Բանաձևի արձագանքները. Հիլարի Քլիթոնն ասել է, որ պետք չէ ընթացք տալ 252 բանաձևին

Բանաձևի արձագանքները. Հիլարի Քլիթոնն ասել է, որ պետք չէ ընթացք տալ 252 բանաձևին

www.state.gov

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հինգշաբթի Հայոց ցեղասպանության 252 բանաձևի անակնկալ ընդունումից անմիջապես հետո ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ բանաձևին չպետք է ընթացք տալ:

Լատինական Ամերիկայում կատարած շրջագայության ժամանակ Քլինթոնը Կոստա Ռիկայից հայտարարել է, որ Օբամայի վարչակազմն արդեն հստակեցրել է իր մտադրությունները:

«Մենք վստահ չենք, որ ողջ Կոնգրեսը կքվեարկի կամ պետք է քվեարկի այդ բանաձևի օգտին, և մենք հասկացրել ենք դա բոլոր ներգրավված կողմերին»,- ասել է Քլինթոնը:

Հանձնաժողով նիստում քվեարկության նախօրեին Քլինթոնը հորդորել էր հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին` 27-ամյա փորձառու կոնգրեսականին Կալիֆորնիայից, քվեարկության չդնել բանաձևը, ինչպես նախատեսվել էր անցյալ ամիս: Բերմանը (252 բանաձևի համահեղինակ) մերժել է պետքարտուղարի հորդորը և գլխավորել ընդամենը մեկ ձայնի առավելությամբ (23:22) հաստատված քվեարկությունը:

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ կառավարությանն ընդունել, որ 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված շուրջ 1,5 մլն հայերի կոտորածը հավասարազոր է «ցեղասպանության»: Բանաձևի հաստատման գործընթացում հաջորդ քայլը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի`435 կոնգրեսականներին քվեարկելու կոչը կլինի:

Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևին հավանություն է տվել Կոնգրեսի շուրջ 140 անդամ:

Փելոսին ընդհանուր առմամբ բարյացակամ է տրամադրված եղել Ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի տեսակետի նկատմամբ: Սակայն Քլինթոնի գործոնը կար` որպես սենատոր, որն իր գործընկեր և ներկայիս նախագահ Բարաք Օբամայի հետ աջակցում էր ցեղասպանության ճանաչումը: Քվեարկությունից առաջ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, որի ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ նախագահը հավաստիացրել է Գյուլին, որ ինքը չի աջակցում բանաձևի ընդունմանը:

Արդյոք բանաձևը քվեարկության կդրվի՞ Ներկայացուցիչների պալատում` մարտահրավեր նետելով Փելոսիի հավատարմությանը ԱՄՆ վարչակազմին: 2000 թ. ի վեր երեք անգամ էլ, երբ իշխանության գլուխ էին կանգնած թե´ դեմոկրատները, թե´ հանրապետականները, նման բանաձևերը երբեք քվեարկության չեն դրվել պալատում:

Այդուհանդերձ, հանձնաժողովի կողմից բանաձևի այս խորհրդանշական հաստատումն արժանացել է Թուրքիայի քննադատությանը, որը հինգշաբթի անցկացված քվեարկությունից րոպեներ անց (Երևանի ժամանակով գիշերը ժամը 1-ին) հետ է կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին:

Դեսպան Նամիկ Թանի հետ կանչելուն հետևեց Գյուլի կշտամբանքը, ըստ որի` իր երկրին մեղադրում են «մի հանցանքի մեջ, որն այն չի գործել»:

Սակայն Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քվեարկությունն անվանել է «համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության ևս մեկ վկայություն և կարևոր քայլ մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»:
ԱրմենիաՆաուի էջերում