Մեղքը բարդե՞լ. ըստ փորձագետների` Թուրքիան ցանկանում է շեղել ուշադրությունը` արձանագրությունների վավերացման գործընթացում սեփական ձգձգումները քողարկելու նպատակով
Դեռ հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել էր հայտարարություն, որում ասվում էր, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը (որը Սահմանադրությանը համապատասխան էր ճանաչել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող արձանագրությունները) պարունակում է «նախապայմաններ և սահմանափակող դրույթներ, որոնք հակասում են արձանագրությունների «տառին և ոգուն»: «Սահմանադրական դատարանի որոշումը վտանգում է այդ արձանագրությունների շուրջ բանակցությունների բուն իմաստը, ինչպես նաև դրանց հիմնարար նպատակը: Այդ մոտեցումը չի կարող ընդունելի լինել մեզ համար»,- գրված է հաղորդագրությունում, որը եզրափակվում է կոչով. «Թուրքիան, հավատարիմ իր միջազգային պարտավորություններին, շարունակում է նվիրված մնալ այդ արձանագրությունների առաջնային դրույթներին և նույն նվիրվածությունն է ակնկալում Հայաստանի կառավարությունից»: Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ հեռախոսազրույց են ունեցել: Այդուամենայնիվ, ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը չցանկացավ խոսակցության մանրամասներ հայտնել «ԱրմենիաՆաուին»` ասելով, որ նախարարությունն ավելի ուշ կմեկնաբանի այն: Երեկ` հունվարի 19-ին, ի պատասխան այս հայտարարության, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, թե «հուսով եմ` նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը և քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը»: Մինչդեռ վերլուծաբանները նման հույսեր չունեն և վստահ են, որ Թուրքիան այս հայտարարությունն արել է միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ իր մեղքով չի ձգձգվում արձանագրությունների վավերացման գործընթացը: «Սա պարզապես իր մեղքն ուրիշի վրա բարդելու մեթոդ է, առիթն էլ Սահմանադրական դատարանի որոշումն է, ոչ ավելին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է վերլուծաբան, թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ երևույթին, Թուրքիային մտահոգել է Սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումները, որում հղում է արված Անկախության հռչակագրի 11-րդ հոդվածին, որում ասվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Սակայն, ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի` այս հիմնավորումները որևէ ազդեցություն չեն ունենա, եթե Ազգային ժողովը այդ նույն վերապահումներով չվավերացնի արձանագրությունները: «Եթե անգամ վավերացման մեջ հղում արվի Սահմանադրական դատարանի որոշմանը, որտեղ գրված են այդ հիմնավորումները, դա էլ բավական չէ, և սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Թուրքիան պարզապես իր մեղքը բարդում է Հայաստանի վրա` միջազգային հանրության առաջ արդարանալու համար»,- ասում է Մանոյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.