Դիտարկելով գները. կյանքը թանկանում է հայերի համար, բայց ոչ շատ արագ
Սպասվածի համաձայն` տոնական գնումները նպաստել են Հայաստանում գնաճի բարձրացմանը: Անցյալ ամիս մոլեգնող նախաամանորյա մանրածախ առևտուրը 2010-ի հունվարին փոխարինվեց խաղաղությամբ: Նոր տարվա սեղանի առատության համախտանիշով տառապող հայերը հերթական անգամ մինչև վերջ ծախսեցին տնտեսած գումարները` անտեսելով նույնիսկ նախատոնական թանկացումները, որոնք սկսվել էին օրեր և նույնիսկ շաբաթներ առաջ: Սա, թերևս, նպաստեց նրան, որ ողջ 2009-ին գնաճը Հայաստանում կազմեց 6,5 տոկոս, որից միայն 3,4 տոկոսը գրանցվեց դեկտեմբերին (պաշտոնական տվյալներով` 2009-ի հունվար-նոյեմբերին գնաճը 3,1 տոկոս էր): Ընդ որում` միջազգային շուկայում կտրուկ գնաճ չի նկատվել, օրինակ` Եվրամիությունում մոտ 1,5 տոկոս գնաճ է գրանցվել: (Դեռ ավելին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում երկրները փորձում էին բացառել գնանկման ռիսկերը:) Փաստորեն, անգամ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` մինչև 2009-ի դեկտեմբերի 31-ը տեղի ունեցած (ՏՄՊՊՀ) նախաամանորյա ավելի խիստ մոնիթորինգը, որը նպատակ ուներ կանխելու սպասվող թանկացումները, արդյունք չտվեց (թեև հանձնաժողովում այդպես չեն մտածում): ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ դեռ մոնիթորինգի վերջնական արդյունքները պատրաստ չեն, սակայն, ըստ նախնական ամփոփման, հանձնաժողովը գների խիստ բարձրացում չի արձանագրել: «Ինչ-որ էական գնային տարբերություններ նոր տարվա նախաշեմին չեն եղել, որ մրցակցության խախտման կասկած հարուցեին»,- ասաց Ուդումյանը: Ու չնայած դեկտեմբերյան գնաճին` որոշ ապրանքատեսակների գները Հայաստանում չեն աճել այնքան, որքան աշխարհում: 2009-ին միջազգային շուկայում հիմնական սննդամթերքների (հացահատիկայիններ, կաթնամթերք, միս, շաքար և ձիթաբույսեր) գները կայուն աճ են գրանցել: Այս մասին դեռևս անցած տարեվերջին ահազանգում էին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) փորձագետները: 2009-ի նոյեմբերին FAO-ի Food Price Index-ը (սննդամթերքի ցուցանիշը), բարձրանալով ևս 11 կետով, հասել է անցյալ տարվա համար առավելագույն մակարդակին՝ 168 կետ: Ընդ որում` անցյալ տարի միջազգային շուկայում ամենաշատը թանկացել են` շաքարը` 200 տոկոսով, կաթն ու կաթնամթերքները (կարագ, պանիր)` 70 տոկոսով, բրինձը` 20 տոկոսով: Հայաստանում այս ապրանքատեսակների գներն ավելի քիչ են թանկացել: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով` շաքարավազը, որի գինն աշխարհում աճել է 200 տոկոսով, Հայաստանում 2009-ին թանկացել է 79 դրամով (մոտ 0,2 դոլար) կամ 31 տոկոսով: Բրինձն անցյալ տարվա ընթացքում թանկացել է 51 դրամով (մոտ 0,13 դոլար) կամ 8 տոկոսով, իսկ կարագը` 77 դրամով (մոտ 0,2 դոլար) կամ 2 տոկոսով: (Չորեքշաբթի Երևանում` արտարժույթի փոխանակման կետերում, մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 375 դրամ:)
Other Articles in Տնտեսություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.