Դեժա վյու. «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը նորից հաղթանակին շատ մոտ էր
Լուարա Հայրապետյանը երրորդ տեղն է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ-2009»-ում: 12-ամյա Լուարա Հայրապետյանն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվող «Մանկական Եվրատեսիլի» եզրափակչում լավ ելույթ ունեցավ: Նրա «Առա´ջ, Բարսելոնա» ֆուտբոլային ուրախ երգն արժանացավ հանդիսատեսների բուռն ծափողջույններին: Հայաստանի մասնակցի ելույթը դրական գնահատվեց նաև երգը ներկայացնելուց հետո` հեռուստաքվեարկության ընթացքում ստանալով բարձր միավորներ: Մինչև քվեարկության վերջին արդյունքների հրապարակումը 13 մասնակիցների թվում Հայաստանը զբաղեցնում էր վերին հորիզոնականները: Հաղթանակի համար Հայաստանին անհրաժեշտ էր առնվազն 7 միավոր, սակայն հեռուստաքվեարկության արդյունքները հայտարարող վերջին երկիրը` Մակեդոնիան, ընդամենը մեկ միավոր տվեց «Բարսելոնային»: Իսկ Լուարայի մրցակիցը` Նիդեռլանդները ներկայացնող Ռալֆը, ստանալով 10 միավոր, դարձավ մրցույթի հաղթողը` իր «Քլիք քլաք» երգով` ընդհանուր հաշվով վաստակելով 121 միավոր: Հայաստանն ու Ռուսաստանը կիսեցին երկրորդ և երրորդ տեղերը` յուրաքանչյուրը 116-ական միավորով: Այս դրամատիկ եզրափակիչը հիշեցրեց 2007 թ. Հայաստանի առաջնելույթը «Մանկական Եվրատեսիլում», երբ մեր «Արևիկ» մանկապատանեկան համույթը, 17 մասնակիցների մեջ գրեթե ողջ քվեարկության ընթացքում մնալով առաջատարի դիրքերում, իր տեղը զիջեց Բելառուսի մասնակցին միայն այն ժամանակ, երբ վերջին մասնակից երկիրը հայտարարեց իր միավորները: (Հայաստանին հաղթանակի համար չբավարարեց ընդամենը մեկ միավոր:) Այս անգամ Հայաստանին առավելագույն` 12 միավոր տվեցին Կիպրոսը, Ռուսաստանը և Վրաստանը: Հայաստանի դեռատի երգչուհուն 10 միավոր տվեցին Բելգիան, Նիդեռլանդները և Շվեդիան, 8 միավոր` Բելառուսը, Սերբիան` 7, իսկ Մալթան ու Ռումինիան` 6-ական միավոր: Իսկ Հայաստանն առավելագույն միավորը տվեց Ուկրաինան ներկայացնող հայ մասնակցին` Անդրանիկ Ալեքսանյանին, որը զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը: Մյուս միավորները Հայաստանը հետևյալ կերպ բաշխեց. Ռուսաստանին` 10, Նիդեռլանդներին` 8, Բելգիային` 7, Վրաստանին` 6, Շվեդիային` 5, Մալթային` 4, Կիպրոսին` 2 և Բելառուսին` 1 միավոր: (Աղբյուրը` մրցույթի պաշտոնական կայքը` www.junioreurovision.tv) «Մանկական Եվրատեսիլ 2009»-ի մասնակիցների ամբողջական ցուցակին և վերջնական արդյունքներին ծանոթանալու համար այցելե´ք հետևյալ կայքէջը` www.junioreurovision.tv
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.