Հավելյալ ծախս. հանձնաժողովը հաստատում է գազի նոր սակագները` չնայած սոցիալական լարվածության սրման
Սպառողների համար սահմանված բնական գազի նոր սակագինը ընդամենը մի փոքր ցածր է գազ մատակարարող հայ-ռուսական կազմակերպության` «Հայռուսգազարդի» ներկայացրած գնից: Ինչպես հաստատվեց ՀԾԿՀ-ի կողմից, ապրիլի 1-ից «Հայռուսգազարդը» իր մոտ կես միլիոն սպառողներին 1000 խմ գազն արդեն կվաճառի 132 000 դրամով (347 դոլար)` նախկին 96 000 դրամի (252 դոլար) փոխարեն: Խոշոր գազօգտագործողների, ձեռնարկությունների համար գազը կբարձրանա 13%-ով: Սակագների փոփոխության վերաբերյալ հայտը «Հայռուսգազարդը» ներկայացրել էր հունվարի 22-ին (1 խմ դիմաց 136 դրամ), որով առաջարկվում էր գազի սակագինը բարձրացնել 41 տոկոսով, սակայն ՀԾԿՀ-ը իջեցրել է գինը 132 դրամի: Ինչպես պարզաբանում է ՀԾԿ հանձնաժողովը, բնական գազի սակագների բարձրացումը պայմանավորված է մի շարք գործոններով` «Հայաստան ներկրվող բնական գազի գնի շուրջ 17% աճով, ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացմամբ, բնական գազի սպառման ծավալների շուրջ 20% նվազմամբ, «Հայռուսգազարդ» ընկերության կողմից իրականացված ներդրումների փոխհատուցման անհրաժեշտությամբ»: Ըստ տնտեսական կանխատեսումների` առաջիկայում միջինը 15 տոկոսով կբարձրանան էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, լայն սպառման ապրանքների գները: Գազի գնի բարձրացման դեմ, ի թիվս այլ քաղաքական գործիչների, հայտարարությամբ հանդես է եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` համարելով, որ գների բարձրացումը սրելու է սոցիալական լարվածությունը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.