Խաղաղ բանակցություններ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խորհրդածում են Մադրիդյան սկզբունքների «նորացված» տարբերակի շուրջ

Խաղաղ բանակցություններ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խորհրդածում են Մադրիդյան սկզբունքների «նորացված» տարբերակի շուրջ

Ֆոտոլուր

Էդվարդ Նալբանդյան, Էլմար Մամեդյարով

Այս շաբաթ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն ընդունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող այսպես կոչված` Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը և հույս է հայտնել, թե Հայաստանը նույնպես համաձայնության կգա դրանց շուրջ, և կողմերը կանցնեն «մեծ համաձայնագրի» մշակմանը:

Հունվարի 25-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ վերջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը: Հանդիպման ընթացքում միջնորդները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա), կողմերին ներկայացրել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների «նորացված» տարբերակը և երկու շաբաթ հատկացրել իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով իր ադրբեջանցի պաշտոնակցի հայտարարությունը, հայտարարել է, որ հայկական կողմի առաջարկությունների և դիտողությունների մշակումը ընթացքի մեջ է, սակայն նրանք սպասում են Ադրբեջանի առաջարկություններին:

Մադրիդյան սկզբունքները ենթադրում են հայկական զորքերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության ներքո, խաղաղապահ ուժերի մտցնումը, փախստականների վերադարձ և Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որին կհաջորդի «պարտադիր իրավական ուժ ունեցող» կամքի արտահայտումը:

Անցյալ շաբաթ Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթհըմ հաուզում», տեղի ունեցած իր ելույթում նախագահ Սարգսյանն ասաց, որ ինքը չի համաձայնի գնալ այնպիսի զիջումների, որոնք կսպառնան Ղարաբաղի անվտանգությանը: Նա նաև զգուշացրեց, որ պատերազմական գործողությունների վերսկսումը ընդհանուր վտանգ կներկայացնի տարածաշրջանի անվտանգության և «արտերկրի ներդրողների համար, ովքեր մեծ ներդրումներ են արել տարածաշրջանային նախագծերում»: Սարգսյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանի կազմ, սակայն չմասնավորեց, թե ինչ է մտածում հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների և մադրիդյան սկզբունքների «նորացված մանրամասների» առնչությամբ:

Մինչ այդ, հունվարին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ընկած ժամանակաշրջանը նշանավորվեց Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմատենչ հայտարարություններով և պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության վերաբերյալ վերլուծական կանխատեսումներով: ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը նույնպես խոսեց Ղարաբաղում նոր պատերազմի ավելի մեծ հավանականության մասին:

Ինչպես հայտնում են ղարաբաղյան աղբյուրները, Ադրբեջանի սահմանին նկատվում են ուժերի մեծ կուտակումներ: Նրանք պնդում են, որ ադրբեջանական կողմի այդ գործողությունները նման են պատերազմի նախապատրաստության:

Փետրվարի 16-ին Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպումից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չարժե ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին:
ԱրմենիաՆաուի էջերում