Վերամիավորման կոչ. PFA զեկույցը ոչ միայն քննադատում, այլև համահայկական հարաբերությունների բարելավման հույս է հայտնում

Վերամիավորման կոչ. PFA զեկույցը ոչ միայն քննադատում, այլև համահայկական հարաբերությունների բարելավման հույս է հայտնում


«Քաղաքական ֆորում-Հայաստան» միջազգային կազմակերպությունը, որում ներգրավված են 10 երկրներից տնտեսագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, իրավագետներ և այլք, վերջերս հրապարակել է զեկույց, որով կոչ է անում Հայաստանին և սփյուռքին` փորձել վերականգնել համընդհանուր փիլիսոփայական հենքը, որը խարխլվել է 2008 թ. քաղաքական/քաղաքացիական ընդվզման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանավեճերի պատճառով:

Ցավոք, ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դրամատիկ քվեարկությունը ստվեր գցեց այս զեկույցի վրա: PFA-ի զեկույցն ընդգրկում է խոր, տեսական դիտարկումներ և հանգում եզրակացությունների` առաջարկելով լուծումներ, որոնք պետք է ճիշտ ժամանակին կիրառվեն, քանի որ Հայաստանը կանգնած է այնպիսի մարտահրավերների առջև, որոնք պահանջում են միասնական պատասխան:

Կոշտ քննադատության ենթարկելով որդեգրած քաղաքականությունը, ռազմավարությունը ու անտարբերությունը, որոնք հանգեցրել են այս լարված և խորթացած հարաբերություններին` «Հայաստան-սփյուռք հարաբերություններ. անկախությունից 20 տարի անց» զեկույցը նաև առաջարկներ է ներկայացնում` աճող դժգոհությունը մեղմելու:

«Հայաստանում անկախությունից ի վեր մեկը մյուսին հաջորդող վարչակարգերն շարունակաբար զրկել են ազգին իր հաղթանակների` մերօրյա անօրինակ սխրանքներիև հաստատակամության օրինակների, հսկայական հաջողության պտուղները վայելելուց,- խիստ քննադատորեն ասվում է զեկույցում: Այն, ինչ կարող էր ուժ տալ և «նոր պատմության» հիմք հանդիսանալ, վերածվել է լուրջ խոչընդոտի:

«Սփյուռքը կարծես դեմ չէր դրան. «հին պատմությունը» դեռևս չափազանց թարմ էր նրանց սրտում և մտքում և նրանք չէին պատրաստվում թույլ տալ, որ դա փոխարինվեր մեկ այլ բանով: Հայաստանի քաղաքական գործիչները և մեծ մասամբ ոչինչ չկասկածող, բայց, փաստորեն, մեղսակից սփյուռքը ըստ էության թույլ տվեցին, որ կորի այն հնարավորությունը, որ ազգին ընձեռեցին նրա նվիրյալ լեոնիդները, մոնթեները, շահենները, թաթուլները և բազում այլք, որոնց հիշողության մեջ դեռևս թարմ են Ղարաբաղյան պատերազմի վերքերը և դրան հաջորդած կարճ, բայց էպիկական վերակառուցման հիշողությունները:

PFA հիմնադիր անդամ Դավիթ Գրիգորյանը (Վաշինգտոն) «ԱրմենիաՆաուին» ասաց , որ զեկույցի (և երկու շաբաթ առաջ հետազոտական կենտրոնին առնչվող ֆորումի) խթան են հանդիսացել առկա տարաձայնությունների, որոնք կա´մ ավելի կխորացնեն պառակտվածությունը, կա´մ էլ, եթե դրանց դիմակայել, կարող են վերածվել հարաճուն դրական միտումների:

«Այսօր սփյուռքը խիստ մասնատված է: Ավանդական կուսակցությունների և կազմակերպությունների դիրքորոշումները չափազանց տարբեր են` ակնկալելու որևէ խելամիտ համագործակցություն նրանց միջև, նույնիսկ խիստ կարևոր թեմաների շուրջ,- ասում է Գրիգորյանը: - Հայաստանի նկատմամբ նրանց դիրքորոշումը վերջին տարիներին հիմնված է եղել հնացած գաղափարների և հասկացությունների վրա և չի արժանացել Հայաստանի քաղաքացիների հավանությանը` առաջացնելով նրանց քամահրանքը: Սակայն, հաշվի առնելով զարգացման և ազգային անվտանգության ճակատներում ազգի առջև ծառացած մարտահրավերները, համագործակցելու գինն ավելի բարձր է, քան մինչ այժմ: Սա է պատճառը, որ PFA-ի զեկույցը կենտրոնանում է համատեղ ջանքեր գործադրելու գաղափարի և մեխանիզմների վրա` որպես առաջ շարժվելու իր հիմնական հանձնարարականների մաս»:

Առաջ շարժվելը զեկույցի (48 էջ) 5 գլուխներից մեկի թեման է, որում PFA-ն եզրակացնում է.

«Չնայած Հայաստանի քաղաքական գործիչների հաճախադեպ հայտարարություններին` օգտագործելու սփյուռքի ներուժը, սակայն դրանք մնացին «ձայն բարբառոյ», և սփյուռքը մեծ մասամբ ի զորու չի եղել արդյունավետ օժանդակելու Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացմանը…:

Մոտ 20 տարվա համակողմանի աջակցությունը ընդհանուր առմամբ Երևանում չի դարձել ինքնաբավ զարգացման և առաջադիմական ռազմավարության մշակման հիմք:

Գլոբալացման և անդրազգայնության դարաշրջանում, երբ ֆիզիկական սահմաններն այնքան էլ կարևոր չեն, և համացանցերը դառնում են նույնքան կարևոր, որքան տնտեսական զարգացման և ազգային անվտանգության որևէ այլ բաղադրիչ, աշխարհասփյուռ հայությունն ակնհայտ առավելություն ունի:

Որոշակի նորարարական մտածելակերպի պարագայում խոչընդոտող հանգամանքները կարող են վերածվել առավելության, իսկ ազգը կրկին կլինի այնքան համախմբված, որքան ցանկանում է….»:

Զեկույցը PDF ձևաչափով կարդալու և վերջին ֆորումի տեսագրությունը դիտելու համար այցելե´ք www.pf-armenia.org. Իսկ PDF ձևաչափով զեկույցի համար սեղմե´ք այստեղ:
ԱրմենիաՆաուի էջերում