Ամերիկայի հայկական կազմակերպությունները ողջունում են Ներկայացուցիչների պալատի Ցեղասպանության բանաձևի քվեարկությունը

Ամերիկայի հայկական կազմակերպությունները ողջունում են Ներկայացուցիչների պալատի Ցեղասպանության բանաձևի քվեարկությունը


Ամերիկայի հայկական ազդեցիկ կազմակերպությունները ողջունել են Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23:22 հարաբերությամբ հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի նախագծին, որով կոչ է արվում ԱՄՆ կառավարությանը 1915-23 թթ. Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի կոտորածը ճանաչել որպես ցեղասպանություն:

Ըստ Ամերիկայի հայկական համագումարի` քննարկումը հարցականի տակ է դնում Թուրքիայի կառավարության վստահելիությունը, որի` հարաբերությունները կարգավորելու հայտարարությունները հակասում են նրա ժխտողական քաղաքականությանը:

«Այսօր ճշմարտությունը հաղթանակեց, և ցեղասպանության ճանաչման և կանխարգելման ուղղությամբ մեկ առաջընթաց քայլ արվեց: Հայոց ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ առայսօր ունեցած դիրքորոշումը պարզ է, ծավալուն և միանշանակ, որը ճանաչել են նախագահ Ռոնալդ Ռեյգանը և նախագահ Օբաման նախընտրական քարոզարշավի մի շարք հայտարարություններում: Մենք ողջունում ենք նախագահ Հովարդ Բերմանի ղեկավար դերը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են օրինագծի ընդունմանը, որը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը (դեմոկրատ` Կալիֆորնիայից), Ջորջ Ռադանովիչը (հանրապետական` Կալիֆորնիայից), Ֆրենք Փալոուն Կրտսերը (դեմոկրատ` Նյու Ջերսիից) և Մարկ Քըրքը (հանրապետական` Իլինոյսից)»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի (www.aaainc.org) գործադիր տնօրեն Բրայան Արդունին մարտի 4-ի քվեարկությունից հետո կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

ԱՄՆ ազդեցիկ հայկական կազմակերպություններից մեկը` Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ԱՆԿԱ` www.anca.org), նույնպես դրվատել է քվեարկության արդյունքները և խոստացել շարունակել հետագա ջանքերը` հասնելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի վերջնական ընդունման:

«Հպարտ ենք, որ հանձնաժողովը կարողացել է հակազդել Թուրքիայի կառավարության վարած Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը»,- PanARMENIAN.Net-ին ասել է ԱՆԿԱ-ի խոսնակ Էլիզաբեթ Ղուլյանը:

Բանաձևը, որով կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ում, սատարում են մի շարք ամերիկյան հայկական կազմակերպություններ, այդ թվում` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Վարդանանց ասպետները», Համաշխարհային հայկական կոնգրեսը և մեկ տասնյակից ավելի այլ կազմակերպություններ:
ԱրմենիաՆաուի էջերում