրավիչ լինելու եվրոպական այլ ակումբների մարզուհիների համար: Բասկետբոլի եվրոպական ակումբային որոշ թիմեր անցյալ տարի ցրվել են համաշխարհային ճգնաժամի հարուցած ֆինանսական դժվարությունների պատճառով: Բազմաթիվ լեգեոներ խաղացողների համար Հայաստանում խաղալու հրավերը փրկարար օղակ և առիթ հանդիսացավ` Եվրոպական ակումբային մրցաշարին մասնակցելու: Հինգշաբթի կազմակերպված խաղի իսկական հերոս դարձավ «Հատիսի» ավագ սերբացի 25-ամյա Բոյան Վուլիչը (հասակը` 193 սմ): Նա ոչ միայն իր հաշվին գրանցեց գնդակների մեծ մասը, այլև թիմի շարժիչ ուժն էր: Նա թիմակիցներին վստահություն էր ներշնչում, երբ ռուսները մի պահ նախաձեռնությունն իրենց ձեռքն էին վերցրել: Խաղավարտի սուլիչից անմիջապես հետո Վուլիչը բազմաթիվ լրագրողների և օպերատորների առաջ պարային շոու ցուցադրեց` ապացուցելով, որ գերազանց մարզուհի լինելուց զատ նա նաև հմայիչ աղջիկ է, որը սիրում է պարել և զվարճանալ: F խմբում ընդգրկված «Հատիսի» մրցակիցներն են «Սոնի Աթինաիկոսը» (Հունաստան), «Բեշիկթաշը» (Թուրքիա) և «Չևակատան»: (Անցյալ շաբաթ առաջին խաղում Հայաստանի թիմը պարտվեց Աթենքի հունական թիմին:) Խաղերը կազմակերպված են սեփական հարկի տակ և արտագնա սկզբունքով: «Հատիսի» հաջորդ մրցակիցը Թուրքիայի թիմն է: Խաղն անցկացվելու է նոյեմբերի 26-ին Ստամբուլում: Թուրքերի և հույների հետ պատասխան հանդիպումները նախատեսված են Երևանում, համապատասխանաբար, դեկտեմբերի 3-ին և 17-ին: Դեկտեմբերի 10-ին «Հատիսը» կմեկնի Ռուսաստան: Յուրաքանչյուր խմբում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, այդ թվում նաև` 11 թիմերից այն 10 թիմերը, որոնք կզբաղեցնեն երրորդ տեղը, կանցնեն «փլեյ-օֆ»: Սա նշանակում է, որ երևանյան ակումբը մեծ հնարավորություն ունի անցնելու «փլեյ-օֆ», որտեղ խաղալու են Եվրոպայի լավագույն թիմերը:
Other Articles in Բասկետբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.