Հայ վերլուծաբանների կարծիքը հայկական բանաձևի մասին. առաջին քայլն արված է

Հայ վերլուծաբանների կարծիքը հայկական բանաձևի մասին. առաջին քայլն արված է

Ֆոտոլուր

Հայ քաղաքական վերլուծաբանների կարծիքով` երեկ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանն արժանացած Հայոց ցեղասպանության բանաձևը դեռ մեծ ցնծության առիթ չպետք է դառնա, քանի որ դա ԱՄՆ կողմից ցեղասպանությունը ճանաչելու երկար ճանապարհի միայն առաջինն է և հայտնի էլ չէ, թե արդյոք այն կդրվի´ Կոնգրեսի լիագումար նիստի քվեարկությանը:

«Հայաստանը կարող է ցնծության նոտաներ ունենալ այն դեպքում, երբ Նենսի Փելոսին բանաձևը դնի Կոնգրեսի ընդհանուր քվեարկության, և այն հավանության արժանանա: Մենք ընդամենը ամենահեշտ փուլն ենք հաղթահարել»,- ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Չնայած դրան Շաքարյանի կարծիքով`252 բանաձևը ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ բավական էական ճնշման լծակ է:

«Թուրքիան հասկացավ, որ ԱՄՆ-ը լուրջ է տրամադրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, քանի որ դրանց կարգավորումը մեծապես շահեկան է ԱՄՆ արտաքին ռազմավարության և քաղաքականության համար: Անկարայի նման կամակոր դիրքորոշումը բավական բարդ իրավիճակ է ստեղծում ԱՄՆ-ի համար»,- կարծում է Շաքարյանը:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումը կապում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետագա ճակատագրի հետ:

«Եթե Թուրքիան սրանից հետո էլ շարունակի արգելակել արձանագրությունների վավերացումը, ինչի՞ է պատրաստ ԱՄՆ-ը` Թուրքիային ճնշելու համար: Մի բան ակնհայտ է. այն ճնշումը, որ ԱՄՆ-ը ներկայումս գործադրում է Թուրքիայի վրա, դեռ բավարար չէ, որ Թուրքիան արձանագրությունները վավերացնի»,- ասում է Իսկանդարյանը, ով մինչև ապրիլի վերջը Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման շատ փոքր հավանականություն է տեսնում:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն էլ կարծում է, որ բանաձևը Թուրքիայի համար բավական խթան կհանդիսանա, որ այն արագ վավերացնի արձանագրությունները:

«Եթե Թուրքիան կամենում է խուսափել Կոնգրեսի լիագումար նիստում քվեարկությունից, ապա պետք է վավերացնի արձանագրությունները»,- կարծում է Հարությունյանը:

Հայ քաղաքական վերլուծաբանների կարծիքով`252 բանաձևը չի կարող ազդել ՀՀ ԱԺ-ի կողմից արձանագրությունների վավերացման վրա: Նրանք կարծում են, որ Հայաստանը պետք է արձանագրությունները վավերացնի միայն Թուրքիայից հետո, որպեսզի չստացվի այնպես, թե Հայաստանը միշտ զիջումների է գնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի կարծիքով` բանաձևի օգտին քվեարկողների ձայների աննշան առավելությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում այրել կամուրջները և խզել Թուրքիայի հետ հարաբերությունները:

Որպես հինգշաբթի տեղի ունեցած քվեարկության «առանձնահատկություն»` Մայիլյանը նշեց ամերիկյան վարչակազմի թույլ ճնշումը Կոնգրեսի վրա, քանի որ Կոնգրեսին բանաձևի քննարկումից հետ պահելու`պետդեպարտամենտի դիրքորոշումը հրապարակվեց միայն քվեարկության օրը:

Փորձագետը չի սպասում ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն ԼՂՀ կարգավորման հարցում, քանի որ կարծում է, որ պաշտոնական Վաշինգտոնը հավատարիմ է մնալու իր բազմիցս բարձրաձայնած դիրքորոշմանը, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարբեր գործընթացներ են:
ԱրմենիաՆաուի էջերում