«Յուն Մի Րա» պարային համույթը կորեական ավանդական պարեր ներկայացրեց հայ հանդիսատեսին:
Փետուրի նման թեթև ու սահուն քայլեր, որոնք գրեթե չեն դիպչում բեմահարթակին, կայսերական թագեր, ոսկեգույն նախշերով գունեղ մետաքսե տունիկաներ, թմբուկների յուրաքանչյուր զարկի հետ օդ բարձրացող սպիտակ «թևքեր», ուրախ տոնական տրամադրություն ծնող սրինգի քաղցր հնչյուններ:
Կիրակի` նոյեմբերի 22-ին, կորեական ժողովրդական պարի համույթի` «Յուն Մի Րայի» ելույթն սկսվեց «Թխեփխյոն» ավանդական պարով, որը դեռևս 10-րդ դարում պարում էին կայսերական ընտանիքի անդամները: Այն յուրօրինակ աղոթք էր երկրում խաղաղության և համերաշխության համար: Երկօրյա համերգը ինը պարից էր բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը որոշակի փիլիսոփայություն և տրամադրություն է արտահայտում: Համերգներն ընդգրկված էին Հայաստանում Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոսություն հիմնադրման 5-ամյակին նվիրված շաբաթի տոնական միջոցառումների շարքում:
Համերգի մեկնարկը տվեց Ռուսաստանում Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) դեսպան Պարկ Սան Հունը, որն իր շնորհակալական խոսքն ուղղեց Հայաստանում Կորեայի պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանին, ինչպես նաև «Կորեա» հիմնադրամին և ՀՀ մշակույթի նախարարությանը` միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար:
«Միջմշակութային փոխանակումն օգնում է ավելի լավ հասկանալու միմյանց և նպաստում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը: Հայաստանն ու Կորեան շատ ընդհանուր բաներ ունեն, օրինակ` մեր երկու երկրներն էլ պահպանել են իրենց սովորույթներն ու մշակութային արժեքները: Մեր ազգային պարերը մարմնավորում են Կորեայի ժողովրդի սիրտն ու ոգին: «Յուն Մի Րայի» անսամբլը 8500 կմ է կտրել-հասել այստեղ, որպեսզի Երևանում ներկայացնի այդ մշակույթը»,- ասաց դեսպանը:
Մեկ շաբաթ տևող միջոցառումների շրջանակներում տեղի կունենա պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կորեերենի բաժնի ուսանողները կողջունեն հյուրերին: (Կորեերենի բաժինը բացվել է երեք տարի առաջ և այն ժամանակ ընդամենը 10 ուսանող ուներ, իսկ այժմ` արդեն 250: Լավագույն ուսանողներն ամեն տարի մշակութային ծրագրի շրջանակներում մեկնում են Կորեա` մասնակցելու վերապատրաստման դասընթացների:) Հայ և կորեացի գրողների բանաստեղծություններ կարտասանվեն երկու լեզուներով, որին կհաջորդի «Ջումոնգ` Լեգենդի արքայազնը» (ներկայումս ցուցադրվում է Հայաստանի հեռուստաալիքներից մեկով) հայտնի կորեական դրամայի համար գրված երգի կատարումը: 81 սերիայից բաղկացած վիպերգական հեռուստասերիալը պատմում է Ք.ա. 37 թ. Կորեայի առաջին թագավորության` Գոգուրեոյի և այն հիմնող Ջումոնգի մասին: Ֆիլմն առաջին անգամ Հայաստանում ցուցադրվել է 2008 թ.: Այն շատ բարձր վարկանիշ ունեցավ` «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լսարանի 80 տոկոսը (50 000 մարդ): Այս տարի ֆիլմը բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով կրկին ցուցադրվում է:
Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև առաջին անգամ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ.: (Հայաստանում Հարավային Կորեայի պատվո հյուպատոսության տրամադրած տվյալների համաձայն` Հայաստանում մշտապես բնակվում է կորեական մեկ ընտանիք, իսկ մոտ 50 մարդ աշխատում են տարբեր կազմակերպություններում:) Սակայն 1950-ականներին Երևանում շատ կորեական ընտանիքներ էին ապրում: Քաղաքի այն հատվածը, որտեղ նրանք ապրում էին, մինչև այսօր մարդիկ գիտեն որպես Կորեայի թաղամաս:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.