Բրիտանացի փորձագետը. ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե «սառեցված» է, այլ «ննջած» պատերազմի հեռանկարի պատճառով
Դե Վաալի կարծիքով՝ Ղարաբաղում տևական խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործընթացը կարողանա հենվել բոլոր չորս ոտքերի վրա: «Սառեցված հակամարտությունը Կիպրոսում է, որտեղ կողմերը համաձայնության չեն գալիս, սակայն չեն վերադառնում պատերազմական գործողություններին, իսկ Ղարաբաղում երկարաժամկետ հեռանկարում պատերազմի վտանգը, դժբախտաբար, կա»,- ասում է «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի հեղինակ դե Վաալը, որը երեքշաբթի Երևանում որպես հյուր ելույթ ունեցավ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած կոնֆերանսի ժամանակ: Ըստ դե Վաալի` Հայաստանում հիմնվում են այն փաստի վրա, որ Ադրբեջանը «հիմար քայլ չի անի»` պատերազմ չի սկսի: «Բայց Ադրբեջանը չի կարող երկար հանդուրժել այս ստատուս քվոն և վաղ թե ուշ փորձելու է, հուսանք, որ հիմար քայլ չի անի, բայց կփորձեն ինչ-որ բան [անել] այն տարածքները, որոնք հայաբնակ չեն եղել, վերադարձնելու համար»,- ասում է նա: Դե Վաալը Հայաստան էր հրավիրվել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից` մասնակցելու կոնֆերանսին: «Սև այգի» գրքի հեղինակը, որը տարիներ շարունակ ուսումնասիրել է տարբեր հակամարտություններ, ղարաբաղյան հակամարտության մասին իր գիրքը հրատարակել է 2003 թ. (անգլերեն, ռուսերեն և հայերեն): Ըստ գրքի հեղինակի` այդ «գիրքն առաջին քայլն է մի դաշտում, որտեղ դեռ քիչ են երկու կողմերի տեսակետները հավասարապես ներկայացնող տպագիր աղբյուրները», թերևս հենց այս սկզբունքի համար է, որ նրան քննադատում են թե´ Ադրբեջանում և թե´ Հայաստանում: Երկու ժամ տևած քննարկման ընթացքում դե Վաալը ներկայացրեց իր կարծիքը հակամարտության լուծման հնարավոր տարբերակների մասին` նշելով, որ այսօր Ադրբեջանն ավելի դրականորեն է տրամադրված որոշ հարցերի նկատմամբ, քան տարիներ առաջ. եթե նախկինում մերժվում էր ցանկացած փաստաթուղթ, ապա այսօր որոշակի դրական արձագանք կա նրանց կողմից`միջազգային միջնորդների կողմից նոր խմբագրված Մադրիդյան սկզբունքների նկատմամբ: Դե Վաալը կարծում է, սակայն, որ, ի վերջո, բանակցային գործընթացը փակուղի է մտնում, երբ հարցը հասնում է Ղարաբաղի կարգավիճակին, և սրանից ելնելով, նա ենթադրում է, որ եթե Ադրբեջանը դրական է արձագանքել, ապա Մինսկի խմբի նոր խմբագրած փաստաթուղթը պետք է որ հենց այս կետը թուլացրած լինի: «Ինչպես միշտ, շրջանագծով պտտվում ենք ու հասնում Ղարաբաղի կարգավիճակի հիմնախնդրին: Ես չեմ կարծում, որ նրանք իրենց դիրքորոշումն այդ հարցում փոխել են: Ուստի հնարավոր է, որ փաստաթուղթը մի քիչ ավելի երկիմաստ է, քան նախկինում, և դա է նրանց դուր գալիս»,- ասում է նա` հավելելով. «Բանակցությունների ծրագիրը գրավիչ է նրանով, որ միջանկյալ կարգավիճակի հարց է դնում: Կարող եք ստանալ կարգավիճակ, և Ղարաբաղը դեպի աշխարհ մուտք կունենա, բայց ոչ լիարժեք անկախություն»,- կարծում է դե Վաալը: Վերլուծելով ղարաբաղյան հակամարտությունը` նա խաղաղության կայունությունը համեմատում է աթոռի հետ, որը կարող է ամուր ու կայուն լինել, եթե ունի չորս ոտք: «Խաղաղության գործընթացն այս պահին ընդամենը երկու ոտք ունի. բանակցություններ հիմնարար սկզբունքների փաստաթղթի շուրջ, և երկրորդ` շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանում: Ընդ որում` երկրորդ ոտքը բավական երերուն է և միայն կողմերի բարի կամքով է պահպանվում»,-պարզաբանում է դե Վաալը: Սեղանի բացակայող երրորդ ոտքը, ըստ փորձագետի, հետհակամարտային պլանավորումն է, այնպես, ինչպես տեղի ունեցավ ամբողջ Բալկանյան թերակղզում` ականազերծում, վերակառուցում, տնտեսական ծրագրեր, խաղաղապահություն: Ըստ դե Վաալի` չորրորդ ոտքը հակամարտող քաղաքացիական հասարակության շփումներն են: Այս առումով նա որոշակի փոփոխություն է նկատել Ադրբեջանում, որտեղից վերջերս է վերադարձել: «Ադրբեջանում սկսել են ավելի լուրջ վերաբերվել ժողովուրդների շփումներին, ես գիտեմ, որ Հայաստանում հասարակությունն ավելի բաց է: Նման քննարկումը Ադրբեջանում չափազանց թեժ մթնոլորտում կանցներ, և դա հասկանալի է, չէ՞ որ նրանք պարտված են ու վիրավորված»,- «ԱրմենիաՆաուին» ասում է դե Վաալը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.