«Հյուլեթ Պակարդ»` յուրաքանչյուրի տանը. «Համակարգիչ բոլորի համար» պիլոտային ծրագիրը գերազանցում է ակնկալիքները
Կազմակերպիչների կարծիքով՝ ծրագիրը մեծ հաջողությամբ է իրականացվում: Ծրագիրը, որի նպատակն է ընդլայնել համակարգիչների տարածումը Հայաստանում, իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Հյուլեթ Պակարդ», «Յունիքոմփ» և Մայքրոսոֆթ» ընկերությունների և «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլբանկի» կողմից: Վճարելով ամսական 10-20 հազար դրամ (25-51 դոլար)` կարելի է ձեռք բերել «Հյուլեթ Պակարդ»-ի համակարգիչների վեց մոդել: Համակարգիչները գնորդները ձեռք են բերում ապառիկ` 24 ամիս տևողությամբ` առանց կանխավճարի և առանց բանկային տոկոսների: Օրինակ` 252 հազար դրամ (654 դոլար) արժեցող HP Compaq 610 մոդելը կարելի է գնել` ամսական վճարելով 10 500 դրամ (27 դոլար): Համակարգիչներ արտադրող «Հյուլեթ Պակարդ» ընկերության ներկայացուցչի տվյալներով` ընկերության համակարգիչների վաճառքի ծավալը մոտ երեք անգամ գերազանցել է իրենց սպասելիքները: Այսօր Երևանում ամերիկյան «Հյուլեթ Պակարդ» ընկերության ԱՊՀ երկրներում վաճառքի գծով տնօրեն Վադիմ Տիխոնիչևը հայտարարեց, որ երկուսուկես ամսում ընկերությունը նախատեսված 500 համակարգչի փոխարեն վաճառել է 1300-ը: Նա նաև նշեց, որ ծրագիրը, որն իրականացվել է Երևանում, Գյումրում (Շիրակի մարզ), Վանաձորում (Լոռու մարզ), մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես մարզերի բնակիչների շրջանում: Այս նպատակով ընկերությունը մտադիր է առաջիկայում վաճառքի կետեր հիմնել նաև Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում: «Հյուլեթ Պակարդը» նախատեսում է մինչև պիլոտային ծրագրի ավարտը (2010-ի մայիսը) վաճառել ևս 5000 համակարգիչ: 2010-ի հունվարից կսկսվի նաև «Համակարգիչ ուսուցչի համար» ծրագիրը, որի շրջանակներում դպրոցների ուսուցիչները և բուհերի դասախոսները կկարողանան առավել մատչելի վարկային պայմաններով գնել դասավանդման համար նախատեսված բազմազան ծրագրերով համալրված համակարգիչներ: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ իր հերթին նշեց, որ ծրագիրը կշարունակվի առաջիկա 4-5 տարիների ընթացքում: «Ծրագրի նպատակն է այդ ընթացքում տնային համակարգիչներով ապահովել Հայաստանի բնակչության 30 տոկոսին»,- ասաց Ենգիբարյանը` ավելացնելով, որ այժմ բնակչության ընդամենը 5-6 տոկոսն ունի տնային համակարգիչ, ինչը շատ ցածր ցուցանիշ է զարգացող երկրի համար:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.