Հայտարարված ասուլիսը չկայացավ
Մամուլի ակումբում Հայրապետյանի աթոռը մնաց թափուր՝ ի հիասթափություն ներկա բազմաթիվ ԶԼՄ ներկայացուցիչների: Մամուլի ասուլիսը հրավիրել էր ՀՖՖ-ն` խոստանալով, որ Հայրապետյանը կպատասխանի Ծառուկյանի վերջին հայտարարություններին: Ծառուկյանը ներկա չի եղել հոկտեմբերին անցկացված Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը, քանի որ, ինչպես հայտարարել է, գիտեր, որ Հայաստանի հավաքականը, «միևնույն է` պարտվելու էր»: Անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը` Հայրապետյանն ասել էր. «Ես այդ արտահայտությունը բարոյական չեմ համարում»: Ծառուկյանի կուսակցությունն ի պատասխան ասել էր. «Մեր ժողովուրդը լավ է տեսնում, թե ով ինչպես է ղեկավարում իրեն վստահված ոլորտը և ինչ հաջողություններ ունի այնտեղ։ Իսկ փաստն այն է, որ տարիներ շարունակ հայ մարզասեր հասարակության համար մի այնպիսի զգայուն ոլորտ, ինչպիսին ֆուտբոլն է, մնում է անմխիթար վիճակում…»: (Ծառուկյանը, որը նախկինում եղել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, ըստ էության ղեկավարում է ծանրամարտի Հայաստանի հավաքականը, որն անցյալ շաբաթ աշխարհի առաջնության թիմային պայքարում երրորդ տեղը զբաղեցրեց` տալով նաև մեկ աշխարհի չեմպիոն: Իսկ Հայրապետյանի ղեկավարած ֆուտբոլի հավաքականն առանձնապես մեծ հաջողություններ չի ունեցել:) Այսպիսով, ամեն ինչ պատրաստ էր, որ Հայրապետյանի հրավիրած մամուլի ասուլիսը սկսվեր: Սակայն ՀՖՖ նախագահը չեկավ: Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ Հայրապետյանը չէր եկել մամուլի ասուլիսին, քանի որ այդ պահին հանդիպում էր ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ, որոնք այցով գտնվում էին Հայաստանում: Ֆոտոխցիկները լուսանկարեցին դատարկ աթոռը, իսկ լրագրողները կարծիքներ փոխանակեցին, թե որքանո՞վ էր խելամիտ մամուլի ասուլիս հրավիրել, երբ միևնույն ժամանակ նախատեսված էր ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը, քանի որ նման հանդիպումների առնչությամբ, որպես կանոն, նախապես պայմանավորվածություն է լինում: Լրագրողները նաև կարծիք հայտնեցին, թե երբ գործ ունես բազկամարտի նախկին չեմպիոնի հետ, որը դարձել է քաղաքական ազդեցիկ գործիչ, հավանաբար լռությունը ամենալավ պատասխանն է:
Other Articles in Սպորտ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.