Բանակցություններ. Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությամբ` եռակողմ հանդիպում Սոչիում

Բանակցություններ. Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությամբ` եռակողմ հանդիպում Սոչիում

ITAR-TASS/Photolure

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սարգսյանը և Ալիևը, Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ, հանդիպել են Սոչիում` քննարկելու ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հեռանկարները:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահեր Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը այս տարի առաջին հանդիպումն են ունեցել Ռուսաստանի հարավում, որը նախաձեռնել և հյուրընկալել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Հաղորդվում է, որ երկուշաբթի Սոչիի Կրասնայա պոլյանա նախագահի կեցավայրում ընթացող հանդիպման առանցքային հարցը ղարաբաղյան հիմնախնդրի և նորացված մադրիդյան սկզբունքների քննարկումն է:

Սա արդեն Մեդվեդև-Սարգսյան-Ալիև ձևաչափով հինգերորդ հանդիպումն է: 2008 թ. նոյեմբերին անցկացված առաջին հանդիպումից հետո Մոսկվան, Երևանն ու Բաքուն համատեղ հռչակագիր են ստորագրել, որով պատրաստակամություն էին հայտնում ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև կոչ անում Լեռնային Ղարաբաղի գործընթացի կարգավորման ժամանակ զերծ մնալ ուժի կիրառումից: (Մեդվեդև-Սարգսյան-Ալիև երկրորդ, երրորդ և չորրորդ հանդիպումները տեղի են ունեցել, համապատասխանաբար, 2009 թ. Սանկտ Պետերբուրգում` տնտեսական համաժողովի շրջանակներում, Մոսկվայում` ձիարշավի ժամանակ, և Քիշնևում` ԱՊՀ վեհաժողովի շրջանակներում: Այս բանակցություններից հետո ոչ մի փաստաթուղթ չի հրապարակվել:)

2008 թ. Մոսկվայի մոտակայքում` Մայնդորֆում, ստորագրված և հրապարակված հռչակագիրն, այդուամենայնիվ, չխանգարեց Ալիևին պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ անել Լեռնային Ղարաբաղի հասցեին: Սոչիի հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ Ալիևի օգնականներից մեկի հրապարակած վերջին հայտարարությունում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու համար Ադրբեջանը չի բացառում ցանկացած միջոց, ներառյալ ռազմականը: (Հայաստանը սովորաբար լուրջ չի վերաբերվում ո´չ այս ռազմատենչ հռետորաբանությանը` որակելով այն պոպուլիստական` ուղղված ներքին լսարանին, և ո´չ էլ Ղարաբաղը կամ այժմ հայկական պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքները հետ վերադարձնելու`Ադրբեջանի ռազմական հնարավորություններին:)

Ըստ հաղորդագրությունների` Սոչիում հանդիպող կողմերն իրենց քննարկումներից հետո չեն պատրաստվում որևէ փաստաթուղթ հրապարակել: Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ավելի ուշ սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Մինսկի խմբի համանախագահների հետ:

Երկու ժամ տևած դռնփակ բանակցություններից հետո ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ կողմերը հաշվի են առել Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կոնկրետ առաջարկությունները:

«Քննարկվել են այն կոնկրետ առաջարկությունները, որոնք ներկայացրել են Մինսկի խմբի համանախագահները: Գոյություն ունի այդ փաստաթղթի նախաբանի վերաբերյալ ընդհանուր փոխըմբռնում,- ասել է ՌԴ արտգործնախարարը: - Կողմերը օգտակար են համարել փաստաթղթի գոյության փաստը, քանի որ այն հնարավորություն է տալիս բանակցությունները վարել ոչ թե վերացական, այլ կոնկրետ ձևակերպումների հետ շաղկապված»,- հավելել է Լավրովը:

«Այսօր գլխավոր արդյունքը այն պայմանավորվածությունն է, որ թեև կան կետեր, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն եկել, դրանց վերաբերյալ նրանք իրենց կոնկրետ մտքերն ու ձևակերպումները կպատրաստեն, որոնք կընդգրկվեն այս տեքստում»,- նշել է Լավրովը:
ԱրմենիաՆաուի էջերում