Հայկական գեներ. Երևանում մեկնարկում է նախագիծ` պարզելու ազգի գենետիկ պատմությունը
Հունվարին մեկնարկած հավակնոտ գիտափորձը նպատակ ունի վերականգնելու հայերի գենետիկ պատմությունը և առավել ճշգրիտ կերպով ցույց տալու նրանց ԴՆԹ պատկերը: Մարգարյանը նախագծի 500 հայ մասնակիցներից մեկն է: Այս ծրագիրն անվճար է (նման թեստերը սովորաբար մոտ 1000 դոլար արժեն): «Ես գիտեմ, որ արմատներով Արևմտյան Հայաստանից եմ, բայց ուզում եմ դրանում վերջնականապես համոզված լինել նաև այս գիտափորձի միջոցով: Նաև կարևորում եմ նման փորձերի միջոցով Հայաստանում հայերի ոչ եկվոր լինելն ապացուցելու գաղափարը»,- ասաց Մարգարյանը: Այս գաղափարի հեղինակ և մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը կարծում է, որ նման փորձերի շնորիվ հնարավոր կլինի վերականգնել հայերի գենետիկ էվոլյուցիան ու պատմությունը, որը հաճախ խեղաթյուրվում է տարբեր իշխանությունների կողմից թելադրվող վավերագրական ու պատմական փաստերի միջոցով: «Աշխարհում կա արդեն մոտ 30 տարվա պատմություն ունեցող գիտական մի մոտեցում (այս խնդրին), որը հնարավորություն է տալիս պատմությունը վերականգնելու այն ինֆորմացիայի շնորհիվ, որը գրված է մեր գենոֆոնդում»,- ասաց նա: Հավաքում են միայն տղամարդկանց արյունը, քանի որ նրանք, ի տարբերություն կանանց, ունեն երկու ծնողների գեներից 50:50 հարաբերությամբ, և նրանց մոտ գեների որոշման հավանականությունը 100 տոկոս է: Այս գիտությունը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում ու տարածվել է եվրոպական այլ երկրներում: Այն հնարավորություն է տալիս ԴՆԹ-ի մակարդակով վերականգնելու ցանկացած ժողովրդի պատմությունը: Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ ոչ թե արյան, այլ թքի քսուքով վերջին 13 տարիների ընթացքում կատարվել է մոտ 2500 մարդու ուսումնասիրություն Հայաստանում, ԼՂՀ-ում, սփյուռքում, Ջավախքում և համշենահայերի շրջանում: «Արդյունքում` մենք պարզել ենք շատ կարևոր մի բան. այն, որ հայերը Սյունիքում և Արցախում եկվոր չեն և ապրել են 40-50 հազար տարի առաջ, երբ այստեղ հայտնվել է բանական մարդ էակը»,- հայտնեց գիտնականը: Նրա խոսքով`Ադրբեջանում, ինչպես նաև հարևան Վրաստանում նման ուսումնասիրություններ չեն կատարվում, քանի որ նրանց ժողովուրդն այնքան էլ միատարր չէ: «Իսկ հայերը միշտ էլ կարողացել են պահպանել իրենց միատարրությունն այն բանի շնորհիվ, որ չեն ընդունել այն երեխաներին, որոնց մեջ եղել է մուսուլմանականի արյուն, և դա ապացուցում են նաև մեր ուսումնասիրությունները, քանի որ 2500 մարդուց միայն մեկի մոտ ենք Ջավախքում հայտնաբերել թուրքական գեն»,- ասաց Եպիսկոպոսյանը: Պետությունը գիտական այս ուսումնասիրությունների համար յուրաքանչյուր աշխատակցի հատկացնում է 30 000 դրամ (81 դոլար) աշխատավարձ: Մնացյալ գումարները Եպիսկոպոսյանը հայթայթում է տարբեր միջազգային դրամաշնորհների միջոցով: Գիտնականները նախատեսել են ևս 200 կամավորներից արյան փորձանմուշ վերցնել: Ցանկացողները կարող են այցելել ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ և զանգահարել +374-9-1428017, +374-10-281626 հեռախոսահամարներով: (www.molbiol.sci.am)
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 13 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.