Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի` Քլինթոնը հյուրերի ցուցակը կազմելիս «կողմնակալ» մոտեցում է դրսևորել
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն Հունվարի 8-ին Քլինթոնի գրասենյակը հրապարակել էր սփյուռքի մի քանի առաջատար կազմակերպությունների ցուցակը, որոնք հրավիրվել են դեմ առ դեմ քննարկելու մտահոգությունները` կապված երկու վաղեմի ախոյանների`Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների հետ: Հրավիրյալների թվում են Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Վարդանի ասպետներ» կազմակերպությունը և Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ԱՀԴՀ): Բացի ԱՀԴՀ-ից, հրավիրյալ մյուս կազմակերպություններն իրենց աջակցությունն են հայտնել արձանագրությունները վավերացնելու Քլինթոնի ջանքերին: Մինչ ԱՀՀ-ն, ՀԲԸՄ-ն և «Վարդանի ասպետները» հաղորդագրություն են տարածել, որով կոչ են անում սատարելու արձանագրությունները, ԱՀԴՀ-ն, որը ՀՅԴ գլխավոր կազմակերպությունն է, բուռն քարոզարշավ է սկսել արձանագրությունների դեմ, որոնց մասին հայտարարվեց սեպտեմբերի վերջին: Երկուշաբթի ԱՀԴՀ-ի ատենապետ Քեն Խաչիկյանը նամակ է ուղարկել Քլինթոնին, որում անդրադառնալով վերջինիս հրավերին` ասվում է, թե այն «չի համապատասխանում մեր ավանդական համայնքի դիրքորոշմանը, ինչպես նաև չի արտացոլում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ամերիկահայերի ընդդիմադիր կեցվածքը»: ԱՀԴՀ-ն (www.anca.org) պնդում է, որ պետքարտուղարի հրավերի պատճառը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Սենատի մեծամասնության ղեկավար Հարրի Ռիդին ուղարկված նամակն է, որպեսզի նա հորդորի Քլիթոնին «հնարավորություն տալ ամերիկահայերին իրենց կարծիքները հայտնելու»: Այժմ, սակայն, պետքարտուղարն ընդամենը «կողմնակալ» հրավեր է արել` այս կարծիքն է արտահայտել ԱՀԴՀ-ն` իր «Ասպարեզ» պարբերականում: Ամերիկայի հայկական համագումարը (www.aaainc.org) ողջունել է Քլինթոնի առաջարկը: «Հանդիպումը լավ առիթ է քննարկելու Թուրքիային պատասխանատվության կանչելու (առաջընթացը խոչընդոտող քայլերի համար) վարչակազմի ջանքերը»,- ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Քլինթոնին ուղղված նամակում Խաչիկյանը պնդում է, որ որոշ կազմակերպություններ «միտումնավոր չեն ընդգրկվել», և կոչ է անում սփյուռքի առնվազն 14 կազմակերպություն ևս հրավիրել, այդ թվում` Հայ օգնության միությանը և Միացյալ հայկական ֆոնդին: «Այս ձևաչափով Ձեր հրավիրած հանդիպումը չի ծառայի անկողմնակալ քննարկման բուն նպատակին, և այս բեկումնային պահին, ըստ էության, հակառակ արդյունք կունենա,- գրել է Խաչիկյանը: - Ներկայիս միջոցառումը, որն ամենայն հավանականությամբ միտումնավոր չի ընդգրկել ավանդական համայնքի և եկեղեցու բազմաթիվ ներկայացուցիչների` նրանց դիրքորոշման ու արժեքների պատճառով, կարող է դառնալ ոչ ժողովրդավարական և խիստ բացասական նախադեպ»: Հայաստանյան քաղաքագետները ԱՀԴՀ-ի նկատառումները արդարացի են համարում, քանի որ տվյալ դեպքում ցանկացած քննարկում անիմաստ է դառնում: «Ծիծաղելի դրության մեջ ենք հայտնվել, քանի որ իրականում Հայաստանի խորհրդարանը սպասում է Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացմանը, որից հետո իրենք միանշանակ կվավերացնեն դրանք: Այս առումով ավելի ճիշտ կլիներ, որ Քլինթոնը թուրքական կազմակերպությունների հետ հանդիպեր»,- պարզաբանում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.