Վաղեմի թշնամանք. Հայաստանի եզդիներն ու քրդերը վատ հարաբերությունների մեջ են ինքնության հարցերի պատճառով
Եզդիներն ընդդեմ քրդերի Հայաստանում ապրող 40 000 եզդիներն ու մոտ 1500 քրդերը կռիվ են սկսել միմյանց դեմ. քրդերը պնդում են, թե իրենք նույն ազգն են, միայն իրենց կրոնն է տարբեր, ինչից եզդիները «խիստ վիրավորվել են» ու դիմել դատարան «եզդիների արժանապատվությունը վիրավորելու համար»: Եզդիներն էլ իրենց հերթին պնդում են, թե Հայաստանում իրականում ոչ մի քուրդ չի մնացել, բոլորը 1988 թ. Ղարաբաղյան շարժման ժամանակ 150 000 ադրբեջանցիների հետ գաղթել են: «Իսկ այն քրդերը, որոնք իրենց քուրդ են անվանում, իրականում քրդացած եզդի են»,- ասում է Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը` ենթադրելով, որ այս ամբողջ մրցակցությունն ընդամենը համայնքում ղեկավար դիրք ունենալու համար է: «Ձեր (հայերի) մեջ էլ կան աղանդներ, մեկը հիմա Եհովայի վկա է կամ ուրիշ մի բան, նույնն էլ էս դեպքում է, ուղղակի որոշ մարդիկ ուզում են իրենք նախագահ լինեն, իրենք թերթ ունենան, լրիվ փողի ու աթոռի կռիվ ա»,- ասում է Եզդիների միության նախագահը: Մինչդեռ Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչ Ալիխանե Մամեն էլ իր հերթին համոզված է, որ «եզդի ազգ չկա, իրականում բոլորը քուրդ են»: «Քուրդ է նաև Ազիզ Թամոյանը. մինչև 1989 թվականն նա ի՞նչ էր»,- ասում է նա: Քրդական թերթի գլխավոր խմբագիր Մամեն պարզաբանում է, որ 1989 թ. անցկացված պաշտոնական մարդահամարի տվյալներով` Հայաստանում բնակվել է 42 հազար քուրդ, իսկ արդեն 2001 թ. տվյալներով` այդ 42 հազարը վերանվանվել են եզդի, և գրանցվել է միայն 1500 քուրդ: «2001 թ. երևի նույն այդ քրդերը մարդահամարն անցկացնողներին արդեն ներկայացել են իբրև եզդի: Կամ էլ, չգիտեմ, գուցե որոշ բաներ կեղծվել են»,- ասում է Մամեն`հավելելով, որ իրեն էլ 2001 թ. մարդահամարի ժամանակ ազգության դիմաց մատիտով գրել են «քուրդ», հետո այն դարձրել են «եզդի», ինչը հետագայում ինքը նորից «ջնջել ու տեղը գրել է «քուրդ»»: Ինքնության հարցը եզդի Թամոյանի և, ինչպես ինքն է ասում, աշխարհի մոտ 2 մլն եզդիների համար չափազանց կարևոր է: «Ու եզդիին քուրդ անվանելը նույնքան վիրավորական է, որքան հային` թուրք»,- ասում է նա: «Մենք հիմքից սկսած մինչև արմատները տարբեր ենք. մենք արևապաշտ ենք, նրանք` մահմեդական, մեր ազգային տոները, մեր սովորույթները տարբեր են, նույնիսկ իրար հետ ամուսնանալու իրավունք չունենք, մեզ էլ հայերի նման (1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում) քրդերը կոտորել են, հիմա էլ են կոտորում»,- ասում է Թամոյանը: Հայաստանում եզդիական համայնքի տվյալներով` անցյալ տարի Իրաքի հյուսիսային մասում` Եզդստան կոչվող տարածքում, քրդերը վառել են երկու եզդիաբնակ գյուղ` սպանելով մոտ 1000 բնակիչ: Թամոյանը հայերին նախազգուշացնում է զգոն լինել քրդերից և քրդացած եզդիներից, քանի որ նրանք սպասարկում են քրդական շահերը ու վտանգավոր են: Եզդիների միության անդամները պնդում են, թե քրդերը մեծ ախորժակ ունեն. «Եթե նրանց լսես, Հայաստանի կեսն իրենց հողերն է, Արևմտյան Հայաստանն էլ, իսկ Ղարաբաղն էլ եղել է իրենց Կարմիր (կամ Սովետական) Քրդստանը, և նրանց հեռահար նպատակներից է վերադարձնել այդ հողերը»: Սակայն Հայաստանում ապրող քրդերը հերքում են նմանօրինակ մեղադրանքները: Ազգային փոքրամասնությունները տարակարծիք են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, մասնավորապես` սահմանի բացման հարցի վերաբերյալ. քրդերը ողջունում են, մինչդեռ եզդիները կտրականապես դեմ են: «Եթե սահմանը բացվի, Թուրքիայում ապրող 20 մլն քրդերի կեսը կլցվի Հայաստան, դուք պատկերացնում եք` ի´նչ կլինի, էս մի բուռ ազգին կխեղդեն»,- կանխատեսում է եզդի Թամոյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.