Վենդետա կամ արդարություն. հայտնի հայ գործարարի եղբայրը ձերբակալվել է Երևանում

Վենդետա կամ արդարություն. հայտնի հայ գործարարի եղբայրը ձերբակալվել է Երևանում

Ֆոտոլուր

Սարիբեկ Սուքիասյանը ձեռբակալվել է «սպանության սպառնալիքի» մեղադրանքով:

Հայաստանցի խոշոր գործարար ընտանիքի ներկայացուցիչն անցյալ ուրբաթ (փետրվարի 12-ին) ձերբակալվել է «սպանության սպառնալիքի և ապօրինի զենք կրելու» մեղադրանքով:

«Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին և «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժանմունք Սուքիասյաններին պատկանող «ՍԻԼ» կոնցեռնի (պատկանում է նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին) կենտրոնական գրասենյակից` նախքան ձերբակալությունը կոտրելով գրասենյակի դռները:

Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանին (վերջինս 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ բաժնետոմսերի 41 տոկոսը վաճառել է Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին) Սուքիասյանը և Ստեփանյանը սպանության իրական սպառնալիքների տակ պարտադրել են ստորագրել «Բյուրեղի» բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր:

2009 թ. նոյեմբերին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել Դավթյանին պատկանող բաժնեմասերը: Համաձայն շրջանառվող լուրերի` նոր գնորդը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է, որը հրաժարվեց գործի առնչությամբ մեկնաբանություններ տալ «ԱրմենիաՆաուին»:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` Դավթյանը ոստիկանություն է դիմել ժամը 17.30-ին, սակայն, ըստ Սուքիասյանների ընտանիքի փաստաբան Արա Զոհրաբյանի` ոստիկանները կոնցեռնի գրասենյակ են ներխուժել 15:30-ին և արդեն ժամը 16:00-ի մոտ ձերբակալած են եղել Սուքիասյանին և Ստեփանյանին:

Զոհրաբյանը հերքեց սպանության սպառնալիքի տակ Դավթյանին փաստաթղթեր ստորագրել ստիպելու փաստը: Զոհրաբյանը պատմում է, որ Դավթյանը կապվել է իր հետ և խնդրել հանդիպում կազմակերպել Սուքիասյանի հետ: Հանդիպման ընթացքում Դավթյանը նամակ է գրել Ռուբեն Հայրապետյանին այն մասին, որ ինքը չի ցանկանում վերջինիս վաճառել բաժնետոմսերը:

«Նա իմ ներկայությամբ է ստորագրել նամակը. ոչ մի սպառնալիք չի եղել»,- ասում է Զոհրաբյանը:

Ոստիկանության լրատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ ժամերի անհամապատասխանության հետ կապված ոչ մի մեկնաբանություն չի կարող տալ:

«Մենք տարածել ենք, որ ժամը 6-ին է եղել ձերբակալությունը, ուրեմն էդպես էլ եղել է: Իրենց հարցրեք, թե ինչու են ժամը 4-ին նշում ձերբակալության ժամը»,- ասում է Մալխասյանը:

Հայ ազգային կոնգրեսն արդեն Սուքիասյանի ձերբակալությունը դատապարտող հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «վարչախումբը Սուքիասյանների վրա մի նոր հերթական գործ է սարքել, ու ներկայացված մեղադրանքները ոչ մի կապ չունեն իրականության հետ»:
ԱրմենիաՆաուի էջերում