«Բարգավաճ Հայաստանն» ընդդեմ Հանրապետականների. ոչ միայն «մարզական հակամարտություն»Երկու կուսակցությունների միջև առանց այն էլ բարդ հարաբերություններն ավելի սրվեցին, երբ անցյալ շաբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀԿ վարչության անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, մեծահարուստ գործարար Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ «ԲՀ»-ի նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, մեկ այլ մեծահարուստ գործարարի` Գագիկ Ծառուկյանի խոսքին, որը հայտարարել էր, թե Բուրսա չի գնացել Թուրքիա-Հայաստան խաղը (հոկտեմբերին) դիտելու, քանի որ նախապես գիտեր, որ հայ ֆուտբոլիստները պարտվելու էին: «Ես այդ արտահայտությունը բարոյական չեմ համարում,- ասաց Հայրապետյանը` անդրադառնալով արմռեսլինգի նախկին չեմպիոնի խոսքին: - Լավ կլիներ Գագիկ Ծառուկյանը իր մուսկուլներով աջակցեր մեզ Բուրսայում»: Հայրապետյանի խոսքին անմիջապես հետևեց «ԲՀ»-ի մամուլի գրասենյակի հայտարարությունը, որում ասվում է. «Բարոյականության մասին խոսում են ոչ թե մեկ հայտարարությամբ կամ էլ մեկ խոսքով, այլ այն ձևավորվում է մարդու տարիների աշխատանքի, նրա թողած ձեռագրի արդյունքում»։ «Եվ այդ առումով մեր ժողովուրդը լավ է տեսնում, թե ով ինչպես է ղեկավարում իրեն վստահված ոլորտը և ինչ հաջողություններ ունի այնտեղ։ Իսկ փաստն այն է, որ տարիներ շարունակ հայ մարզասեր հասարակության համար մի այնպիսի զգայուն ոլորտ, ինչպիսին ֆուտբոլն է, մնում է անմխիթար վիճակում։ Մի՞թե բարոյական է խոսել բարոյականության մասին, երբ մարզադաշտում ծեծի են ենթարկվում մարզասերները, որոնք ուղղակի խիզախություն են դրսևորում պահանջել ոլորտի պատասխանատուների հրաժարականը»,- ասված է հայտարարության մեջ։ Երկու քաղաքական կուսակցությունների միջև հակամարտությունը վաղուց դուրս է եկել «մարզական» շրջանակներից: Ի պատասխան Երևանի ավագանու նիստերում քվորումի քվոտան 34-ից 17 իջեցնելու հանրապետականների առաջարկի` «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները սպառնացին քննարկել իրենց մանդատները վայր դնելու հարցը, քանի որ, նրանց կարծիքով, քվոտայի իջեցումը սահմանափակում է մայրաքաղաքի վարչակազմում կուսակցության ներկայացուցիչների գործունեությունը և նվազեցնում նրանց քաղաքական կշիռը ավագանիում:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.