Բնապահպանական մտահոգություններ. Հայաստանը բարեփոխում է կենսաբազմազանության պահպանության Կարմիր գիրքը

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյան
ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստվում է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել Կարմիր գրքի նոր նախագիծը` հույս ունենալով, որ խորհրդային ժամանակներում հրատարակված գրքի բարեփոխված տարբերակը կնպաստի կենսաբազմազանության ավելի արդյունավետ պահպանմանը ժամանակակից պայմաններում:

(Կարմիր գիրքը կենդանիների ու բույսերի տեսակների բնապահպանական դրության հաշվառումն է, որի նպատակն է օգնել կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը` կատարելու անհրաժեշտ բնապահպանական քայլեր:)

«Նախագծի ընդունումը կնպաստի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և վերարտադրության բարելավմանը, Կարմիր գրքում ընդգրկված տեսակների վերահսկողության ապահովմանը և դրանց նկատմամբ անօրինական գործունեության կրճատմանը»,- ասում է բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ Տատյանա Դանիելյանը:

Ներկայումս Հայաստանում դեռևս գործում է 1989-1990 թթ. հրատարակված «ՀԽՍՀ կարմիր գիրքը» (այն հրատարակվել է խորհրդային պետության փլուզումից և անկախ Հայաստանի ստեղծումից մեկ տարի առաջ): Գրքում ընդգրկված են 387 տեսակի հազվագյուտ և անհետացման վտանգի առաջ կանգնած բույսեր և 99 տեսակի ողնաշարավոր կենդանիներ:

Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունները բացասական ազդեցություն են թողել երկրի էկոլոգիայի և հարուստ կենսաբազմազանության վրա: Անհետացման եզրին են հայտնվել մի շարք արժեքավոր և էնդեմիկ տեսակներ, դեգրադացվել են դրանց բնակմիջավայրերը, կրճատվել են արեալները, փոփոխվել է պոպուլյացիաների քանակական և որակական կազմը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշում է, որ այս ամենի արդյունքում խիստ հրատապ էր դարձել երկրի կենսաբազմազանության համալիր ուսումնասիրության, միջազգային չափանիշներին համապատասխան տեսակների վիճակի գնահատման և Կարմիր գրքի վերահրատարակման խնդիրը` այդ տեսակների պահպանությունը կազմակերպելու նպատակով:

Դեռ 2006 թվականին կառավարությունը հաստատել էր նոր Կարմիր գրքի ստեղծման մասին որոշումը: Ծրագիրն արժեցավ 80 հազար դոլար և տևեց 3 տարի, որի արդյունքում ստեղծվեց գիրքը, որն ընդգրկում է բույսերի 463, սնկերի 40, անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանիների 155 տեսակներ:

Այնուհանդերձ, նախարարը մտահոգված է Հայաստանում որսագողության դեպքերի մասշտաբով, որը շարունակում է մնալ Հայաստանում կենդանիների պաշտպանության հիմնական մարտահրավերը:

Ըստ բնապահպանության նախարարի` թեև կենդանիների որսի համար սահմանված օրենքներն ու պատժաչափերը խստացվում են, միևնույն է` որսագողության դեպքերը չեն նվազում: Նա ավելացնում է, որ անցյալ տարվա համեմատությամբ որսագողության այս տարվա վիճակագրությունում ոչ մի դրական տեղաշարժ չի նկատվում:

Հարությունյանը համոզված է, որ անգամ բացահայտված դեպքերը ամբողջությամբ չեն արտացոլում իրական պատկերը:

«Այս տարի գրանցվել են որսի մի քանի դեպքեր Սյունիքի մարզում: Որսացել էին երկու բեզոարյան այծ: Հարուցվեցին քրեական գործեր, ինչպես նաև 6 մլն (15 հազար դոլար) դրամ տուգանք սահմանվեց: Մեկ կենդանու համար նախատեսված տուգանքը 3 մլն (7500 դոլար) դրամ է: Գրանցվել են նաև վայրի խոզի որսի դեպքեր: Վնասի հատուցումը հաշվարկվել է 1 մլն դրամ (2500 դոլար)»,- ասում է բնապահապանության նախարարը:

Հայաստանում խոշոր մասշտաբների որսը հիմնականում արտոնյալ խավի համար է: Սակայն Հարությունյանը շեշտում է, որ բնապահպանության նախարարության համար չկան որևէ կաշկանդող հանգամանքներ, որպեսզի ինչպես հարկն է արձագանքեն ցանկացած խախտման առանց բացառության:

Բանալի բառեր. Կարմիր գրքի նոր նախագիծ, բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, որսագողության դեպքեր, բույսեր և կենդանիներ:
ԱրմենիաՆաուի էջերում