Աղի բլիթներն ու Սուրբը. հայ երիտասարդները կանխատեսումներ են անում Սբ Սարգսի օրհնյալ գիշերը

Աղի բլիթներն ու Սուրբը. հայ երիտասարդները կանխատեսումներ են անում Սբ Սարգսի օրհնյալ գիշերը

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Վաղը՝ հունվարի 30-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների ամենասիրված տոներից մեկը՝ Սբ Սարգիսը:

Այս գիշեր հայ երիտասարդներն իրենց համար աղի բլիթ պատրաստող այրի կամ նոր ամուսնացած կին են փնտրում, որպեսզի ուտեն բլիթն ու երազում տեսնեն իրենց ապագա կողակցին: Սա Սուրբ Սարգսի տոնի ավանդույթներից մեկն է:

Սակայն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին հայտարարում է, որ Սբ Սարգսի ու եկեղեցու օրհնությանն արժանանալու ու երջանիկ լինելու համար աղի բլիթ ուտելը պարտադիր չէ:

Հունվարի 30-ին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին տոնելու է Սբ Սարգսի տոնը, բոլոր եկեղեցիներում մատուցվելու է պատարագ:

Մինչ այդ, հունվարի 29-ի գիշերը հայ երիտասարդները (ավելի շատ աղջիկները, քան տղաները) պատրաստվում են աղի բլիթ ուտել` գիշերը երազում իրենց սիրեցյալին տեսնելու հույսով:

Հայերի կողմից շատ սիրված սրբերից մեկը`Սբ Սարգիսը (4-րդ դար) հրաշագործ էր, որի 40 հոգանոց բանակը պարտության մատնեց թշնամու 10 հազարանոց բանակին: Ավանդությունը պատմում է, որ երբ նրա բոլոր զինվորները դավադրության պատճառով սպանվեցին, նա Աստծո օգնությամբ փրկվեց, հետո փոթորիկ բարձրացավ, և նրան հաջողվեց իր ձիով փախչել:

Ժողովրդական ավանդությունն ասում է` Սբ Սարգսի տոնի նախօրեին աղի բլիթ ուտելու ու մինչև քնելը ջուր չխմելու դեպքում եթե երիտասարդը երազում հակառակ սեռի կողմից ջուր ստանա, ուրեմն նրան ծարավից փրկողն էլ լինելու է իր ապագա կինը կամ ամուսինը:

Եկեղեցին, սակայն, այս ամենը Սբ Սարգսի տոնի իսկական խորհրդի հետ չի կապում: Ըստ Սբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի.

«Սբ Սարգիսը գաղափարախոսություն է, որը հորդորում է նվիրվածություն ու սեր Աստծո և կրոնի հանդեպ: Մենք Սբ Սարգսից պիտի սովորենք սիրել մեր Աստծուն ու դիմացինին ու նախևառաջ դիմացինին, քանի որ այդ դեպքում միայն կարող ենք անվերապահորեն սիրել նաև Աստծուն, որը չի երևում»: Տեր հայրը նշում է, որ եկեղեցին չի խրախուսում աղի բլիթ ուտելը, բայց նաև չի արգելում. «Սակայն եկեղեցին չի արգելում, որ իր զավակները երջանիկ լինեն: Եթե պիտի աղի բլիթ ուտեք ու երջանիկ լինեք, կերե´ք»:
ԱրմենիաՆաուի էջերում