ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն. Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է պատերազմ ծագել

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն. Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է պատերազմ ծագել

www.rferl.org

Բլերի խոսքով՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ջանքերը բացասաբար են անդրադարձել Հայաստան-Ադրբեջան զգայուն հարաբերությունների վրա:

ԱՄՆ ազգային հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Կովկասում իրավիճակը կարող է լարվել, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ ծագել Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի համար:

2010 թ. փետրվարի 2-ին Սենատի հետախուզության հարցերի հանձնախմբում անցկացվեցին «ԱՄՆ ներկա և սպասվող սպառնալիքները» խորագրով բաց լսումներ, որը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերին նվիրված ամենամյա լսումներից վերջինն էր:

Ելույթ ունենալով Սենատի հանձնախմբում` ազգային հետախուզության տնօրեն Դենիս Ս. Բլերը Կովկասի և Հայաստանի առնչությամբ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Ծովակալ Բլերը, մասնավորապես, նշեց, որ Կովկասում առկա չլուծված խնդիրները Եվրասիայի տարածաշրջանում պատերազմական գործողությունների բռնկման հնարավոր ազդակ են:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Ադրբեջանին և Ղարաբաղին առնչվող խնդիրներին` Բլերը հավելեց, որ «թեև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում անցյալ տարի առաջընթաց է գրանցվել, այն իր ազդեցությունն է ունեցել Հայաստան-Ադրբեջան զգայուն հարաբերությունների վրա և մեծացնում է ղարաբաղյան հակամարտության վերսկսման վտանգը»:

Ազգային հետախուզության տնօրենը մտահոգություն հայտնեց նաև, որ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը նախկին խորհրդային երկրները դիտարկում է որպես «արտոնյալ շահերի գոտի, ինչը կարող է խարխլել ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները»:

Այս հայտարարությունները հնչեցին այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ Ամերիկայի հետազոտական կենտրոններից մեկը` «Ստրեթֆորը», հանդես եկավ նման զգուշացնող վերլուծությամբ, թե ղարաբաղյան հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ռազմատենչ հայտարարությունների պատճառով:

(Աղբյուրը` ditord.com)
ԱրմենիաՆաուի էջերում