Վերլուծություն. Էրդողանի այցն ԱՄՆ ընդգծում է Թուրքիայի մեծ դերը իսլամական և արաբական հարաբերություններում
Օբամայի հետ իր հանդիպման ընթացքում Էրդողանը «հերթական անգամ բարձրաձայնեց Անկարայի դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը կախված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից»: Նման քաղաքականությունն ուղեկցվում է Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության աննախադեպ աճով, ընդ որում` Անկարան պաշտոնապես մեղադրում է Թել Ավիվին «Պաղեստինի արաբ ժողովրդի ցեղասպանության համար»: Էրդողանի այցի կարևորությունն ընդգծվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների վերջին ակտիվ զարգացումների ֆոնի վրա, որը պայմանավորված է Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն առնչվող փաստաթղթերի ստորագրմամբ: Իր հերթին` ղարաբաղյան հիմնախնդիրը մտնում է կարգավորման նոր փուլ, և այս գործընթացում նույնպես Թուրքիան իրեն կարևոր դերակատարություն է վերագրում: Այսպիսով, մերձավորարևելյան տարածաշրջանը քաղաքական վերադասավորումների նոր փուլ է թևակոխում, ինչը չի կարող չազդել ԱՄՆ շահերի վրա, որի համար այս տարածաշրջանը պաշտոնապես հայտարարված է «կենսական շահերի գոտի»: Էրդողանի այցին առանձնակի կարևորություն է տալիս Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության ընդհանուր ֆոնը` հաշվի առնելով ԱՄՆ-ում հրեական ազդեցիկ համայնքի առկայությունը: Հենց հրեական կամ նրանց մոտ կանգնած ԱՄՆ քաղաքական շրջանակները, որպես կանոն, խոչընդոտել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող «հայկական բանաձևը» չընդգրկվի Կոնգրեսի քննարկման օրակարգում: Այսօր թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության ֆոնի վրա իրավիճակը կարող է փոխվել: Արդյո՞ք նրանց հարաբերությունները կջերմանան Էրդողանի` Նահանգներ այցից հետո: Ահա այն գլխավոր հարցը, որը տալիս էին փորձագետները և քաղաքական մեկնաբանները: Հարցին բացասական պատասխան տվեց հենց ինքը` Էրդողանը` ելույթ ունենալով Վաշինգտոնում Ջոն Հոփկինսի համալսարանում: «Իսրայելի անվտանգությունը, իհարկե, կարևոր է տարածաշրջանի համար, սակայն մեզ չի բավարարում, թե ինչ կերպ է այդ երկիրն ապահովում իր անվտանգությունը»: «Արաբ բնակչության ցեղասպանություն» եզրը ԱՄՆ-ում չօգտագործվեց, սակայն Թուրքիայի վարչապետը նոր բնորոշում գտավ` «բանտ բաց երկնքի տակ»: «Եթե Գազայի հովտում երեխաներին սպանում են ֆոսֆորային ռումբերով, սա արդեն անվտանգության ապահովում չէ, այլ ամենաիսկական ողբերգություն,- հայտարարեց նա: - Այսօր Գազան հիշեցնում է բանտ բաց երկնքի տակ. 21 –րդ դարում պետք է վերջ դնել նման այլանդակությանը»: Որոշ չափով Էրդողանը խոսեց նաև հօգուտ Իրանի (ինչը կրկին մեկնաբանվում է իսլամական աշխարհում Թուրքիայի նոր դերի համատեքստում:) «Մենք դեմ ենք, որ Իրանը սեփական միջուկային զենք ունենա, սակայն միաժամանակ դեմ ենք, որ այդ զենքը տարածաշրջանի այլ երկրներ ունենան»,- նշեց նա` բնականաբար նկատի ունենալով Իսրայելին: Կոնգրեսի քննարկման օրակարգում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդգրկման առնչությամբ հայկական և հրեական լոբբիների հնարավոր համերաշխության մասին խոսելով` արտասահմանյան ԶԼՄ-ները հաղորդում են, թե ԱՄՆ-ում հայտարարվել է, որ «Անկարան կոշտ կարձագանքի Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման փորձերին` դիմելով դիվանագիտական, քաղաքական և տնտեսական միջոցների»: Թուրքիայի վարչապետը նաև խուսանավեց այն հարցից, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը: Թուրքիայի Sabah թերթի հաղորդմամբ` Էրդողանը հայտարարել է, թե «զրույցի ընթացքում Օբաման խնդրել է ինձ արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և համոզել Ադրբեջանին, որ դեմ դուրս չգա դրան»: «Սակայն ես հերթական անգամ բարձրաձայնեցի Օբամայի մոտ Անկարայի դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը կախված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից»,- պատասխանել է Էրդողանը:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
-fsdbrtgb, US
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.