Կենսաթոշակային ապահովում. ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով կուտակային համակարգի ներդրումը հետաձգվել էԿենսաթոշակային նոր համակարգը նախատեսում է, որ 2011 թ. հունվարի 1-ից մինչև 40 տարեկան ցանկացած քաղաքացի ինքը պետք է կուտակի իր ապագա թոշակը` ամեն ամիս վճարելով աշխատավարձի 5 տոկոսը, որի վրա պետությունն իր հերթին պարտավորվում է ավելացնել փոխանցված գումարին հավասար գումար: Այսինքն` հետագայում թոշակը կձևավորվի ոչ թե ըստ աշխատանքային ստաժի, ինչպես գործող համակարգով, այլ` աշխատավարձի չափի. որքան բարձր կլինի աշխատավարձը, այնքան բարձր կլինի նաև թոշակը: «Թոշակների համար տրվող պարտադիր վճարումները կհաշվառվեն քաղաքացիների անհատական հաշիվներում, դրանք կներդրվեն համապատասխան կուտակային հիմնադրամներում, և ծերության կենսաթոշակ ստանալու ժամանակ մարդիկ կունենան ապրելու համար բավարար դրամագլուխ»,- ասում է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Թեև կառավարությունն արդեն մի քանի տարի ծրագրում է անցումը նոր համակարգի, հասարակության մեծ մասը տեղյակ չէ, թե իրականում ինչն է փոխվելու, և որոնք են այդ համակարգի առավելություններն ու ռիսկերը: Հիմնական առավելությունն այն է, որ բարեկեցիկ ծերություն ապահովող թոշակ ստանալու հավանականությունը մեծ է, սակայն մեծ է նաև ռիսկը կորցնելու այն: Հիմնադրամները, որտեղ պետք է կուտակվեն 1970-ից հետո ծնված ՀՀ բոլոր քաղաքացիների թոշակային գումարները, լինելու են պետության կողմից լիցենզավորված մասնավոր հիմնադրամներ, որոնք էլ գումարները կներդնեն արժեթղթերի շուկայում, և այս դեպքում պետությունը հանդես է գալիս միայն համակարգը կարգավորողի և վերահսկողի դերում: Ըստ Խաչիկյանի` ամենամեծ ռիսկն այն է, որ պետությունը երաշխավոր չի կանգնում հիմնադրամներին, այլ միայն հետևում է գործընթացին. «Դասական առումով` բոլոր երկրներում էլ կուտակային հիմնադրամների սնանկացման դեպքում գումարները փոխանցվում են կառավարությանը: Միշտ էլ պետությունը կրում է պատասխանատվություն` կենսաթոշակը վճարելու համար, սակայն` ոչ երաշխիքներ»,- ասում է Խաչիկյանը` վստահեցնելով, սակայն, որ հիմնադրամները կստանան լիցենցիա միայն այն դեպքում, երբ նրանք կունենան այնքան կապիտալ, որ սնանկացման դեպքում փոխհատուցեն քաղաքացիների ներդրած գումարները: Սակայն շատերը թերահավատ են, որ այս համակարգը կաշխատի Հայաստանում, որտեղ, ինչպես շեշտում են տնտեսագետները, արժեթղթերի շուկան դեռ զարգացած չէ: ՀՅԴ տնտեսագետ պատգամավոր Արա Նռանյանը վստահ է, որ նման համակարգը ռիսկային է: «Ինձ համար զարմանալի է, որ, տեսնելով այս վերջին ֆինանսական ճգնաժամի հետևանքները, դեռևս շարունակում են խոսել այս համակարգի մասին, չէ՞ որ միլիոնավոր մարդիկ հենց արժեթղթերի և պարտատոմսերի շուկաներում կորցրին իրենց գումարները, և դրանց մեծ մասը հենց թոշակառուների` տարիներով կուտակած գումարներն էին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Նռանյանը: Սակայն կենսաթոշակային համակարգի ներկայացուցիչները հերքում են նման մտավախությունները: «Ճգնաժամերը եղանակների նման են. եթե անձրև է, հետո անպայման նաև արև է լինում, և երկարաժամկետ կտրվածքով այդ անձրևը մեծ հետևանք չի ունենում, այս համակարգը կապահովի բարձր եկամուտներ, և հնարավոր չէ, որ անվերջ անկում լինի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Խաչիկյանը: Նույնը պնդում է նաև ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական ապահովության ամրապնդման համակարգեր ծրագրի իրավական/թոշակային հարցերով փորձագետ Ելենա Զեզուլինան, որը խոստովանում է, որ ֆինանսական ճգնաժամերը կարող են ազդել թոշակային կուտակումների վրա, սակայն հավաստիացնում է, որ երկարաժամկետ կտրվածքով վնասները կարող են նորից վերականգնվել: Որպես լավագույն օրինակ նա մատնանշում է Շվեդիան, որտեղ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, ինչպես ողջ աշխարհում, այնտեղ ևս անկում ապրեց արժեթղթերի շուկան, և կենսաթոշակային գումարները մոտ 30 տոկոսով կորուստներ կրեցին: «Բայց նրանք իրենց գումարները թողեցին բանկերում, ձեռք չտվեցին, իսկ երբ մյուս տարիների ընթացքում գներն աճեցին, նրանց գումարները ևս աճեցին, և նրանք օգտվեցին»,- ասում է Զեզուլինան: Ըստ մասնագետների` այս համակարգը ներդնելու անհրաժեշտության հիմնական փաստարկը ժողովրդագրական խնդիրներն են: Այսօր Հայաստանում 460 հազար աշխատող կենսաթոշակ է ապահովում 520 հազար կենսաթոշակառուի համար, այսինքն` աշխատողների թիվն ավելի քիչ է, քան թոշակառուներինը: Մինչդեռ նորմալ թոշակ ապահովելու համար առնվազն հարաբերակցությունը պետք է լինի 1 թոշակառու 4 աշխատողի դիմաց: Խորհրդային տարիներին երեք աշխատող պահում էր մեկ թոշակառուի: Հայաստանի կես միլիոն թոշակառուների միջին կենսաթոշակը 26 000 դրամ է (67 դոլար), որը առնվազն 10 000 դրամով (25 դոլար) պակաս է նվազագույն կենսապահովման զամբյուղից: Ըստ կանխատեսումների` իրավիճակն էլ ավելի կբարդանա 20 տարի հետո, երբ աշխատողների թիվը գրեթե կրկնակի կնվազի, քանի որ 90-ականներին ծնվածների թիվը կրկնակի պակաս է 70-80-ականների ծնվածներից: «Մենք հիմա արդեն ճգնաժամային իրավիճակում ենք, մինչդեռ 2050 թ. կանխատեսումները շատ ավելի տխուր են, և իրավիճակը փրկելու միակ տարբերակը կենսաթոշակների կուտակային համակարգն է»,- ասում է Խաչիկյանը:
Other Articles in Կենսաթոշակ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.